ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ խորհրդարանն արտահերթ նիստով պետք է անդրադառնա պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին ՍԴ որոշմանը` հստակեցնելու համար այն դրույթները, որոնք տարընկալման եւ կամայական մեկնաբանությունների առիթ են տալիս: Եթե քաղաքական մեծամասնությունը չցանկանա գնալ այդ քայլին, ըստ պատգամավորի, ոչ իշխանական ուժերը պետք է նախաձեռնեն: Պատգամավորը գտնում է, որ նիստը պետք է հրավիրել հենց այս շաբաթ: Գործընկեր կուսակցությունների հետ, ի դեպ, նախնական քննարկում եղել է, վերջնական որոշում չկա: Այս դեպքում, սակայն, տեխնիկական խնդիրներ կարող են առաջանալ: ԱԺ կանոնակարգով արտահերթ նիստ հրավիրելու ձեւաթուղթը վերցնելուց հետո, անհրաժեշտ քանակով ստորագրությունների թիվը` 1\3-ը պետք է ապահովվի 24 ժամվա ընթացքում:
Քանի որ մինչեւ ապրիլի 28-ը քառօրյա նիստեր չկան, Արծվիկ Մինասյանի պարզաբանմամբ, հնարավոր է, որ շատ պատգամավորներ Հայաստանում չլինեն ու այդ պատճառով տեխնիկական խնդիրներ լինեն:
Մեր զրուցակիցը նաեւ հավելեց, որ ամեն ինչ անելու են` արտահերթն այս շաբաթվա ընթացքում գումարելու համար:
Արտահերթ նիստում ընդդիմադիրները վիճարկելու են ՍԴ որոշման կամայական մեկնաբանությունները` քաղաքական մեծամասնության որոշ ներկայացուցիչների եւ կառավարության անդամների կողմից: Ընդդիմությունը փորձելու է հասնել նրան, որ վերականգնումները օրենքով հստակ եւ պարզ ամրագրվի: «ՍԴ-ն ասել է` ԱԺ, կառավարություն ձեր իրավասությունների հարց է, որոնք պիտի անեք` հիմնվելով ՍԴ որոշումների վրա: Ու քանի որ կառավարությունը որդեգրել է ՍԴ-ի որոշումներն անտեսելու մոտեցում, մենք պետք է փորձենք օրենսդիր մարմնով դա անել տալ: Եթե դա էլ չստացվի` դատական կարգով` վարչական դատավարության շրջանակներում, որպես կառավարության մի շարք որոշումների ոչ իրավաչափություն»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Կարդացեք նաև
Նա պնդում է, որ կոնցեպտուալ առումով հարցը լուծված է` ՍԴ-ն պարտադիր բաղադրիչը ճանաչել է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ու պարտադիր բաղադրիչը երբեւէ չի կարող վերականգնվել: Անցումային փուլի` ՍԴ որոշմամբ մինչեւ սեպտեմբերի 30-ը, նպատակը, ըստ ՀՅԴ-ական պատգամավորի, հետեւյալն է. «Եթե ՍԴ-ն քաղաքացիների իրավունքների կարգավորմանն ուղղված նորմերն անվավեր ճանաչեր ու դրանց արդյունքում քաղաքացու իրավունքը ոտնահարվի, կստացվի, որ անվավեր ճանաչելը բերել է ավելի վատ հետեւանքի: Դրա համար, ասվում է, որ քաղաքացու իրավունքի պաշտպանությանն ուղղված նորմերն այժմ անվավեր չեն ճանաչվում, թողնվում են մինչեւ սեպտեմբեր, որպեսզի կառավարությունն ու ԱԺ-ն օրենսդրական կարգավորում տան»:
Ամբողջ հարցն այժմ, ըստ Արծվիկ Մինասյանի, ֆոնդերում կուտակված գումարների տնօրինումն է, որոնք կառավարիչների կողմից կարող են ռիսկային ներդրումներում օգտագործվել` վնասելով քաղաքացուն, նրա իրավունքն ու շահը: Ուստի, տարաժամկետման իմաստը, պատգամավորի համոզմամբ, սա է ու ՍԴ-ն էլ 2007 թվականի 701 որոշմամբ տարաժամկետման այդ բացատրությունն է տվել: Կառավարության ներկայացուցիչների եւ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի մեկնաբանություններն, ըստ Արծվիկ Մինասյանի, հակասում են Իրավական ակտերի, Վարչարարության հիմունքների եւ վարչարարության մասին ՀՀ օրենքներին, Սահմանադրությանը, ՍԴ-ի իրավական դիրքորոշումներին:
Իսկ ի՞նչ է լինելու այն քաղաքացիների հետ, ովքեր պարտադրաբար միացել են այդ համակարգին: Եթե տեսականորեն ընդունենք, որ պարտադիր բաղադրիչը չեղյալ է հայտարարվել, այդ քաղաքացիները հնարավորություն կունենա՞ն հրաժարվել: «Գերակայողը քաղաքացու հայեցողությունն է եւ որեւէ տեխնիկական կամ կազմակերպական բնույթի սահմանափակումը չի կարող առաջնայնություն ունենալ` քաղաքացու սեփականության` իր հայեցողությամբ տնօրինելու նկատմամբ:
Սխալ մեկնաբանության արդյունքում այսօր ոչ միայն դա են փորձում հեչ անել, այլ փորձում են պարտադրել, որ պետք է շարունակվի մինչեւ սեպտեմբեր: Դա հակաիրավական է: Վերահաշվարկի իմաստը հենց դա է: Տեսականորեն եթե ընդունենք, որ եթե մինչեւ սեպտեմբեր նոր փաթեթ բերվի, այն ետադարձ ուժ ունենալ չի կարող: Քաղաքացուն պետք է առաջարկեն` կուտակե՞լ, թե` ետ վերցնել: Այդ իրավունքը մարդը այժմվանից պետք է ունենա»:
Հարցին` հույս ունե՞ք, որ նոր վարչապետը եւ նոր ձեւավորվելիք կառավարությունը այլ մոտեցում կդրսեւորեն, Արծվիկ Մինասյանն ասաց, որ գտնում է, որ բավական բարենպաստ միջավայր կա, որպեսզի կամավոր կերպով կասեցվի հակասահմանադրական այս օրենքը եւ մթնոլորտը բարելավվելու ուղղությամբ քայլեր իրականացնեն. «Սա շատ լավ շանս է նոր կառավարության համար: Նոր ձեւավորվելիք կառավարությունն այդ շանսը կօգտագործի՞, թե` ոչ, ես շատ կցանկանայի, որ քաղաքական մեծամասնությունը գիտակցեր ու քայլ իրականացներ: Այլապես, կստացվի, որ հանրությանը նորից առճակատման ենք տանում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ