ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ՀՀԿ ԳՄ վերջին նիստից հետո, որտեղ ընդունվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել դեռ փետրվար ամսին:
Սակայն, երկու օր անց` ԿԲ-ում աշխատանքային այցի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Երբ երեկ մենք մեր կուսակցությունում քննարկում էինք, և ես ասացի, որ վարչապետը մարտի 3-ին է ինձ հրաժարականի մտադրություն ներկայացրել, դա մենք չենք արել նրա համար, որպեսզի ասենք՝ տեսեք մենք ինչ-որ քաղաքական ուժերի ճնշման տակ չենք այս բանն արել»: Ավելի ուշ, այս հատվածը նախագահի կայքի տեսագրությունից հանվեց:
Ինչո՞վ է պայմանավորված այդ հակասությունը, եւ ի վերջո՝ ի՞ նչ էր եղել փետրվարին կամ մարտին, Aravot.am-ի հարցին ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանն ասաց. «Որեւիցե հակասություն փնտրել պետք չէ: Այո, հայտարարվեց, որ դեռ մեկ ամիս առաջ վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել: Բայց, հաշվի առնելով այն աշխատանքները, որ պետք է կատարվեին` կուսակցությունում տնտեսական կոնֆերանսը, ՄՄ-ի հետ աշխատանքները, նախագահը հանձնարարել է` շարունակել աշխատանքները: Ասվեց, որ հիմա նորից պնդել է եւ հարցը պետք է քննարկենք: Դա եղել է այն, ինչ լսել ենք եւ տեղեկացել»:
Մեր ճշտող հարցին` ստացվում է, որ մեկ ամիս առաջ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է հրաժարականի դիմումը, մարտին` պնդե՞ լ, Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Ես այդպես հասկացա նախագահի ներկայացրածից: Կարծում եմ, դա այդպես է եղել: Գուցե ինչ-որ բան լավ չեմ հասկացել, բայց, այդպես էր»:
Կարդացեք նաև
Իսկ թե ինչո՞ւ է նախագահի կայքում սրբագրվել ԿԲ-ում Սերժ Սարգսյանի ելույթի տեսագրությունը` Aravot.am-ը պարզաբանման խնդրանքով գրավոր դիմել է նախագահի մամուլի խոսնակին: Առայժմ պատասխան չենք ստացել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ