Սերժ Սարգսյանը, Կենտրոնական բանկում խոսելով ապագա կառավարության մասին, ասել էր. «Նոր կառավարության մասին, իհարկե, ես դեռ կխոսեմ։ Բայց կարծում եմ, որ նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների եւ իր գործունեության նկատմամբ։ Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել»։
Այս նկարագրի մեջ է, ահա, որ Հովիկ Աբրահամյան վարչապետը չի տեղավորվում, թե չէ եթե այլ պարամետրերով վերցնենք, եւ հաշվի առնենք, որ խորհրդարանական մեծամասնությունն է առաջադրում վարչապետի թեկնածուին, Հովիկ Աբրահամյանը կդառնա ամենահավանական թեկնածու։ Իսկ ահա իշխանության նկատմամբ անվստահությունը մեղմելու իմաստով դժվար է Աբրահամյանի մասին որեւէ լավ բան ասել, որովհետեւ նա մարմնավորում է այն բոլոր բացասականը, որ գոյություն ունի Հայաստանի իշխանության վերնախավում։
Ներքաղաքական առումով, չնայած, Աբրահամյանը կարող է ամենաձեռնտուն լինել Սերժ Սարգսյանին։ Նա հսկայական ազդեցություն ունի ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի վրա, նրա վարչապետության պարագայում ՀՀԿ-ի ճաքեր տալու մասին խոսակցությունները էլ ավելի անհեթեթ կդառնան, Աբրահամյանը իր ձեռքերում կենտրոնացած կպահի նաեւ օլիգարխիկ համակարգը եւ այսպիսով՝ իշխանական բուրգը կզգաստանա, կձգվի՝ սրանից բխող հետեւանքներով։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում