Մարտի 24-ին Վրաստանի առաջին նախագահի որդին` Կոնստանտին Գամսախուրդիան, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «շտապ նուրություն», որի համաձայն` Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանության առաջ կանգնած է պարզեցված ընթացակարգով Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացողների հսկայական հերթ: Ավելին. Գամսախուրդիայի խոսքերի համաձայն` Ռուսաստանի դեսպանատունը ուղղակիորեն բաժանում է ռուսական անձնագրեր հայերին` Սամցխե-Ջավախքի բնակիչներին: «1993թ.ից վրացական պետությունը դեռևս կանգնած չի եղել նման սպառնալիքի առջև, ինչպես այսօր», -իր ֆեյսբուքյան էջում ընթերցողին է վախեցնում Կոնստանտին Գամսախուրդիան:
Եվ այսպես: Հաջորդ օրը վրաց ԶԼՄ-ների մի մասը վերցնում են այդ «շտապ նուրություն»-ը և առանց որևէ խղճի խայթի սկսում են այն հրատարակել: «Ջավախքի հայերին զանգվածաբար բաժանում են ռուսական անձնագրեր», «Ղրիմի տեսարանը Ջավախքում» և այլն: Ահա նման վերնագրերով հոդվածներ են տպվում վրացական թերթերում մարտի 25-ից մինչև այսօր… Եվ ի՞նչն է ապշեցուցիչ, որ ոչ մի լրագրող իրեն նեղություն չի տալիս գնալ Թբիլիսիում Ռուսաստանի նախկին դեսպանատան մոտ և հենց տեղում տեսնել` արդյո՞ք այնտեղ բաժանում են ռուսական անձնագրեր, թե՞ ոչ:
Եվ ահա Ջավախահայերին ռուսական անձնագրեր բաժանելու անվերջանալի ստից երկու շաբաթ անց վերջապես Վրաստանի Կառավարության կողմից եղավ պաշտոնական հերքում:
«Օրերս տեղեկություն է տարածվել այն մասին, թե իբր ռուսական կողմը սկսել է անձնագրեր բաժանել Սամցխե-Ջավախքի բնակչությանը: Մենք վերստուգել ենք այդ տեղեկությունը և պարզվել է, որ այն չափազանցված է, նման փաստեր չեն գրանցվել: Մինչդեռ Վրաստանում ուշադրությամբ հետևում են Ռուսաստանում կատարվող իրադարձություններին: Խոսքը վերաբերում է Ռուսաստանի Պետդումայի` Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգի քննարկումներին: Մենք դեռևս չունենք նախագծի վերջնական տարբերակը, բայց իրավաբանների կողմից նրա ուսումնասիրումից հետո և մեր երկրի շահերի դեմ ուղղված որևիցե դրույթների բացահայտման դեպքում Թբիլիսին ստիպված կլինի պաշտոնապես հակազդել դրանց համապատասխան իրավական դրույթներով», -ապրիլի 7-ին հայտարարել է Վրաստանի Արտաքին Գործերի փոխնախարար Դավիթ Զալկալիանին:
Դե ինչ, հիմա լրագրողների հերթն է: Արդար կլիներ, եթե նրանք նույնպիսի ոգևորությամբ, ինչպես տարածել են կեղծ լուրեր, հիմա էլ զբաղվեին անհիմն և որևէ փաստով չամրագրված սուտը հերքող պաշտոնական տեղեկության տարածմամբ:
Վրաստանի Հայ համայնք
Լրագրողը Վրաստանում էլ լրագրող է….