Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքում պոռթկում է. «Ո՞վ է Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը ???»

Ապրիլ 07,2014 22:59

Այսօր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով հանրությանն անհայտ ՌԴ քաղաքացի, արաբագետ Անդրանիկ Արզումանյանը նշանակվել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն: Սոցցանցերում այս առնչությամբ թեժ քննարկումներ եւ հարցադրումներ են, թե ինչացո՞ւ է Անդրանիկ Արզումանյանը, որ դարձրին տնօրեն:

Երբ դեռ տնօրենի անունը հայտնի չէր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մրցույթի վերաբերյալ մի քանի հարց ուղղեց նախարարին, ինչն ակնհայտորեն Հասմիկ Պողոսյանին բարկացրեց:

Aravot.am-ը Շուշան Պետրոսյանից հետաքրքրվեց՝ Դուք կասկածնե՞ր ունեք մրցույթի անցկացման հետ կապված, որ նման հարցեր ուղղեցիք եւ բարկացրեցիք նախարարին: Երգչուհին պատասխանեց. «Ես, որպես պատգամավոր, առավել եւս՝ մշակույթի հանձնաժողովի ներկայացուցիչ, կարծում եմ, որ պիտի իրավասու լինեի իմանալու 9 թեկնածուների ծրագրերը: Դա պիտի վերաբերվեր ինձ, չէ՞: Ես միայն  մեկին եմ ծանոթ, մի ծրագրին: Շատ ուրախ եմ, որ ծանոթ եմ հենց այն մարդու ծրագրին, ում թեկնածությունը ես, օրինակ, կպաշտպանեի»: Խոսքը Բարսեղ Թումանյանի մասին է:

ԱԺ-ում նախարարն ասաց, որ մյուսներն էլ են ծրագիր ներկայացրել: Շուշան Պետրոսյանի խոսքերով՝ «Ախր ես Վանգան չեմ, որ հեռվից զգամ դա: Գրեթե բոլորին ճանաչում եմ, մեկը ներկայացնում է մոդեռն օպերայի տեսլականը, բայց առանց հիմքի ի՞նչ մոդեռն օպերա: Շատ լավ գիտեմ, տեսել եմ աշխարհի տարբեր օպերաներում հրաշալի ներկայացումներ, բայց դրանք հիմք ունեցող օպերաներ են, ստաբիլ աշխատող: Այսինքն, օպերաներ են թե՛ իրենց կարգավիճակով, թե իրենց մշտական հանդիսատեսով, թե՛ որակյալ ներկայացուցիչներով: Այսինքն, հեղհեղուկ բան է մոդեռն օպերայի մասին խոսել՝ չունենալով հիմքը: Մեկի օրինակն այդպիսին էր, մյուսն ընդհանրապես հրաժարվել էր ներկայացնելուց, մինչեւ որ ՊՈԱԿ-ը ինքը կբացի այդ փաթեթը, գաղտնի էր պահում: Ես կարծում եմ, որ այս ձեւն առհասարակ սխալ է: Ո՞նց կարելի է մեզ համար այդքան կարեւոր օպերային տաճարի տնօրեն ընտրել այդ ձեւաչափի մեջ: Մշակույթի բանիմաց մարդիկ իսկապես պետք է իրենց կարծիքը տան: Օրինակ, պետք է «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանի կարծիքը, ինձ շատ հետաքրքիր է: Ինքը երաժիշտ է եւ շատ լավ գիտի ոլորտը, գիտի ինչ է պետք, մտավորական է եւ մշակույթի մարդ»:

Մեր հարցին, թեկնածուների մեջ կա՞ն անարժան մարդիկ, որոնք հարմար չեն այդ պաշտոնին՝ Շուշան Պետրոսյանը պատասխանեց. «Արժանիքների մասին խոսել չեմ կարող, բայց կարող եմ օբյեկտիվորեն դատել մի իրավիճակ, երբ 2 համերգային դահլիճների տնօրեններն են հայտ ներկայացնում, ընդ որում, որեւէ երեւելի բան այդ համերգային դահլիճներից ես չեմ լսել այս 3-4 տարվա ընթացքում՝ նրանց տնօրինության տարիների ընթացքում: Ինձ թվում է, դա շատ հավակնոտություն եւ համարձակություն է նրանց կողմից այդպես միանգամից ներկայացնել իրենց ցանկությունը՝ Օպերայի թատրոնի տնօրեն դառնալու»:

Շուշան Պետրոսյանն ասաց, որ շատ կարեւոր մարդիկ են Բարսեղ Թումանյանին նշում՝ որպես լավ տնօրեն. «Գիտեք, Բարսեղ Թումանյանն իմ ընկերը չի: Ընդամենը ինձ համար ծանոթ է, օպերային ներկայացումներից գիտեմ միայն: Ես կռիվ չեմ տալիս իր համար, որովհետեւ ինքը իմ ընկերն է: Ես օբյեկտիվ մարդ եմ եւ մտածում եմ Օպերայի մասին: Նա մարդ է, որն աշխատել է այդ ձեւաչափի մեջ աշխարհի բոլոր առաջատար օպերաներում՝ «Գրանդ օպերա», Կովենտ գարդեն, Լա Սկալա, Մետրոպոլիտեն, Սիթի օպերա հաուս: Բոլոր այս թատրոններում ներկայացումներ է երգել այս մարդը: Բարսեղ Թումանյանն այսօր անուն է օպերայի երաժշտության պատմության մեջ: Մարդն ինչ-որ բան  ունի ասելու, եթե հայտը ներկայացրել է»:

Նշենք, որ հարցազրույցն արվել է այն ժամանակ, երբ դեռ հաղթողի անունը հայտնի չէր: Մրցույթի արդյունքներով՝ Բարսեղ Թումանյանը նույնիսկ հարցազրույցի փուլ չի անցել:

Շուշան Պետրոսյանը, իմանալով մրցույթի արդյունքները, իր զարմանքն է հայտնել արդեն ֆեյսբուքյան իր էջում՝ «Ո՞վ է Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը ?????????????????????????????????»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Aren says:

    Շուշան ջան, հարգելիս, փաստորեն արդեն Ձեր նյարդերն էլ են տեղի տալիս ներկայիս անարդարությունների՞ց )))))

  2. Spartak says:

    Բա՞, հարգելի Շուշան, որ ժողովուրդը կուրծք է ծեծում՝ անարդա~ր է, անարդա~ր է, կարծում ես սխալվում է:Քո ինքնասիրությունն էլ վիրավորվեց, նոր իմացար, թե ով ով է:ՀՀԿ-ականներ՝ ահա բոլորը:

  3. Աշոտ says:

    Շուշանը իրա` մշակույթի նախարար լինելու ամբիցիաներինա ելք տալիս:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930