Արմավիրի մարզի քննչական բաժնի վարույթում գտնվող Վահագն Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով որոշում է կայացվել հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, նրա նկատմամբ խափանման միջոցը վերացնելու մասին, կատարված հանցագործություններին նրա մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով:
Վահագն Ղազարյանն աշխատել է «Գրանդ Տոբակո» ընկերությունում, որպես մեխանիկ-տեխնիկ՝ ֆիլտրի արտադրամասում, ունի բարձրագույն կրթություն, նախկինում դատված չի եղել, բարեկիրթ ընտանիքի զավակ է, հայրը գիտնական է՝ կոչումով:
26-ամյա Վահագն Ղազարյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ամալյա Ավագյանը (լուսանկարում) Aravot.am-ին ասաց, որ 4 ամիս Վահագնը գտնվել է նախնական կալանքի տակ:
«Դեռ առաջին կալանքի ժամկետը չլրացած՝ պաշտպանական կողմի միջնորդություններով եւ հարցումներով պարզվել է իմ պաշտպանյալի այլուրեքությունը, նրա մասնակցությունը հերքվել է»,-ասում է պաշտպանը:
Կարդացեք նաև
Գործի նախապատմության մասին մեր նախորդ հրապարակումներում տեղեկացրել ենք, որ ոսկյա շղթաների գողության համար 3 տուժողներ «նմանեցնելով» հանցագործին Վահագնի հետ, տվել են նրա մասին հաղորդում. «Տուժողներից մեկը մատնացույց է անում, Վաղարշապատի քննչական բաժինը նրան բերման է ենթարկում: Ոչ մի ապացույց չունենալով՝ դատարանի դահլիճից բաց են թողնում Վահագնին եւ նա գնում է տուն:
Հաջորդ օրը նրան զանգում են, կանչում, բայց այլեւս նրան ոստիկանությունից բաց չեն թողնում, քանի որ հայտնվել էր եւս մեկ տուժող»:
Քննիչ Էդգար Բաբայանի հանձնարարությամբ Վահագն Ղազարյանին տարել են տուժողների բնակավայրերը, մեկ-մեկ ցույց են տվել կասկածյալին: Ըստ պաշտպանի, մինչ այդ, ոստիկանները զանգել են տուժողներին, տեղեկացրել են , թե «բռնել ենք» կողոպտիչին, տանը մնացեք, բերում ենք ցույց տալու: Դրանից հետո տարել են քննիչի մոտ, քննչական գործողություն ՝ ճանաչում կատարելու:
Եվ քանի որ ոստիկաններն ասել էին, թե Վահագն է հանցագործություն կատարողը, տուժողները «ճանաչում» են նրան:
Ըստ Ա.Ավագյանի, ամենազավեշտալի ցուցմունքը տուժողների Վահագնին նկարագրելն է: Տուժողները ասել էին, թե հանցագործին ճանաչել են նրա այն «սովորությունից», որ նա մատերով խաղում էր մազերի հետ.«Այսինքն, կողոպտողը, վայրկյանների ընթացքում, երբ նրա առաջնահերթ խնդիրն է ինչպես կատարել հանցագործությունը, խաղացել է իր մազերի հետ»:
Պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել քննիչների նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու համար, երկու օպերլիազոր ազատվել են աշխատանքից:
Հաստատվել է նաեւ , որ Վ.Ղազարյանը չի կատարել այդ հանցագործությունը, քանի որ նա «Գրանդ Տոբակոյում» է գտնվել: Առաջին դրվագով, կողոպուտը տեղի է ունեցել ժ. 14.30-ի սահմաններում :«Գրանդ Տոբակոյին» ուղղված պաշտպանի հարցման կապակցությամբ, պարզվել էր, որ այդ օրը՝ 2013թ. հուլիսի 23-ին, ժ.14.30-ին, նա չէր կարող այլ վայրում լինել, գտնվել է աշխատավայրում:
Վարույթն իրականացնող մարմնին էր ներկայացվել աշխատավայրի անցակետի մուտքն ու ելքը պատկերող տեսաերիզը:
Հուլիսի 26-ի դրվագով, կողոպուտը տեղի էր ունեցել ժ. 18-ին: Հարցումներ են արվում ընկերոջը, հարեւանին: Ըստ պաշտպանի, պարզվում է, որ նշյալ օրը նշյալ ժամին Վահագնը գտնվել է տանը, քանի որ վերանորոգման աշխատանքներ են ընթացել: Քոչարի փողոցի վրա գտնվող տանն են եղել վարպետը, հարեւանի տղան, որը նույն այդ վայրից զանգել էր Վահագնին:
Իսկ նույն այդ ժամին տեսախցիկը պատկերել էր սափրված մի անձնավորության, որը ինչ-որ մի տարածքի հեծանիվի կրպակի մոտից վազել է. «Իմ պաշտպանյալը մշտապես կրում է մորուք: Եթե 26-ի երեկոյան է սափրվածը կողոպուտ կատարել, ոնց կարող էր հուլիսի 27-ին աշխատանքի ներկայանալ նորից մորուքով: Երկրորդ դրվագն էլ հերքվեց. մեկ գիշերվա մեջ չէր կարող մորուք աճեր Վահագնի դեմքին»:
Ամալյա Ավագյանի տեղեկացմամբ, ոստիկանության Վաղարշապատի բաժնից, երբ գործը հսկողականով ուղարկվեց Արմավիրի քննչական բաժին, տուժողներն այս անգամ հայտնել էին, թե մինչեւ անձի ճանաչում քննչական գործողություն կատարելը, Վաղարշապատի օպերլիազոր Փայլակ Շմավոնյանը Վահագնին ցույց է տվել իրենց, ապա դրանից հետո է տարել քննիչի մոտ, ուր կատարվել է քննչական գործողություն: Ի դեպ, այդ մասին արձանագրվել է գործը կարճելու մասին որոշման մեջ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ