Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախագահի աշխատակազմի դրամաշնորհը շահած ՀԿ-ները գոյություն ունե՞ն

Ապրիլ 07,2014 22:12

Օրերս ամփոփվեցին ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի մրցույթի արդյունքները եւ հայտնի դարձան հաղթող կազմակերպությունները: Մենք փորձեցինք համացանցում փնտրել, թե ինչ գործունեություն են ծավալել այս ՀԿ-ները ոլորտում, որ արժանացել են նախագահի աշխատակազմի կողմից դրամաշնորհի:

«Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում» անվանակարգում հաղթող էին ճանաչվել 3 կազմակերպություն՝ «Աշխարհազոր» երիտասարդական ՀԿ, «Գեղարեգ» կրթամշակութային  ՀԿ եւ «Փորձագետ» ռազմական հետազոտությունների կենտրոն ՀԿ:

«Աշխարհազոր» ՀԿ-ի մասին միայն 2 տեղեկատվություն կա: Մեկ՝ որ նախագահի աշխատակազմի այդ դրամաշնորհն է ստացել եւ երկու՝ որ ընդամենը մի քանի օր առաջ՝ մարտի 24-ին երիտասարդներին հրավիրել է «Մարտական պատրաստության ակումբ» նախագծի դասընթացներին: Ընդ որում, այդ ակումբը բացել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ ՊՆ-ի եւ Երիտասարդ առաջնորդների դպրոցի հետ: Ուշագրավ է, որ նախագահի աշխատակազմի այդ դրամաշնորհների մրցույթը կազմակերպվել է հենց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, ուստի «Աշխարհազորի» գործունեության մասին, բացի ՀԵՀ-ի հետ կապից, ուրիշ ոչինչ հնարավոր չեղավ պարզել:

«Փորձագետ» ռազմական հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի մասին նույնպես Google-ը ոչինչ չգիտեր: Spyur.am տեղեկատվական համակարգում նույնպես այս կազմակերպության մասին որեւէ ինֆորմացիա չկա:

«Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների  իրականացում» անվանակարգում հաղթող է ճանաչվել 4 կազմակերպություն, որից մեկը՝ «Բարեկամություն» կրթամշակութային ՀԿ-ի գործունեության կամ առհասարակ գոյության մասին որեւէ տեղեկատվություն համացանցում չկա:

Ծխելուց զերծ ապրելակերպի օգուտների մասին բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացում» անվանակարգում 6 կազմակերպություն է հաղթել:

«Մեհրաբյան»  գիտաուսումնական կենտրոն» ՀԿ համացանցում նույնպես չկա, փոխարենը՝ կան տարբեր Մեհրաբյանների գործունեության եւ բարեկամությունների մասին տեղեկատվություն: «Կոտայքի տարածաշրջանային զարգացման կենտրոն» ՀԿ չկա: «Մշակույթ եւ հասարակություն» ՀԿ նույնպես չգտնվեց համացանցում:

Այս առնչությամբ Aravot.am-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամից հետաքրքրվեց՝ այս կազմակերպություններն առհասարակ գոյություն ունե՞ն, մատը մատին տվե՞լ են, թե՞  ձեւական ինչ-որ ՀԿ-ներ են: Այլապես ինչո՞վ է բացատրվում տեղեկատվության բացակայությունը այս ՀԿ-ների մասին:

«ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթ» ծրագրի համակարգող Աննա Գալստյանը մեր հարցին ի պատասխան վստահեցրել է, որ դրամաշնորհի արժանացած բոլոր ՀԿ-ները գոյություն  ունեն, գրանցված են պետռեգիստրում. «Նախեւառաջ ներկայացնենք, թե ինչ չափորոշիչներով են ընտրվում ՀԿ-ները: Կանոնակարգի համաձայն` հստակ նշված է, թե ՀԿ-ներն ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն: Դրանք են գրանցման մասին վկայական, կանոնադրություն, հարկային մարմնից փաստաթուղթ և այլն: Բնականաբար ՀԿ-ի ծրագրային փաթեթը ներկայացնելուց ստուգվում է այդ բոլոր փաստաթղթերի առկայությունը: Նրանցից մրցույթի մասնակցության համար պահանջվող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գտնվում են մեր ձեռքի տակ: Ինչ վերաբերում է այն հարցին, թե որոշ ՀԿ-ների մասին ինտերնետում տեղեկատվության բացակայություն կա, ապա պատրաստ ենք տրամադրել այդ ՀԿ-ների կոնտակտները, որպեսզի անձամբ կապ հաստատեք այդ կազմակերպությունների հետ և ճշտեք նախկինում իրենց կողմից իրականացված ծրագրերի մանրամասնությունները: Եթե ՀԿ-ի գործունեության մասին համացանցում որոնման արդյունքում տեղեկատվությունը սակավ է հայտնաբերվում, ապա այդ հարցում պետք է հարցադրում կատարել, թե որքանով է ԶԼՄ-ների ուշադրությունը սեւեռված ՀԿ-ների գործունեությանը: Մյուս կողմից էլ, ՀԿ-ների կողմից իրականացված ծրագրերը չեն ենթադրում գործունեության անպայման լուսաբանում»:

ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհային մրցույթում հաղթող է ճանաչվել 34 ՀԿ: Աննա Գալստյանը բացատրեց, որ մրցութային հանձնաժողովը ընտրություն  կատարելիս ընտրում է ՀԿ-ի ներկայացրած կոնկրետ ծրագիր: Եվ որեւէ սահմանափակում չկա ՀԿ-ն նորաբա՞ց է, թե՞ երկար տարվա գործունեություն ունի:

ՀԵՀ-ից կոչ են անում լրագրողներին համագործակցել եւ հետեւել ՀԿ-ների իրականացրած ծրագրերին:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նվարդ says:

    Սա ընդամենը հհկ-ի կողմից ցկազմակերպված թալանի, նոր ձև է և ուրիշ ոչինչ….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930