Օպերային թատրոնի նոր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում Անդրանիկ Արզումանյանի հաղթանակը օրենքով սահմանված կարգով հանձնաժողովի որոշումն է: Այս մասին NEWS.am-ին ասաց Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով Արզումանյանի մրցակից Գագիկ Մանասյանի հնչեցրած այն կարծիքին, որ Արզումանյանը չի հաղթել մրցույթում, այլ նշանակվել է Արմեն Սմբատյանի ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից:
«Եղել է երկու թեկնածու, որոնցից նախարարը ընտրություն է կատարել։ Թող պարոն Մանասյանը փաստերով ապացուցի իր մեղադրանք, թե չէ ամեն ասեկոսեի հետեւից ընկնել կամ մեկնաբանություններ տալը նախարարության գործը չէ»,- ասաց մշակույթի փոխնախարարը՝ հիշեցնելով, որ օրենքով սահմանված կարգով մրցութային երկու փուլերի արդյունքում հաղթող ճանաչված երկու թեկնածուներից վերջնական հաղթողին որոշելու լիազորությունը տրված էր նախարարին։
Նախարարի որոշման համար, ըստ փոխնախարարի, հիմք է հանդիսացել նաեւ քվեարկության արդյունքը, ըստ որի, Արզումանյանը ստացել է առավելագույն ձայներ։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում