Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպան Երեմ Սարգսյան. «Հարցաքննությունը կատարվել է էական խախտումներով». (Տեսանյութ)

Ապրիլ 07,2014 21:07

2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում  ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավարության ապրիլի 7-ի նիստում  ցուցմունք տվեց ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը:  Նիստի սկզբում  պաշտպան Երեմ Սարգսյանը  հայտարարեց, որ  Խաչատրյանը հոգեբանորեն պատրաստ չէ ցուցմունք տալու եւ  15 րոպե ընդմիջում խնդրեց: Դ. Խաչատրյանը պատմեց, որ Լյուքս Ստեփանյանի եւ նույն կրակոցից ծանր վիրավորված Հրաչյա Սարգսյանի   հետ ունեցել է լավ հարաբերություններ: Դավիթը  Հրաչյայի հետ ավելի մտերիմ է եղել, քանի որ ծառայության սկզբում միասին եղել են կարանտինի մեջ: Դ. Խաչատրյանն  այդ օրը  եղել է  զորամասի պահակատան ժամապահ, հետո ժամ է հարցրել  զորամասի տաղավարում գտնվող ծառայակիցներից: Դավիթն այդ ժամանակ կանգնել է հայելու առաջ, մաքրել դեմքի  բշտիկը: Լյուքս Ստեփանյանը նրան կոչել է «պզուկ»: Լյուքս Ստեփանյանը մի քանի անգամ  Դավթի անձին ուղղված սեռական բնույթի հայհոյանք է տվել, որին Դ. Խաչատրյանը պատասխանել է: Դ. Խաչատրյանի վկայությամբ՝ ինքը 2 անգամ  չորացած հողի կտոր է  նետել տաղավարի ուղղությամբ:  Նա  նախաքննական ցուցմունքում ասել է, որ ինքը  քար է նետել:

SAM_0040

Խաչատրյանի  խոսքերով՝ ինքը եւ Լյուքսը կատակ էին անում,  ինքը ինքնաձիգը մի ուսից մի մյուսն է փոխադրել, այն լիցքավորել՝ Լյուքս Ստեփանյանին վախեցնելու նպատակով: Նրա խոսքերով՝ ինքնաձիգը ուսից իջեցնելու ժամանակ, երբ այն հետ է  տարել, զենքը դիպել է  իր ենթապայուսակին, որից հետո կրակոց է արձակվել: Ամբաստանյալն ասաց, որ  տեսնելով սպանված Լյուքս Ստեփանյանին եւ ծանր վիրավոր Հրաչյա Սարգսյանին լացել է, գոռացել, դեպքի վայրից չի փախել:

Ամբաստանյալի պաշտպաններ Երեմ Սարգսյանը եւ Վաղինակ Գեւորգյանը հարցեր ուղղեցին Դ. Խաչատրյանին, այնուհետեւ նրան հարցեր տվեցին մեղադրողներ Արթուր Զաքարյանը, Արթուր Անտոնյանը եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանը: Շատ հարցեր կրկնվում էին, ինչի պատճառով Երեմ Սարգսյանը այդ հարցերի դեմ առարկություն էր ներկայացնում: Դրանք դատավոր Զոյա Զաքինյանի կողմից բավարարվում էին: Պաշտպանական  կողմը հայտարարեց, որ նախաքննության ընթացքում քննիչների կողմից թույլ են տրվել  խախտումներ, Դ. Խաչատրյանին չեն բացատրվել իր իրավունքները, քննիչը միանգամից 5-6  հարցեր է ուղղել Դ. Խաչատրյանին, վերջինիս ցուցմունքներից որոշ բաներ չեն գրառվել:  Դատական փորձարարության ժամանակ Դ. Խաչատրյանը  եղել է  առանց ենթապայուսակի:

Պաշտպանական կողմը  բացարկ հայտնեց մեղադրողներին: Դատավոր Զոյա Զաքինյանը   միջնորդությունն անհիմն համարելով՝ այն մերժեց: Քանի որ ամբաստանյալի  դատարանում տված ցուցմունքների եւ նախաքննական ցուցմունքների մեջ կային էական հակասություններ, պաշտպանները միջնորդեցին հրապարկել  Դ. Խաչատրյանի նախաքննական ցուցմունքները եւ  հարցաքննության տեսաձայնագրությունը:  Պաշտպանական կողմը միջնորդեց կրկին դատարան հրավիրել վկաներ Հրաչյա Մարգարյանին, Արշակ Պետրոսյանին եւ Միշա Ջանազյանին, նաեւ հրապարակել Դ. Խաչատրյանի առերեսման արձանագրությունները; Դատավորը բավարարեց միայն առերեսման արձանագրությունների հրապարակման միջնորդությունը: Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 17-ին:

Մանրամասները` տեսանյութում:

Ոսկան  ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930