Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՄ անդամ դառնալուց հետո պետք է մոռանալ նորմալ տրանսպորտով երթևեկելու մասին». Կարեն Չիլինգարյան

Ապրիլ 07,2014 15:19

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը ապրիլի 4-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հասարակական տրանսպորտի ուղեվարձը քննարկող հանձնաժողովի հրապարակած արդյունքները համարեց անհեթեթ :

Նշենք, որ ըստ հանձնաժողովի կատարած հաշվարկների՝ միկրոավտոբուսի ուղեվարձը պետք է լինի 207 դրամ, դիզելով ավտոբուսինը՝ 252 դրամ, բնական գազով աշխատող ավտոբուսի ուղեվարձը՝ 196 դրամ:

Պրն Չիլինգարյանի կարծիքով՝ ուղեվարձի կարեւոր բաղադրիչներից մեկը ֆինանսական հոսքերն են: «Եթե այդ հոսքերը չեն վերահսկվում, սակագնի մասին խոսք գնալ չի կարող»:

Կարեն Չիլինգարյանը առաջարկում է տրանսպորտի միջոցներում սկսել կիրառել տոմսարկղեր. «Ինչպես քաղաքակիրթ երկրներում, այնպես էլ Հայաստանում այս կերպ հնարավոր կլինի վերահսկել գումարները եւ դրանից ելնելով որոշել, թե որքան պետք է կազմի տրանսպորտի սակագինը: Այս կերպ կիմանանք, թե որքան գումար է օրվա մեջ շրջանառվում ուղեւորափոխադրման արդյունքում»:

Պրն Չիլինգարյանը առաջնահերթ խնդիր չի համարում էլեկտրոնային չվացուցակները եւ ժամանակակից կանգառները, որոնք տեղադրված են Երեւանի փողոցներում. «Այդ չվացուցակները ընդհանրապես ճիշտ էլ չեն աշխատում եւ ես իմաստ չեմ գտնում դրանց վրա այդքան գումար ծախսելու մեջ: Նաեւ այն նորաձեւ կանգառների վրա նույնպես ահռելի քանակությամբ գումարներ են ծախսվել»:

Հ/կ-ի նախագահի խոսքերով, ավելի լավ կլիներ չվացուցակների եւ կանգառների փոխարեն չբարձրացնել տրանսպորտի գինը, եւ այդ գումարները ուղղորդել ավելի բարձրորակ սպասարկմանը:

Պրն Չիլինգարյանը, խոսելով միկրոավտոբուսներից, վրդովմունքով նշեց այն փաստը, թե ինչպես կարելի է ուղեւորներին տեղափոխել «Գազել» մակնիշի մեքենաներով, եթե դրանք ստեղծված են բեռնափոխադրման համար: Նրա պնդմամբ՝ Մաքսային միություն մտնելուց հետո ընդհանրապես կարելի է մոռանալ արտասահմանյան այլ մակնիշի մեքենաների մասին, քանի որ օգտագործվելու են միայն ռուսական արտադրության անհարմար մեքենաները : «ՄՄ մտնելուց հետո պետք է մոռանալ նորմալ տրանսպորտով երթեւեկելու մասին»:

Բանախոսը կողմ կարծիք հայտնեց տրանսպորտի վերահսկման մեկ օպերատորի համակարգին, որը կկարողանար ղեկավարել թե՛ վերգետնյա եւ թե՛ ստորգետնյա տրանսպորտը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930