Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Հերիք չէ՞ արդարադատության նկատմամբ այդքան թողտվություն թույլ տալ». Ալումյանը՝ դատավորին

Ապրիլ 07,2014 14:43

Վերաքննիչ քրեական դատարանում այս պահին քննվում է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը` Արաբկիր- Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից իր բողոքների քննությունը կասեցնելու որոշման վերաբերյալ: Դատարանը խորհրդակցության սենյակում է՝ որոշում կայացնելու համար:

Փոխվել է Բուդաղյանների գործով քննիչը՝ Ալեքսանդր Ղազարյանը, նրան հիմա փոխարինում է Մովսիսյանը:

Դատավոր Մելիք Տեր-Ադամյանը նախքան խորհրդակցության սենյակ գնալը տարօրինակ հարցեր տվեց քննիչին ու Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանին:
Քննիչից դատավորը հետաքրքրվեց, եթե դատարանը որոշի, որ դատարանին պետք է ներկայացվեն քրեական գործով բոլոր նյութերը, ինչն էլ պահանջում էր Հայկ Ալումյանը, դուք կներկայացնե՞ք:
Քննիչ Մովսիսյանն էլ ասաց. «Նախորդ քննիչի կողմից տրամադրվել են այն բոլոր նյութերը, որոնք վերաբերում են փաստական բողոքին: Քրեական գործի բոլոր նյութերը տրամադրելու դեպքում խատվելու է նախաքննության գաղտնիությունը, իսկ նախաքննությունը շարունակվում է»: Հետո էլ ասաց, որ մինչեւ չլինի դատարանի որոշում, իրենք կանխավ պատասխան չեն կարող տալ:

Դատավորի հարցերին միջամտեց պարոն Ալումյանը. «Առարկում եմ ձեր գործողությունները, դուք նվաստացնում եք դատարանի հեղինակությունը: Ինչ հարց եք տալիս, չեմ հասկանում ձեր հարցի իմաստը: Դուք ոնց եք նման ենթադրության տեղ թողնում, որ եթե դատարանը կարող է նյութեր ուզել, ու քննիչը չբերի: Հերիք չէ՞ արդարադատության նկատմամբ այդքան թողտվություն թույլ տալ: Քննիչն ու դատախազը նույն կերպ առարկում էին նյութերի ցանկը տրամադրել, շատ կտրուկ առարկեցին, բայց երբ դատարանը այդ ցանկը պահանջեց, օրինապահ ձեւով բերեցին ու տրամադրեցին դատարանին»:

Դատավորն էլ արդարացավ, թե քննիչի դիրքորոշումն էր ուզում ճշտել: «Ո՞նց կարող եք այդ հարցով դիրքորոշում ճշտել»,- առարկեց պարոն Ալումյանը:

Քննիչ Մովսիսյանը, պատասխանելով դատավորի հարցին, թե երբ է ավարտվելու նախաքննությունը, ասաց՝ կոնկրետ ժամկետներ չի կարող նշել:
Դատախազն էլ ասաց, որ ինքն էլ է համակարծիք Հայկ Ալումյանի հետ այն հարցում, որ առաջին ատյանի դատարանը ճիշտ որոշում չի կայացրել՝ կասեցնելով բողոքների քննությունը: Միաժամանակ ասաց, որ չի համաձայնում պարոն Ալումյանի հետ այն հարցում, թե քրեական գործի շրջանակներում պետք է տրամադրվեն բոլոր նյութերը, ապա խոստացավ. «Պարոն Ալումյանի մեծ ցանկությունը՝ քրեական բոլոր նյութերին ծանոթանալու վերաբերյալ, կիրականանա, այդ օրը կգա»:

Խորհրդակցության սենյակից քիչ առաջ դուրս եկավ դատավորը եւ ասաց, որ պետք է գործի նյութերին ծանոթանա, դրա համար դատական նիստը հետաձգվեց: Այն նշանակվեց ապրիլի 22-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930