Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Խաչատրյան. Հայաստանում «փոխանցովի» հիվանդությունների պատճառով մահացության դեպք չի գրանցվել

Ապրիլ 07,2014 16:22

Այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է Առողջության համաշխարհային օրը` նվիրված «փոխանցողների» միջոցով տարածվող վարակիչ հիվանդություններին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը եւ ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեցին, որ Հայաստանում վարակիչ հիվանդությունները, ինչպիսիք են` մալարիան, դենգե տենդը, լեյշմանիոզը, դեղին տենդը, վտանգ չեն սպառնում Հայաստանի քաղաքացիներին: Սակայն Թաթուլ Հակոբյանը  կոչ արեց զգոն լինել, քանի որ «շատ երկրներում այս հիվանդությունները դարձել են արհամարհված, մոռացված հիվանդություններ: Սա նշանակում է, որ խնդիր է առաջանում: Եթե պատշաճ ուշադրություն չեն դարձնում այս խնդրին, ֆինանսներ չեն  տրամադրում միջոցառումներ կիրառելու համար, չեն պահպանում հիգիենիկ պայմանները, աղբահանությունը պատշաճ չի կատարվում, ապա սրանք նորից կարող են վերածվել որպես լրջագույն խնդրի: Ուստի պետք է զգոն լինել»:

«Փոխանցվող» հիվանդությունները տարածվում են մոծակների, ճանճերի, տիզերի և այլ միջատների միջոցով, եւ տարեկան այսպիսի հիվանդություններից մահանում է ավելի քան մեկ միլիոն մարդ: Հատկանշական է այն, որ նման հիվանդություններն ավելի տարածված են հեռավոր գյուղական համայնքներում, որտեղ առողջապահական ծառայությունները սուղ են:

Հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ 2011 թվականին Հայաստանը հայտարարվել է որպես մալարիայից զերծ գոտի: Ս. Խաչատրյանը նաեւ ասաց` նման հիվանդություններից զերծ մնալու միջոցներից մեկը ոչ միայն իրազեկության բարձրացումն է, այլեւ համակարգված աշխատանքը: «Սակայն, այնպես չէ, որ միայն բնակչի պաշտպանվելը բավական է: Այստեղ աշխատանք ունեն տանելու մի շարք գերատեսչություններ, որոնք պետք է իրազեկեն բնակչությանը եւ համակարգված կարողանան պայքարել: Այսօր մենք նման լուրջ խնդիրներ մեր երկրում չունենք»: Ս. Խաչատրյանը հավելեց, որ Հայաստանում «փոխանցովի» հիվանդությունների պատճառով մահացության դեպք չի գրանցվել:

Նմանատիպ հիվանդություններից զերծ մնալու համար կան  մի շարք միջոցներ, որոնք նպատակահարմար են կիրառել: Դրանցից մի քանիսը հետեւյալներն են` հետեւեք սննդի հիգիենայի կանոններին եւ խուսափեք չպաստերիզացված կաթնամթերքի օգտագործումից այն վայրերում, որտեղ բարձր է տիզային  էնցեֆալիտով վարակվելու վտանգը, խուսափեք վարակված մարդկանց կամ կենդանիների արյանը դիպչելուց, կրեք բաց գույնի, երկար թեւքերով վերնաշապիկ ու երկար անդրավարտիք, կամ մարմնի վրա քսեք միջատներին վատնող նյութեր, հնարավորության դեպքում պատուհաններին հակամոծակային ցանցեր քաշեք, նախքան այլ երկիր մեկնելը պատրաստվեք այդ երկրում տարածված վարակների դեմ:

Դիանա ԹՈՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930