Լրահոս
Օրվա լրահոսը

Գնումների բողոքարկման խորհրդում կմեծանա ՀԿ-ների մասնակցությունը

Ապրիլ 07,2014 18:48

Ապրիլի 7-ին ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը նախաձեռնել էր հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու գնումների բողոքարկման խորհրդի աշխատանքներում վերջիններիս մասնակցության և արդյունավետության հարցը:

Դավիթ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ  պետական գնումների ոլորտում մեկնարկած բարեփոխումներում առանցքային նշանակություն ունի հասարակության վստահությունը գնումների նկատմամբ և այս համատեքստում կարևոր նախապայման համարեց ՀԿ-ների ակտիվ մասնակցությունը գնումների բողոքարկման խորհրդում՝ տեղեկացնելով, որ  նախարարության Գնումների աջակցման կենտրոնը տարեսկզբից ի վեր հրավերներ է ուղարկել շահագրգիռ բոլոր կազմակերպություններին: Այդուհանդերձ, հասարակական հատվածի մասնակցությունը, ինչպես նաև բողոքարկվող դեպքերը՝ թեև նախորդ տարվա համեմատությամբ զգալիորեն ավելացած, դեռևս բավարար չեն:

Անմիջական ու բաց զրույցի ընթացքում ՀԿ-ների ներկայացուցիչներն իրենց մտահոգություններն ու առաջարկները ներկայացրին գնումների ոլորտում թերացումներն ու հնարավոր չարաշահումները բացառելու վերաբերյալ: Մի քանի ՀԿ-ներ  բարձրացրին պատասխանատվության մեխանիզմ սահմանելու հարցը, երբ բողոքարկման արդյունքում հայտնաբերված խախտման դեպքում կիրառվի պատժամիջոց: Խոսվեց նաեւ բողոքարկման ընթացակարգերի պարզեցման ու դիմողների շրջանակի ընդլայնման անհրաժեշտության մասին:

Դավիթ Սարգսյանը լսեց ոլորտին առնչվող այլ խնդիրների մասին ևս՝ գնումների մրցույթներում տեղական արտադրողներին նախապատվություն տալուց մինչև մենաշնորհների կամ շահերի բախման հարցեր: Նա  պատրաստակամություն հայտնեց  քննարկել ու լուծումներ տալ բարձրացված խնդիրներին, ինչպես նաև բողոքարկման հանձնաժողովում նվազագույնի հասցնել պետական մասնակցությունը՝ հօգուտ քաղհասարակության:

 

Ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930