Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնացած» դրույթներ

Ապրիլ 08,2014 13:45

2011թ. օգոստոսի 9-ին իշխանական կոալիցիայի հետ երկխոսության շրջանակներում ՀԱԿ-ի պատվիրակությունը ներկայացրել է «Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության հիմնավորում» 85 էջանոց փաստաթուղթը: Այստեղ խոսվում է 2008 թվականի կեղծված ընտրությունների, մարտի 1-ի սպանդի, դրան հետեւած աննախադեպ հալածանքների եւ բազմաթիվ այլ բացասական երեւույթների մասին: Սակայն այդ փաստաթղթի որոշ դրույթներ, կարծես թե, հնացել են:
Այսպես, «Խորհրդարանի ոչ լեգիտիմությունը» բաժնում հիմնավորվում է, թե ինչու պիտի անցկացվեն նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններ: Մասնավորապես, նշվում են 76 պատգամավորների անունները, որոնք Սահմանադրության 65-րդ հոդվածի խախտումով՝ զուգահեռաբար զբաղվում են գործարար գործունեությամբ: Նշված 76 պատգամավորներից 22-ը ԲՀԿ-ից են, 5-ը՝ ՀՅԴ-ից: Նրանցից շատերը շարունակում են պատգամավոր մնալ նաեւ այս գումարման Ազգային ժողովում, հիշյալ խմբակցություններում ավելացել են նաեւ այլ գործարարներ: Սակայն նրանք, ըստ երեւույթին, այլեւս Սահմանադրությունը չեն խախտում եւ գործարարությամբ չեն զբաղվում:

Հետեւաբար մասամբ «ուժը կորցրած» կարելի է համարել հետեւյալ գնահատականները. «քաղաքական գործունեության եւ ձեռնարկատիրության ակնհայտ եւ ընդգրկուն սերտաճման հետեւանքով Ազգային ժողովը», մասնավորապես, «վերածվել է անհատ օլիգարխների, խոշոր բիզնեսի, տնտեսական կլանների ու մոնոպոլիստների շահերի սպասարկմանը ծառայող կառույցի», «հաշվի առնելով բիզնեսի խիստ վերահսկողությունն ու կախվածությունը գործող իշխանություններից՝ զրկվել է իր բացառապես քաղաքական եւ օրենսդիր բովանդակությունից ու գործադիր իշխանությանը հակակշռելու հնարավորությունից, դարձել է կառավարության կցորդ եւ նրա օրենսդրական նախաձեռնությունների դակիչ»: Կամ գուցե իշխանություններն այնքան դեմոկրատ են դարձել, որ թուլացրել են «բիզնեսի խիստ վերահսկողությունն ու կախվածությունը»:
«Կոռուպցիա եւ պետական կառավարման ձախողում» կետում անդրադարձ կա ՀՀ երկրորդ նախագահին. «Միայն վերջինիս (Ռոբերտ Քոչարյանի- Ա. Ա.)՝ իր պաշտոնավարման շրջանի համար արձանագրված 4 միլիարդ դոլարի կարողության կուտակումը մի կողմից՝ ցուցադրում է կատարված պետական ռեկետի մասշտաբը, մյուս կողմից՝ հասկանալի դարձնում, թե ինչ մեխանիզմով է ազգային հարստության կեսը կարճ ժամանակում հայտնվել ընդամենը չորս տասնյակ ընտանիքի ձեռքում»: Հետագա երկուսուկես տարիների ընթացքում, հավանաբար, պարզվել է, որ 4 միլիարդ դոլարի մասին պնդումները ասեկոսեների շարքից են, կամ էլ ՀՀ երկրորդ նախագահը ապաշխարել է «կատարված պետական ռեկետի մասշտաբի» առիթով եւ այդ 4 միլիարդը փոխանցել է մանկատներին: Իսկ «չորս տասնյակ ընտանիքը» դարձել է, ասենք, երեք տասնյակ:
Իրականում, իհարկե, «հիմնավորման» մեջ նշված գրեթե բոլոր պնդումները ճիշտ են: Միայն թե այդ հիմնավորումներով պետք կլինի արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնել ամեն օր:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Armen says:

    Իմ կարծիքով, հաջորդ վարչապետը ՀՀ կլինի Արթուր Բաղդասարյանը, չնայած շատ հարմար թեկնածու կլիներ

  2. Avag says:

    Իսկ չե՞ք կարծում,որ այս՝պարզունակ մեծամասնության մեթոդով իշխանություն ձևավորելու մոդելը ամբողջությամբ սպառել է իրեն և հենց դրանից են և մեր և մյուս երկրների բոլոր քաղաքական խնդիրները։ Այսինքն մեծամասնությունը ձևավորում է իշխանություն,եթե մի քիչ առաջ անցնի կազմակերպում է տարբեր հանրաքվեներ և ձևավորում բարքեր,իսկ եթե մեծամասնությունը մարդակերներ կամ մանկապիղծներ են և հանրաքվեի միջոցով օրինականացնեն մարդակերությունը կամ մանկապղծությունը,փոքրամասնությունը պարտավոր է ենթարվե՞լ։ Անեքսիան էլ չենք ընդունում սուվերեն պետության ներքին գործերին խառնվելը նույնպես ու ի՞նչ ենք անում։

  3. Լավատես says:

    Ամենաարդյունավետ կառավարման համակարգը՝ դա բանակային համակարգն է, իսկ բանակային ծառայությունը պետական ծառայության մաս է կազմում: Վերեւից պետք է նշանակվեն պաշտոնները, վերեւից էլ պետք է հանվեն վատ ծառայելու պատճառով, ոչ թե զինվորները պետք է ընտրեն իրենց հրամանատարին, հետո ընդդիմություն կազմեն ու հանեն: Նմանապես՝ պետական դատարան պետպաշտոնյաների համար, ազգային ժողովի ու կառավարության փոխարեն՝ գլխավոր հրամանատարություն: Նմանապես պետք է պաշտպանվեն քաղաքացիների արդարության եւ տնտեսական իրավունքները: Հետո էլ, երբ այս համակարգը ցույց կտա իր արդյունավետությունը, այն կտարածեի հարեւանների եւ այլ տարածքներում որպես ռազմավարական նպատակ: Բայց առաջին հերթին պետք է պետպաշտոնյա պատրաստող հաստատություններ լինեն, ինչպես բանակում դա կա:

  4. David says:

    Ոչխարների հոտից գայլը հեռու չի լինի, միշտ մի գայլ կգտնվի, որ ոչխարների հաշվին չաղանա:Էն հոտերի կենացը, որ ոչ ոչխար ունեն, ոչ էդքան գայլ: Կերեք իրար, դա ինձ մխիթարում է:Հայ հոշոտող հայ տեսնելիս ցավս մեղմանում է, տրամս բարձրանում:Կերեք , հիմա դիդելու իմ հերթն է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930