Վերջին օրերի զարգացումների վերաբերյալ «Մեդիալաբը» զրուցեց Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ:
–Պարոն Խզմալյան, վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ձեր կարծիքով ինչ–որ ճնշումների ներքո՞ տեղի ունեցավ, թե՞ իշխանությունները հասկացան, որ այսպես շարունակել անհնար է, և ընդվզումը չխորացնելու համար գնացին այդ քայլին:
– Ես չեմ կարծում, որ 20 տարի է պահանջվում, որպեսզի մի քանի գող ու ավազակներ ինչ-որ բան հասկանան: Իհարկե, այս բառաբաններն ամեն ինչ շատ լավ հասկանում են: Այնպես որ հարցի պատասխանը տվյալ դեպքում շատ պարզ է՝ դա հենց սեփական իշխանությունը և դրանով ապահովված սեփականությունը պահպանելու և երկարացնելու, ինչպես նաև սեփական պատիժը հետաձգելու նպատակով է արված: Ո՞նց կարող են իրենք չհասկանալ՝ ինչ են անում 20 տարի շարունակ, իհարկե, հասկանում են:
–Ոչ իշխանական չորս ուժերը շտապում են հաղթանակ տոնել, արդեն կան հայտարարություններ, որ իշխանությունները ապրիլի 28-ի շուրջօրյա հանրահավաքներից ու կառավարության հրաժարականի պահանջից են վախեցել, այդ պատճառով էլ վարչապետը հրաժարական տվեց: Ինչպե՞ս եք մեկնաբանում նմանօրինակ հայտարարությունները:
-Դա ծիծաղելի է ինձ համար, կարծում եմ նաև՝ շատերի համար: Այդ չորս ուժերն իրականում իշխանության մեջ սեփական ներկայությամբ օրինականացնում են իշխանության գոյությունը: Կեղծված ընտրություններից հետո մնալով Ազգային ժողովում՝ իրենք դրանով միայն օրինականացնում են և վավերացնում են իշխանության անօրինականությունները: Այնպես որ ասել, թե սա ինչ-որ հաղթանակ է, առնվազն միամիտ են: Մեզանում որևէ վարչապետ կամ արտգործնախարար սեփական քաղաքականություն չի վարում: Հայ-թուրքական խայտառակ արձանագրություններից հետո որոշ ուժեր գնում էին և պահանջում էին արտգործնախարարի հրաժարականը: Այդ ժամանակ ասում էին, որ նույն հաջողությամբ կարող են պահանջել արտգործնախարարության շենքի պահակի հրաժարականը, որովհետև երկուսն էլ գրեթե նույնչափ ազդեցություն ունեն որոշումների վրա: Մեր երկիրը բռնատիրություն է, ուստի բռնապետն է իրականացնում քաղաքականությունը՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին: Մնացածը նրան ուղղակի սպասարկում են: Մարդը փոխում է վարչապետ կամ արտգործնախարար, նրանց մեջ չէ խնդիրը, այնպես որ նրանց հրաժարականը պահանջելը ուղղակի նշանակում է ժողովրդի աչքին թոզ փչել:
Կարդացեք նաև
–Հետևաբար, ձեր կարծիքով, ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է անել:
-Այդ հարցը պետք է տրվի ոչ թե իշխանության մաս կազմող կուսակցություններին, այլ ժողովրդին: Ժողովուրդն ինքն իրեն պետք է հարցնի: Եթե մենք թույլ տանք, որ մեր հնազանդության պայմաններում մեր հարցերով, մեր երեխաների ապագայով կրկին զբաղվեն ու ճակատագիրը կանխորոշեն օտար ուժերը, որոնց այսօր սպասարկում են նախագահական ադմինիստրացիայում, ապա մենք կստանանք ևս մի քանի կորցրած տարի կամ տասնամյակ և կմնանք զրոյական տարիներում՝ Մարտի 1-ի գիշերը, ինչպես մնում են բոլոր անցած տարիները: Մենք զրոյական տարիներից ոչ մի քայլ, ոչ մի զարգացում չունենք: Մինչ աշխարհը առաջ է գնում, մենք հայտնվեցինք բոլորիս հայտնի ցուցակում՝ Հյուսիսային Կորեայի, Զիմբաբվեի և Սուդանի հետ միասին: Ահա ինչի հասցրեց մեզ այս իշխանությունն իր պարագլխի առաջնորդությամբ: Եվ ուրեմն խնդիրը կարող է լուծել ոչ թե ռեժիմը, որովհետև հիվանդն ինքն իրեն վիրահատություն չի կարող անել, այլ դրանով պետք է զբաղվեն ուրիշ մարդիկ՝ մասնագետները: Իսկ քանի որ հեղափոխությունը դա մասնագիտություն չէ, դրանով պետք է զբաղվի ամբողջ ժողովուրդը:
–Պարոն Խզմալյան, այս օրերին տարբեր կարծիքներ են հնչում, որ Ռուսաստանի ղեկավարությունն է որոշելու, թե ով է լինելու Հայաստանի նոր վարչապետը, որոշումը Կրեմլում է կայացվելու: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունները:
-Ողջ տարածաշրջանում վերջին օրերին տեղի ունեցան նման գործողություններ: Կարելի է տեսնել, որ մի շարք երկրներ, ինչպես, օրինակ, Ղրղզստանը ընկճվեց և կարծես թե ռուսական ընտրությամբ առաջնորդվեց, մյուս երկրները, ինչպես, օրինակ, Ղազախստանը, կարծես թե արեց հակադարձ քայլ: Քանի որ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև իշխանության մի շարք այլ ներկայացուցիչներ, տարիներ շարունակ գտնվում են Սովետական Ռուսաստանի հատուկ ծառայությունների շարքերում և ուղիղ ազդեցության տակ, կարող եք չկասկածել, որ իրենք հերթական անգամ կատարելու են իրենց ծառայողական պարտականությունը, բայց ուրիշ պետության շահերին համապատասխան, ինչը հակացուցված է մեր ազգային շահերին:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում