Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ ամենօրյա հետևողական աշխատանքն է տարվում փողոցների, մայթերի և այգիների սանիտարական մաքրման ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ շարունակվում են սեփականատերերի և վարձակալների կողմից իրենց պատկանող հողատարածքների մաքրման աշխատանքները: Գույքագրված 128 տարածքներից 61-ն արդեն իսկ մաքրվել է: Այս ուղղությամբ քաղաքապետը հանձնարարել ուժեղացնել հսկողությունն ու ոչ սահմանված վայրերում աղբ նետելու դեպքեր հայտնաբերելիս ձեռնարկել օրենքով սահմանված քայլեր:
«Համայնքը իրավունք ունի «Վարչական իրավախախտումների մասին» օրենքով պատժամիջոցներ կիրառել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր աղբը նետում են դրա համար չսահմանված վայրերում, ինչպես նաև սեփական տարածքները անխնամ թողնելու հետևանքով աղբավայրի վերածվելու համար: Մինչ օրս, սակայն այս մասով նման վարչարարություն չի իրականացվել և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ինչն էլ թերևս պատճառ է հանդիսացել, որ մեր որոշ համաքաղաքացիները մայրաքաղաքի նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերեն: Նման վարքագիծը բոլորի կողմից է անընդունելի և, ըստ այդմ, բոլոր նրանք, ովքեր նման վերաբերմունք կդրսևորեն քաղաքի նկատմամբ պետք է ենթարկվեն համապատասխան տույժի: Թերևս դրանից հետո այդ անձիք ևս սկսեն գիտակցել, որ Երևանը բոլորիս տունն է ու պետք է յուրաքանչյուրը սրտացավ լինի այն մաքուր ու բարեկարգ պահելու հարցում: Այս ուղղությամբ ձեռնարկեք համապատասխան միջոցներ և խիստ հսկողություն սահմանեք»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն