Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաստաթուղթ՝ քեսաբահայության մասին, առաջարկ՝ ԵԽԽՎ դիտարկման խումբ ուղարկել Քեսաբ

Ապրիլ 07,2014 19:55

ԵԽԽՎ-ն շարունակում է գարնանային նստաշրջանի աշխատանքները: Այս պահին պատվիրակների հարցեր են հղում հիմնական զեկուցող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցին:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանն ու Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ ամբիոնից բարձրացրին քեսաբահայության խնդիրները: Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ ամբիոնից հիշեցրեց, որ մարտի 21-ի առավոտյան թուրքական զինյալ խմբավորումների կողմից հարձակման է ենթարկվել Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայրը: Տիկին Զոհրաբյանը կատարվածը որակեց որպես «հայոց ցեղասպանության շարունակություն»: Այնուհետև հարց բարձրացրեց, որ Վեհաժողովը կատարվածի հստակ գնահատական պետք է տա: Ի պատասխան Սեբաստիան Կուրցը նշեց, թե ազգաբնակչության  ապահով կյանքի իրավունքը, կյանքի պաշտպանությունը անկախ էթնիկ պատկանելությունից՝ հիմնարար իրավունքներից է:

Այնուհետև ազատ ելույթների ժամանակ նույն հարցը բարձրացրեց նաև Հայաստանի պատվիրակության մեկ այլ անդամ Նաիրա Կարապետյանը: Նշելով, որ ինքն անձամբ է այցելել Լաթաքիա, շփվել քեսաբահայերի հետ ու լսել նրանց խնդիրները, հայտարարեց, թե քեսաբահայերի հետ կատարվածը միջազգային մարդասիրական օրենքի խախտում է, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում: Այնուհետև հայ պատվիրակը կոչ արեց Վեհաժողովին և բոլոր միջազգային կազմակերպություններին սթափեցնող կոչ անել Թուրքիային՝ հետագայում կանխելով նման դրսևորումները:

Նշենք, որ հայկական պատվիրակության անդամները պատրաստել են քեսաբահայության մասին փաստաթուղթ:

Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ևս ելույթ ունեցավ: Նա նկատեց, որ Թուրքիայի առաջին դեմքերի հայտարարությունները, թե Քեսաբի դեպքերի վերաբերյալ իրենք ոչինչ չգիտեն, ընդամենը թուրքիզմի հերթական «հնարքն» է: Այս առիթով Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց այն, որ Թուրքիայի հետազոտական կենտրոններից մեկի ղեկավարը այսպիսի հայտարարություն էր արել. «Սիրիայում ունենալ հայկական Սփյուռք, նշանակում է, որ Հայաստանի ձեռքը միշտ կհասնի Թուրքիային»: Նաիրա Զոհրաբյանը եզրափակելով նշեց, թե Վեհաժողովը հստակ գնահատական պիտի տա Քեսաբում կատարվածին: Հիշեցնելով, որ մեկ ամիս անց լրանում է հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը՝ տիկին Զոհրաբյանը նշեց, թե չպետք է թույլ տալ, որ նման բան կրկնվի: Այնուհետև առաջարկեց  ԵԽԽՎ դիտարկող խումբ ուղարկել Քեսաբ,

որ տեղում կարողանան գնահատել իրավիճակը և հետագա քայլեր ձեռնարկել:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը մանրամասնորեն ներկայացրեց Քեսաբում կատարվածը: Հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Քեսաբի վրա հարձակում է կատարվել հենց թուրքական սահմանից և հարձակվողները ամենևին էլ զինյալ ապստամբներ չեն եղել: Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ «Քեսաբում ցեղասպանություն չեղավ, քանի որ ազգաբնակչությունը կարողացավ փախչել»: Բայց նաև զգուշացրեց, որ

պետք է ամեն ինչ անել, ձեռնարկել կոնկրետ քայլեր, որ նման բան չկրկնվի՝   խորհրդանշական համարելով նաև այն, որ Քեսաբի դեպքերը տեղի են ունենում հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրյակին:

Հայ պատվիրակների բարձրացրած անհանգստությանը զուգահեռ և Քեսաբահայության խնդիրների վերաբերյալ փաստաթղթի շրջանառությանը դեմ արտահայտվեց Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան՝ նշելով, թե իբր Հայաստանը Քեսաբի հարցն օգտագործում է գործիք՝ արտաքին քաղաքականության  իրականացման համար:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930