Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Մենք հանձնառու ենք շարունակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող ինստիտուցիոնալ բարեփոխումները»

Ապրիլ 07,2014 20:01

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  ելույթ ունեցավ Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների  խորհրդաժողովում

 

Ապրիլի 7-ին  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը    Վիլնյուսում՝ Լիտվայի խորհրդարանի շենքում, մասնակցեց Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների  խորհրդաժողովին, որին հրավիրված Էին նաեւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների խորհրդարանների նախագահները: Խորհրդաժողովում ԱԺ նախագահը հանդես եկավ ելույթով` «Միջխորհրդարանական համագործակցությունը Արևելյան գործընկերության երկրների հետ» թեմայով :

Դիմելով ներկաներին` Հովիկ Աբրահամյանը մասնավորապես ասաց.

«Վերջին տասնամյակների ընթացքում էապես աճել է ազգային խորհրդարանների դերը ամբողջ աշխարհում՝ ներդաշնակորեն փոխլրացնելով ավանդական դիվանագիտությունը: Մենք գնահատում ենք խորհրդարանական ձևաչափով հանդիպումների յուրաքանչյուր հնարավորություն: Ուրախ եմ, որ մեզ՝ որպես Արևելյան գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչների,  հնարավորություն ընձեռվեց համատեղ քննարկելու միջխորհրդարանական համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև մեր առջև ծագած մարտահրավերների հաղթահարմանն առնչվող հարցեր:

Եվրոպական Միության և Արևելյան գործընկեր երկրների միջև ընդլայնվող կապերի շնորհիվ լայն հնարավորություններ են ստեղծվել նաև երկկողմ միջխորհրդարանական համագործակցության զարգացման և եվրոպական պառլամենտարիզմի լավագույն փորձի փոխանակման համար: Արևելյան գործընկերության խորհրդարանական ձևաչափը` Եվրանեսթը, մեծապես նպաստել է Եվրոպական խորհրդարանի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության խորացմանը: Ձեզ հայտնի է, որ հայկական կողմն առաջիններից է ողջունել Արևելյան գործընկերության շրջանակներում խորհրդարանական վեհաժողով ստեղծելու գաղափարը և ի սկզբանե այն դիտարկել որպես փոխվստահության մթնոլորտի ձևավորման ու տարածաշրջանային լիարժեք համագործակցության հաստատման լավ հարթակ:

Հարգելի գործընկերներ,

Ինչպես դուք տեղյակ եք, Հայաստանը, առաջնորդվելով իր մի շարք կենսական նշանակություն ունեցող շահերով, հայտարարել է Մաքսային միությանը միանալու իր որոշման մասին: Մաքսային միությանն անդամակցելու հետ մեկտեղ Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը տարբեր բնագավառներում: Մենք հանձնառու ենք շարունակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող խորքային և լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը:

Հայաստանի Հանրապետությունը անգնահատելի փորձ է ձեռք բերել Եվրոպական միության հետ բովանդակային քննարկումների ընթացքում, որը հիմք է հանդիսանում մեր հետագա համագործակցության համար: Մենք ձգտելու ենք համատեղելի համագործակցության արդյունավետ բանաձևեր գտնել տարբեր ինտեգրացիոն գործընթացների միջև: Հայաստանը միշտ բաց է եղել համագործակցության համար բոլոր միջազգային հարթակներում, հանդես եկել հօգուտ ինտեգրացիոն գործընթացների, բայց երբեք չանտեսելով երկրի ռազմավարական շահերը, հատկապես փակ սահմանների ու հակամարտության առկայության պայմաններում:

2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովի ընթացքում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությամբ  Հայաստանը վերահաստատեց իր հանձնառությունը էլ ավելի զարգացնելու և ամրապնդելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում։ Ինչպես արձանագրված է համատեղ հայտարարությունում` կողմերը համաձայնել են հարաբերությունները կարգավորող իրավական նոր հիմքերի ստեղծման անհրաժեշտության, ինչպես նաև Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի նորացման շուրջ: Առաջիկայում աշխատանքներ են նախատեսվում Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության նոր շրջանակի ձևավորման ուղղությամբ:

Հարգելի բարեկամներ,

Համոզված եմ, որ խորհրդարանական փոխգործակցությունն իր ուրույն դերն ունի նաև տարածաշրջանային համագործակցությունը խթանելու, գործընկերների դիրքորոշումներն ու  մոտեցումներն ավելի հստակ ընկալելի դարձնելու հարցում: Դժբախտաբար, տարածաշրջանի ոչ բոլոր երկրներն են պատրաստակամ լիարժեք ներգրավվածություն ունենալ Արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության շրջանակներում:

Արևելյան գործընկերության տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը առաջնային կարևորություն ունի: Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները և պետք է խուսափել դրանց կարգավորման նպատակով մեկ ընդհանրական բանաձևի կիրառումից: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի: Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, ինչն արտահայտված է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում:

Հարգելի գործընկերներ,

Վերջին շրջանում ականատես ենք լինում Արևելյան գործընկեր երկրներից մեկում` Հայաստանի բարեկամ Ուկրաինայում, տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներին: Հայ և ուկրաինացի ժողովուրդներին դարեր շարունակ միավորում են եղբայրության և բազմադարյան բարեկամության ամուր կապերը: Հավատացած ենք, որ ուկրաինացի ժողովուրդը մեծ ներուժ ունի հաղթահարելու իր առջև ծառացած մարտահրավերները:

Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ խորին համոզմունքս հայտնել առ այն, որ մենք՝ խորհրդարանականներս, հատուկ պատասխանատվություն ենք կրում մեր ժողովուրդների միջև երկխոսության և բարեկամության ամրապնդման համար: Մենք պետք է ձգտենք ավելի լավ հասկանալ յուրաքանչյուրիս շահերն ու մտահոգությունները, բաց և ազնիվ երկխոսության միջոցով զարգացնենք համագործակցությունը, որի հիմքում պետք է լինի արժեքների ընդհանրությունը և դրանց վրա հիմնված մեր ապագայի տեսլականը:

Միաժամանակ ողջունում եմ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի որոշումը՝ վեհաժողովի հերթական լիագումար նիստը Երևանում անցկացնելու վերաբերյալ: Վստահ եմ, որ երևանյան հանդիպումը նոր կարևոր հանգրվան կհանդիսանա Արևելյան գործընկերության շրջանակներում խորհրդարանական համագործակցությունը խթանելու համար»:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930