Հայաստանում տարեկան չի ծնվում մոտ 3000 աղջիկ` նրանց մայրերն աբորտ են անում: Սեռով պայմանավորված հղիության ընդհատման պատճառով 20-30 տարի հետո Հայաստանում դեմոգրաֆիական լուրջ խնդիրներ կլինեն` աղջիկների պակաս կլինի, ամուսնությունները կնվազեն, եւ բնականաբար ապագա մայրերի խիստ պակաս կլինի: Այսօր «Հենարան» ակումբում ասաց առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Նրա ներկայացմամբ` աղջիկ-տղա հարաբերակցության նորման Հայաստանում մի փոքր բարելավվել է, սակայն, դեռեւս մտահոգիչ է, այսինքն 100 աղջկան 114 տղա է ընկնում, իսկ միջազգային չափանիշներով` 100 աղջկան 106 տղան է նորման:
Աղջիկ երեխաների աբորտների հիմնական պատճառներից են, ինչպես ասաց տիկին Ավագյանը, ընտանիքում եւ հասարակության մեջ տղա երեխայի գերապատվությունը, տղա ժառանգ ունենալը. «Մեր հարցմանը ենթարկված զույգերը հուզական պատասխաններ են տվել` տոհմը կամ ազգանունը շարունակող են ուզում, ունեցվածքը տղային ժառանգել են ուզում եւ նման այլ պատճառներ»:
Պատճառներից մեկն էլ ուլտրաձայնային հետազոտությունն է, որը թույլ է տալիս մինչեւ 12 շաբաթականը պտղի սեռը բացահայտել, այսինքն, ըստ տիկին Ավագյանի, սա էլ հնարավորություն է տալիս, եթե իհարկե զույգերը չեն ցանկանում աղջիկ երեխա, արհեստական ընդհատել հղիությունը:
Կարդացեք նաև
Արդյոք պտղի սեռը ծնողներին ուղղակի չասել, արգելել այն, խնդրի լուծում կլինի՞, այս հարցին տիկին Ավագյանն ասաց, որ այժմ քննարկվում է, թե ինչ մեխանիզմներ կարելի է կիրառել, սակայն սեռը չասելը նախ ծնողների իրավունքների ոտնահարում է եւ կոռուպցիոն ռիսկ:
Գայանե Ավագյանի ներկայացմամբ` Հայաստանում դեռեւս ցածր է պտղաբերությունը, այսինքն, մեր երկրում չկա պարզ վերարտադրողականություն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
թեմայի մեջ՝ վիդեո ինֆոգրաֆիկա
https://vimeo.com/65735217