Երեկ, երբ ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին հարցրեցինք՝ պաշտոնապես կհաստատի՞ տեղեկությունը, որ Հովիկ Աբրահամյանն է առաջադրվելու վարչապետի պաշտոնում, նա պատասխանեց. «Ինքներդ էլ նշեցիք, որ դա ոչ պաշտոնապես է, խորը հարգանք ունենալով պարոն Աբրահամյանի հանդեպ, այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ մեր քաղաքական խորհրդում որեւէ բան որոշված չէ, գործադիրում՝ առավել եւս, ընդամենը կարող եմ ասել, որ այս պահին դրանք մամուլում շրջանառվող որոշումներն են։ Նախագահ Սերժ Սարգսյանը եթե որոշում կկայացնի եւ այն կներկայացնի քաղաքական խորհրդին, այն ժամանակ հստակ պարզ կլինի, թե ով կլինի հաջորդ վարչապետը»։
Երբ Գալուստ Սահակյանի հայտարարությունը, որ Աբրահամյանի թեկնածությունն ընդունելի է բոլորի համար, նա արձագանքեց. «Ես կարծում եմ, որ ընդամենը Գալուստ Սահակյանն ԱԺ-ում տիրող մթնոլորտն է արձանագրել, չեմ կարծում, որ վերջնական որոշման մասին է ասել»։
Ազգային համաձայնության կառավարություն ձեւավորվելո՞ւ է, թե՝ ոչ՝ հարցին Սահակյանը պատասխանեց. «Ազգային համաձայնություն ասվածը, իմ կարծիքով, ավելի շատ լինելու է ծրագրային առումով, ծրագրային դրույթների շուրջ, որը շատ ավելի կարեւոր է, շատ ավելի առարկայական է երկրի ապագայի համար, քան, ենթադրենք, կոալիցիոն սկզբունքով ձեւավորված որոշակի կառավարություն, որը կարող է միգուցե նաեւ հետագայում ունենալ իր ծրագրային, ենթադրենք, հակասությունները։ Այդ իսկ պատճառով, շատ կարեւոր է, որպեսզի ազգային համագործակցությունը լինի ծրագրային, ազգային գաղափարախոսության հարցերի շուրջ»։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում