«Զանգակ» գրատունն այսօր մարդաշատ էր: Առիթը Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիներ» գրքի շնորհանդեսն էր:
«Սա իմ կյանքի միակ Ապրիլի 7-ն է, որ ես շնորհավորանքներ եմ ստանում: Ես աղջիկներին եմ շնորհավորում, նրանք էլ ինձ են շնորհավորում»,- կատակեց հեղինակը:
Անդրադառնալով գրքին՝ Ա. Մովսիսյանը նկատեց, որ մեզանում անհրաժեշտություն կա ներկայացնելու հայոց թագուհիներին և ներկայացնելու հատկապես նոր և գալիք սերունդներին, որպեսզի վերջիններս որպես իդեալ, կատարելատիպ ունենան հենց նրանց: «Ցավով պետք է նշեմ, որ, հակառակ կարևորությանը, մեզանում խնդիրը բավարար չափով լուսաբանված չէ,- ասում է հեղինակը:- Երբ գիրքը դեռ պատրաստ չէր, շատերը զարմանքով հարցնում էին՝ մի՞թե տասը հայ թագուհու անուն մեզ հայտնի է, որ դեռ ականավորներին էլ ընտրել եք»: Մինչդեռ, Ա. Մովսիսյանի հավաստմամբ, անվանապես հայտնի 65 թագուհի ունենք, որոնց մասին եղած նյութերը, թեև քիչ են, այնուամենայնիվ, եղածներն էլ ցույց են տալիս, որ նրանք բացառիկ կարևոր դեր են ունեցել մեր պատմության մեջ: «Լինելով պատմիչ Եղիշեի նկարագրած «փափկասուն» կանայք՝ հարկ եղած դեպքում նրանք հաճախ են ողջ երկրի ղեկավարումը վերցրել իրենց ձեռքը՝ դառնալով մեծ պետական գործիչներ, տաղանդավոր զորավարներ, այսինքն՝ այդ փխրուն, նուրբ էակները երկրի համար ճակատագրական պահերին դարձել են երկրի պահապան հրեշտակները: Եվ այսպիսի կերպարներով մեր նոր սերնդին չդաստիարակելը սրբապղծության նման մի բան է»,- կարծում է Ա. Մովսիսյանը:
Նա գտնում է, որ թե´ մենք, թե´ օտարները շատ բան ունենք սովորելու մեր պատմությունից. «Այսօր Արևմուտքից եկող ամեն մի կիսագրագետ, մեզ վերևից նայելով, ասիացու տեղ դնելով, ինչ-որ գենդերային դասեր է տալիս, մինչդեռ, այնքան բան ունեն սովորելու մեր պատմությունից հենց իրենք, մենք՝ առավել ևս: Մեզանում կինը երբեք չի եղել ստրկացված, սա շատ կարևոր բան է: Ընդհակառակը, մենք այսօր ունենք արժեքներ, որոնք ստեղծվել են կանանց կողմից: Տեսեք, Բագրատունյաց թագավորության մայր տաճարը Կաթողիկեում կառուցել է Կատրանիդե 2-րդ թագուհին, և այդպիսի օրինակները բազմաթիվ են: Կամ մեր Զապել թագուհին, որը 13-րդ դարի առաջին կեսին կառուցում է հիվանդանոց, որտեղ բուժումն անվճար էր, և, ինչպես մեր մատենագիրներն են նշում, թագուհին ինքն էր հիվանդանոցում խնամում խնամողներ չունեցող հիվանդներին: Եվ ընդամենը 37 տարի ապրեց այդ եզակի թագուհին: Ես ցավով եմ սա ասում, բայց եթե Զապել 1-ինը լիներ, ասենք, Անգլիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ մի այլ երկրի պատմության մեջ, հիմա նրա մասին, երևի, մի 30 գեղարվեստական ֆիլմ նկարած կլինեին: Մինչդեռ, այս թագուհու մասին այսօր մեզանում չգիտեն: Ամեն երկիր պատիվ պիտի համարեր այսպիսի թագուհիներ ունենալ, և այն, որ մենք այսօր բավարար չափով չենք ներկայացնում նրանց, երախտամոռություն է և´ նախնիների, և´ գալիք սերունդների նկատմամբ»,- ասում է Ա. Մովսիսյանը:
Ինչո՞ւ է հեղինակն ընտրել հենց այս տասը թագուհիներին (Նվարդ, Զարուհի, Էրատո, Փառանձեմ, Խոսրովանույշ, Կատրանիդե 2-րդ, Թամար (Մլքե), Շահանդուխտ 2-րդ, Զապել 1-ին, Աննա (Կեռան, Կիռան)):
«Ես ներածության մեջ էլ եմ գրել, որ առանձնացնելով տասին` բնավ չենք ստվերում մյուս թագուհիների արածը: Ընտրելով նրանց՝ աշխատել եմ ներկայացուցչականությունը պահպանել, բայց բոլորի մասին անդրադարձներ կան գրքում»,- պարզաբանեց Ա. Մովսիսյանը:
ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը, որը նույնպես ներկա էր շնորհանդեսին, կարևորելով «10 հայ ականավոր թագուհիներ» գրքի դերը, ասաց. «Հնուց ի վեր մեր պատմությունը տղամարդիկ են գրել և գրելիս մեծագույն սիրով ու չափազանց հետևողականորեն կանանց հանել են պատմությունից, և եթե կանայք հանդիպում են, ապա միայն «տհաճ» իրավիճակներում: Այս առումով միակ բացառությունը Եղիշեն է, որը կանանց ներկայացնում է որպես տղամարդկանց հավասարազոր զինվորների: Եվ հանկարծ, այսպիսի քար անտարբերության պայմաններում, առանձին կանանց մասին տեղեկություններ հավաքել ու ստեղծել այսպիսի մի շքեղ գիրք, վեր է ամեն տեսակի գնահատականից»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ