Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարդկային կորստի ցավը. հրադադար

Ապրիլ 08,2014 13:52

«Շատ աշխատասեր էր, էն դժվար տարիներին ինքն էր մեզ պահում»
«Շատ էր սիրում Հայաստանը: Քեռին կանչում էր Ռուսաստան, բայց չէր ուզում գնալ, ասում էր՝ որ գնամ, կարա՞մ դիմանամ: Ես էլ ասում էի՝ ոչի՛նչ, կգնաս, կաշխատես, կգաս, կամուսնանաս»,- պատմում է Լեւոն Մալխասյանի մայրը՝ Գոհարը:

Levoni-mayry_Gohar_2

Լեւոնի մայրը:

Բոլոր հարազատները գիտեին, որ զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Լեւոնը պատրաստվում էր ամուսնանալ:

Լեւոն Մալխասյանը ծնվել է 1981թ. մայիսի 19-ին, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում: Ընտանիքում երկու երեխա էին՝ ինքը եւ կրտսեր քույրը: Լեւոնի ծնողները որդու ծնվելուց ամիսներ առաջ էին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից տեղափոխվել Ոսկեհատ:
«Մարտունին շատ էր սիրում, ասում էր՝ եկե՛ք գնանք էնտեղ ապրենք, մեր բոլոր հարազատներն էնտեղ են: Տատիկ-պապիկներին շատ էր սիրում, շատ կապված էր նրանց հետ»,- ասում է Լեւոնի մայրն ու հիշում, որ որդին, դեռ փոքր տարիքից, օգնում էր հարազատներին:

«Շատ աշխատասեր էր: Էն դժվար տարիներին երեխես պղինձ, ալյումին էր քանդում, հավաքում, տանում ծախում էր, էդ փողով հաց էր առնում, հոր համար ծխախոտ էր առնում: Տասը տարեկան էր, բայց մեզ ինքն էր պահում: Պատերազմի դժվար տարիներին, երբ հաց դժվար էր առնել, Լեւոնս գնում էր փուռ, ամբողջ գիշեր պատի տակ քնում էր, որ մի հատ հաց կարողանար առնել-բերել»,- արցունքները սրբելով՝ հիշում է Գոհարը:
Համագյուղացիները հիշում են, որ Լեւոնը օգնում էր բոլորին՝ մեկին ջուր կրելիս, մյուսին՝ շինարարության մեջ: «Հարեւաններից մեկը հիշում է, որ Լեւոնը 10-12 տարեկան էր, դույլերով ցեմենտ-բետոն էր լցնում-կրում, օգնում էր իրեն: Հարեւանն ասում էր՝ մի՛ արա, բայց ինքն ասում էր՝ մենակ ես, ո՞նց չօգնեմ քեզ: Շատ հասնող երեխա էր»,- պատմում է Լեւոնի մայրը: Ծնողները հիշում են, թե ինչպես էր ձմռանը Լեւոնը մի հորաքրոջ տանից, բոլորից գաղտնի, փայտ տանում մյուս հորաքրոջ տուն, որ վառարանը վառեն, տաքանան:
«Մի օր էլ փայտը պահել էր շորերի մեջ, որ չտեսնենք: Հարցրեցի՝ էդ ի՞նչ ա, ասեց՝ ոչ մի բան, մեկ էլ փետն ընկավ շորերի տակից: Լեւոնս ասեց՝ մա՛մ, բա խեղճ են, մրսում են, տանեմ, որ տաքանան: Մեզնից թաքուն օգնում էր հորքուրին, ձմռանը կոմպոտ էր տանում, մուրաբա, – ասում է մայրն ու ավելացնում,- շատ խղճով երեխա էր, որ ասում էի՝ Լեւո՛ն ջան, ընկերներդ քեֆի են գնում, դո՛ւ էլ գնա, ասում էր՝ մա՛մ, էդքան փող ես տամ, գնամ մենակս ուտե՞մ, բա դո՞ւք»:

Levoni-hayry_Gagik_1

Լեւոնի հայրը:

Լեւոնը սովորել է Ոսկեհատի միջնակարգ դպրոցում: Հայրը հիշում է, որ Լեւոնը շատ կարգապահ աշակերտ է եղել, եւ ընդամենը մեկ անգամ են իրեն դպրոց կանչել:
«Էն ժամանակ անասուն էինք պահում, հող ունեինք, ինքն էլ սիրում էր մշակել, ինձ օգնել, էդքան սեր չուներ սովորելու հետ, բայց խելոք էր դպրոցում: Շատ ուժեղ էր մաթեմատիկայից: Մենակ մի անգամ տղաները դասասենյակի դուռն էին ջարդել ու ամբողջ դասարանի տղաների ծնողներին կանչեցին դպրոց: Գնացինք, սարքեցինք դուռը: Էդ ա եղել իրա չարությունը»,- պատմում է հայրը:

Գոհարն ասում է, որ Լեւոնը շատ ակտիվ ու ճկուն երեխա էր՝ «կապիկի նման էս ծառից էն ծառն էր թռնում»:

«Մի անգամ լողավազանի մեջ էր ընկել, գլուխը բացվել էր: Մի կերպ տարանք հասցրեցինք հիվանդանոց, փրկեցինք: Մի անգամ էլ բարձրացել էր ծառն ու ընկել: Հարեւանիս տղեն պատմեց, որ կապտել էր, շունչը կտրվում էր, ջուր էին լցրել՝ մի կերպ ուշքի բերել, բայց հենց աչքերը բացել էր, ասել էր՝ հանկարծ մամայիս չասեք, որ ընկել եմ, -կարոտով հիշում է Գոհարն ու ավելացնում, որ Լեւոնը երբեք իրենց նեղություն չի տվել,- նույնիսկ ցամաք հացով կարող էր բավարարվել»:

1999թ. մայիսին Լեւոնն անցնում է զինվորական ծառայության: Զորամասից նա վերջին անգամ տուն է զանգահարել 2000թ. հոկտեմբերի 26-ին՝ դիրքեր բարձրանալուց առաջ:
«Զանգեց, ասեցի՝ Լեւո՛ն ջան, քեռի ես դարձել, ուրախությունից ղժժաց ու հեռախոսն անջատեց: Մի կես ժամ հետո էլի զանգեց, ասեց՝ մա՛մ ջան, չհասցրի հարցնեմ՝ տղա՞ է, թե՞ աղջիկ: Ասեցի՝ տղա է: Շատ ուրախացավ ու ասեց՝ մա՛մ ջան, վաղը բարձրանում եմ դիրքեր»,- պատմում է Գոհարը:

Գագիկն ասում է, որ որդին շատ ընկերներ ուներ, եւ նրա ընկերները մինչ այսօր այցելում են նրա գերեզմանին, իսկ նրա զոհվելու վայրում աղոթատեղի են սարքել:
«Շատ դաժան բան ա, թշնամին, որ թշնամի ա, թող էդ ցավը չտենա»,- հուզված ասում է որդեկորույս մայրը:

Լեւոն Մալխասյանը զոհվել է 2000թ. նոյեմբերի 5-ին, ադրբեջանական կողմի դիպուկահարի գնդակից: Նա 19 տարեկան էր:

«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:
Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք զանգահարել 098804800:

Ակնարկը պատրաստվել է բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։
Տվյալների հավաքագրմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930