Ապրիլի 7-ը հայտարարված է Մայրության ու գեղեցկության օր: Հայ առաքելական եկեղեցին այդ օրը նշում է որպես Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոն: Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը խոսեց տոնի խորհրդից: Տեր հայրը նշեց, որ բոլոր եկեղեցիներում ապրիլի յոթին մատուցվում է պատարագ, այնուհետեւ մայրերի եւ հղիների օրհնության կարգ:
«Ավետման տոնը հիմնված է Ավետարանի վրա, Նազարեթում Գաբրիել հրեշտակը ավետիս տվեց Մարիամին, որը ընդամենը 14 տարեկան էր: Հրեշտակն ասաց՝ մի վախեցիր Մարիամ, Աստծո զորությունը քեզ հետ կլինի, կծնես որդի, անունը կլինի Հիսուս, եւ հավերժական կլինի նրա թագավորությունը: Դա տեղի է ունեցել ապրիլի յոթին, որից 9 ամիս 5 օր հետո՝ հունվարի 6-ին ծնվեց Փրկիչը»,-նշեց Բաբկենը:
«Եվայով անեծք մտավ աշխարհ, Մարիամով օրհնություն եկավ… Մայրերը միշտ օրհնության մեջ են, ի դեպ Աստվածածնին կոչում են ամենահամարձակ բարեխոսը»,-ասում է հոգեւորականը:
Նա հավելում է, որ տոնը հոգեւոր հիմք ունի, նոր մարդկության տոնն է, մահմեդականները եւս Ղուրանում ունեն Մարիամի տոն:
Կարդացեք նաև
Տեր Բաբկենը նշեց, որ այս տարի առաջին անգամ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն հրավիրել է բոլոր երեց կանանց՝ շնորհավորելու եւ օրհնելու:
Հոգեւորականը փաստում է, որ տոնը սկսել է կարեւորվել Անկախության տարիներից ի վեր, նաեւ սեպտեմբերի 8-ին նշում ենք սուրբ Աստվածածնի ծննդյան տոնը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ