Լրահոս
Օրվա լրահոսը

«Արատտա երիտասարդական ակումբ» ՀԿ-ի հայտարարությունը Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

Ապրիլ 07,2014 17:58

«Արատտա երիտասարդական ակումբը»՝ լինելով հայակենտրոն և ազգային երիտասարդական կազմակերպություն, չի կարող անտարբեր գտնվել Քեսսաբում կատարվող իրադարձությունների նկատմամբ:
Մենք համոզված ենք, որ Քեսաբի հայերի ծրագրված տեղահանությունը 1915 թվականի հայոց ցեղասպանության շարունակությունն է, քանի որ իրադարձությունների ներկա ընթացքը ոչ այլ ինչ է, քան էթնիկական զտումներ և հայրենազրկում: Ինչպես Մեծ Եղեռնի ժամանակ, այնպես էլ հիմա թուրքական իշխանությունները հայերին ոչնչացնում են տարբեր կազմակերպված, հանցագործ, զինյալ խմբերի միջոցով: Թուրքիան անընդհատ հերքում է իր կապն այդ կազմավորումների հետ, սակայն փաստերը շատ են, ու անհերքելիորեն ցույց են տալիս Քեսսաբում կատարվող իրադարձությունների հետ նրա անմիջական կապը:
Անդրադառնանք այդ փաստերից ամենախոսուններին: Առաջին ու անհերքելի փաստն այն է, որ այդ խմբերը /8000-10000 մարդ/ Սիրիա են թափանցել հենց Թուրքիայից և անհնար կլիներ այդ խմբերի` թուրքական պետության մեջ կազմավորվելը, մարզվելը, զինվելը ու սահմանն անցնելը, եթե դրանց հետ որևէ առնչություն չունենար թուրքական պետությունը:
Փաստն այն է, որ երբ սիրիական իշխանությունները փորձեցին կասեցնել Քեսսաբում կատարվող ոճիրը, սիրիական ինքնաթիռը ոչնչացվեց թուրքական հակաօդային ուժերի կողմից: Սա ոչ այլ ինչ է, քան պետական աջակցություն ոճիրն իրականացնող զինյալ խմբերին:
Վերոնշյալ փաստերի համադրման արդյունքում անհերքելի է դառնում Թուրքիա պետության մասնակցությունն այդ իրադարձություններին:
Հայտնի է, որ Քեսսաբն այն բնակավայրերից է, որտեղ պահպանվում են հայկական ավանդույթները և հայերն ապրում են միավորված կերպով, հետևաբար Քեսսաբի վրա հարձակումն ավելի շատ ուղղված է հայկական գործոնի վերացմանն ու պառակտմանը: Արդեն մեկ դար շարունակ հայության դեմ իրականացվում են տարբեր տեսակի հանցագործություններ, սկսած ցեղասպանությունից, մինչև անհատական հետապնդումներ ու սպանություններ, որոնք մասն են կազմում մեծ հայասպանության ծրագրի:
Ստեղծված իրավիճակում «Արատտա երիտասարդական ակումբը» համաշխարհային հանրությունից պահանջում է Քեսաբի դեպքերի հետ կապված իրականացնել անկախ հետաքննություն միջանկյալ արդյունքների պարբերական հրապարակմամբ: Մեր պահանջն է, որ հետաքննությունն իրականացվի ոչ միայն որևէ առանձին երկրի կամ էլ զուտ կառավարական խմբերի կողմից, այլ դրան մասնակցեն, թե՛ միջազգային, թե՛ հասարակական անկախ կազմակերպություններ ու փորձագիտական խմբեր, իսկ նախքան հետաքննության անցկացումն ու դրա արդյունքների հստակեցումը, «Արատտա երիտասարդական ակումբը» գտնում է, որ.

1. Պետք է կասեցվեն հայ-թուրքական արձանագրությունները, քանի որ այն իր մեջ վտանգներ է պարունակում հայոց ցեղասպանության փաստի անտեսման ու մոռացման առումով: Իսկ դա շատ վտանգավոր է, քանի որ անտեսելով ու անպատժելի թողնելով տեղի ունեցած հանցագործությունը` մենք պարարտ հող ենք պատրաստում մարդկության դեմ կատարվող հանցագործությունների հետագա շարունակության համար, ինչի վառ օրինակը մենք տեսանք հենց Քեսաբում:

2. Պահանջում ենք դադարեցնել «մադրիդյան սկզբունքների» շուրջ ցանկացած տեսակի բանակցություն, քանի որ ըստ այդ սկզբունքների անտեսվում են հայ փախստականների իրավունքները և, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, հող են նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանության և կոտորածների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930