medialab.am Հարցազրույց Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության տնօրեն, հայր Վարդան վարդապետ Նավասարդյանի հետ
–Ինչո՞ւ է անհրաժեշտ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում և ինչու եք կարծում, որ այն շատ կարևոր է:
-Առաջին հերթին համայնավարության տարիներին Հայոց պատմության միջից հիմնականում զտել են եկեղեցու դերակատարությունը, մինչդեռ մենք բազմաթիվ դեպքեր ունենք, երբ օրինակ, Սահակ Ձորափորեցի կաթողիկոսը փրկել է Հայաստանը՝ դուրս գալով ոստիկանի առջև, Հովհաննես Օձնեցին՝ գնալով Դամասկոս՝ շահի մոտ, իր ազգի, եկեղեցու և իր հայրենի հողի մասին հարցեր է բարձրացրել և ազդվելով իր պատկառանքից՝ շահը ընդառաջումներ է արել, և այլն: Բացի այդ, եթե այսօր մշակույթի ենթաշերտերից ինչ-որ բան ենք ուսումնասիրում՝ լինի մանրանկարչություն, ձեռագրություն, պատմություն և այլն՝ այս ամբողջը եկեղեցական ակունքներում է ձևավորվել և զարգացել և ճիշտ չէ այն ամբողջությամբ զտել ու հանել: Անգամ եկեղեցական դասագրքերում հոգևոր հայրերը պարզ հասարակական գործիչներ էին ներկայացված, օրինակ, Գրիգոր Նարեկացին և Ներսես Շնորհալին: Այս վերջին հրատարակություններում արդեն երևում է, որ հոգևորական են, բայց Նարեկացին միշտ իբրև բանաստեղծ է ներկայացվել, և Մատյան ողբերգությունը որ աղոթագիրք է՝ ներկայացվել է որպես բանաստեղծությունների ժողովածու:
–Մենք ունենք 1700-ամյա քրիստոնեության պատմություն, ընդսմին՝ նաև քաղկեդոնական մշակույթ: Ինչպե՞ս են ներկայացված ոչ առաքելական քրիստոնեական ուղղությունները:
-Դասագրքում ավանդական բոլոր կրոնները երկար և հիմնավոր ներկայացված են. մահմեդականություն, բողոքականություն, կաթոլիկություն: Բացի այդ 7-9-րդ դասարանների դասագրքում առանձին բաժին կա՝ ունիթորական շրջանի և այդ ընթացքում ձևավորված մշակույթի մասին: Այնպես չէ, որ բացարձակ անտեսված և միակողմանի է ներկայացված հայ եկեղեցին, պարզապես վիճելի հարցերի վերաբերյալ, օրինակ Քաղկեդոնի ժողովի մասին, ներկայացված է միայն հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը:
–Իսկ ինչ սկզբունքներից ելնելով է որոշվում ծրագիրը, և ի՞նչ է ընդգրկվում դասագրքերում:
-Գոյություն ունի Կրթության ազգային ինստիտուտի հետ համատեղ գործող հանձնախումբ, և նրանք մշակում և ներկայացնում են ծրագիր, որը քննարկվում է եկեղեցում և նախարարությունում, և եթե որևէ հակաօրինական կամ հակաօրենսդրական արգելք չի լինում, առաջարկվում է նախարարի հաստատմանը: Անցյալ տարի այդ հանձնախումբը՝ երկու հոգևորական և վեց աշխարհական՝ գիտակրթական ոլորտի մասնագետներ, մոտ 5-6 ամիս համատեղ աշխատանքի արդյունքում եղած դասագրքերը վերամշակեց և դարձրեց կես կամ մեկ քայլ ավելի լավը:
Իսկ դասագրքերի սկզբնական կազմման աշխատանքներին մասնակցել է միայն մեկ հոգևորական՝ Աբրահամ սրբազանը, մնացյալը եղել են բարձրագույն կրթական ցենզին համապատասխան որակավորում ունեցող պատմաբաններ և կրթական փորձագետներ, իսկ մենք հիմա պարզապես փորձում ենք բեռնաթափման միջոցով ավելի դյուրամատչ դարձնել նյութը:
Առարկայի դասավանդումն սկսվել է դեռևս 2002-2003թթ.՝ Վեհափառ հայրապետի և վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ՝ 2002թ. ստորագրված համաձայնագրի հիման վրա, որով էլ Հայոց եկեղեցու պատմություն առարկան ներդրվեց հանրակրթական դպրոցներում՝ այն ժամանակ 4-10 դասարաններում, այսօր 5-11 դասարաններում: Ստեղծվեց ուսումնական ծրագիր, մշակվեցին դասագրքեր, վերապատրաստվեցին ուսուցիչներ և 2005թ. ծարգիրն ամբողջությամբ սկսեց գործել:
Աննա Մուրադյան
Լուսանկարը` հայր Վարդան վարդապետ Նավասարդյանի ֆեյսբուքյան էջից:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում