«Քրեակատարողական հաստատություններում իրավիճակը շարունակում է մնալ վատ` տիրում են անբավարար առողջապահական պայմաններ, հաստատությունները գերբնակեցված են եւ անձնակազմի թիվը անբավարար է»,- այսպես է գնահատվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը ԵՄ-ի «Եվրոպական հարեւանության քաղաքականության իրականացման առաջընթացի 2013-ի տարեկան զեկույցում»: Այնտեղ նաեւ գնահատականներ կան 2013-ի ընտրությունների, քաղաքացիական ակտիվիստների դեմ բռնությունների, զինակոչիկների նկատմամբ ոտնձգությունների մասին:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը համաձայնեց ԵՄ գնահատականների հետ՝ քրեակատարողականների մասին: Նրա խոսքերով՝ «Քրեակատարողական հիմնարկների ֆինանսավորումը կրճատվել է երկու անգամ: Դա նշանակում է, որ սնունդ, դեղորայք, աշխատավարձ, կենսապահովումը նվազել է: Բնականաբար, պետք է ակնկալել բողոքների կրկնակի աճ: Անձը քրեակատարողական հիմնարկում գտնվելով, պաշտպանված չի զգում, եթե որեւիցե հարց ուզենա բարձրացնել անձնակազմի դեմ»:
Արթուր Սաքունցը նաեւ հրապարակեց, թե այս տարիներին քրեակատարողական հիմնարկներում մահացության քանի դեպք է գրանցվել. «2010-ին գրանցվել է մահացության 34 դեպք, որից 29-ը՝ առողջական խնդիրների հետեւանքով, 2011-ին՝ 32 մահացության դեպք, որից 26-ը՝ առողջական խնդիրների պատճառով: 2012-ին 28 մահացության դեպք, 25-ը՝ առողջական խնդիրների պատճառով: 2013-ին 19 մահացության դեպք, 17-ը՝ առողջական խնդիրների պատճառով: Մահացությունը նվազել է, բայց մտահոգում է, որ առողջական խնդիրների հետեւանքով տոկոսային քանակը մնում է բարձր»:
Ինչ վերաբերում է քրեակատարողականների գերբեռնվածությանը, ըստ Արթուր Սաքունցի, մի քանի համաներում որ եղավ, բայց դա ժամանակավոր լուծեց գերբեռնվածության խնդիրը. «Կալանավորված անձանց թիվը մշտապես կա եւ գերբեռնվածությունը խնդիր է մնում: Դատական դեպարտամենտի վիճակագրական տվյալները կան, ըստ որի որպես խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունների 99 տոկոսը մերժվում են:Մյուս կողմից դատարանի կողմից արդարացման վճիռներն են բավական ցածր: Որպես կանոն մեղադրանքները համարվում են հիմնավորված: Դա ոչ թե նրանից է, որ մեզ մոտ բոլորը հանցագործներ են,այլ ուղղակի արդարադատություն չի իրականացվում: Իսկ դա այդպես է, քանի որ ոստիկանության կողմից են բռնությունների ապացույցները ձեռք բերվում: Գերբեռնվածությունը խոսում է արդարադատության հիվանդության մասին: Քրեակատարողական հիմնարկներ իրավունք չունեն էլ մարդ ընդունեն, եթե պայմաններ չունեն: Հստակ սահմանված է քանակը: Պետությունը եթե տեղ չունի հանցագործներին պահելու, ուրեմն պետք է հերթագրի որոշակի հանցագործներին, որոնք առանձնապես ծանր հանցագործություն չեն արել: Պետք է հերթագրի, ասի երբ գա իր պատիժը կրի»:
Կարդացեք նաև
Զեկույցում նշված է, որ «մտահոգություններ են առաջացնում զինված ուժերում ոչ մարտական պայմաններում արձանագրված կասկածելի մահվան դեպքերը, ինչպես նաեւ ծաղրուծանակի եւ զինակոչիկների նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերը»:
Արթուր Սաքունցի խոսքերով՝ «Այն գործերով, որտեղ ես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ներգրավված եմ, կարող եմ հստակ ասել, որ որպես կանոն, իրական մեղավորները չեն բացահայտվում: Հրամանատարների մասնակցությունը մահացության դեպքերում պատշաճ իրավական գնահատական չի ստանում, սահմանափակվում են միայն ծառայողական քննության արդյունքում նկատողություններով, պաշտոնի իջեցում է լինում: 3 անգամ դատապարտված, պատիժը կրած սպան նորից նշանակվել է որպես սպա: Ինչ վերաբերում է բժշկական ծառայությանը, ՊՆ-ն ստիպված է ընդունել, որ առնվազն թոքաբորբի հետ կապված խնդիրներ ունեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Թւում է թէ աւելի լաւը գոյութիւն չունի ։ Ապրի մեր” հզօր “բանակը ։