Ձկնարտադրությամբ զբաղվող 234 ընկերությունից մնացել են 77-ը. այսօր «Ելակետ» ակումբում ասաց «Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միասնություն» հ/կ նախագահ Արթուր Աթոյանը` կորուստները պայմանավորելով լիցենզավորման նոր գործընթացի հետ: Ըստ պարոն Աթոյանի՝ լիցենզիայի մեջ մտնում է բարձր գին, ջրի խնայում, տեխնոլոգիական արտադրամիջոցներ, որոնք ձկնարտադրողների հնարավորություններից վեր են:
«Առանց մեզ հետ քննարկելու, համաձայնեցնելու, նման որոշում են կայացրել, փակված ընկերությունների թվում են ե’ւ կայացածներ, ե’ւ խոշորներ, ե’ւ փոքրեր: Չեն դիմացել արտադրական ծանր պայմաններին: Ես հավատ չունեմ Սեւանի ծրագրի վերաբերյալ, քանի դեռ գործընթացը ծրագրային փուլում է, ես չեմ ուզում քննադատել: Ռիսկ տեսնում եմ Սեւանի ձկնաբուծության հետ կապված, տա Աստված, որ մենք սխալվենք, բայց այդ գործընթացը նաեւ Սեւանին կվնասի, Սեւանի արտադրությունը շատ թանկ գին կունենա: Փոխանակ մտածեն, թե Սեւանում ոնց նվազեցնեն գինը, ավելացնում են: Որպեսզի Սեւանը չվնասվի, պետք է ավելի բարձր որակի կեր, որը մնացորդներ չի թողնի, լճի համար խնդիրներ չի առաջացնի»,-իր մտահոգությունը հայտնեց Արթուր Աթոյանը:
Պարոն Աթոյանի խոսքերով, ամեն մի թանկացում կնշանակի ապրանքի ինքնարժեքի թանկացում: Ըստ նրա, մինչ այժմ մեր ձկնամթերքը միջազգային շուկայում որակական բարձր հատկանիշների շնորհիվ է իր տեղն ունեցել, բայց եթե ձկնարտադրության գործընթացն ավելի ծախսատար դառնա, ապա որակը կտուժի.
Կարդացեք նաև
«Մենք շատ ծախսեր ենք անում. ձկան կերի համար շատ թանկ ենք վճարում, բայց ձուկն էժան իրացնում ենք: Կերի պարտքերը խեղդում են: Ձկնարտադրությանը վերաբերող բոլոր միջոցառումները իրականացվում են թաքուն կամ կիսատ-պռատ, անհասկանալի»:
Ապօրինի ձկնարտադրությամբ զբաղվող տնտեսվարողների առնչությամբ էլ Արթուր Աթոյանը գտնում է, որ նրանք փոքրիկ ֆերմերային տնտեսություններ են, որոնք իրենց ընտանիքն են պահում եւ որեւէ մեկին չեն խանգարում եւ լուծումներ առաջարկելուց հետո միայն պետք է պետությունը նրանց բերի հարկային դաշտ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ