Ինչպիսի հույս ուներ Էսպերանտո արհեստական միջազգային լեզվի ստեղծող՝ Լ. Զամենհոֆը, դժվար չէ կռահել: Այդ գեղեցիկ հնչող, դյուրին և մատչելի լեզուն պետք է, որ դառնար տարբեր ազգերի համար մեկ շփման միջոց: Այն, որ մարդիկ ձգտում են սովորել լեզուներ, որոնք ոչ պաշտոնապես համարվում են միջազգային, դա, իհարկե, գովելի է և մեր արդի կյանքում շատ անհրաժեշտ: Բայց նաև անհերքելի է այն փաստը, որ հազվագյուտ դեպքում այլ ազգի մարդը կտիրապետի լեզուն այն մակարդակով, ինչ այն անհատը, որի համար այդ լեզուն հարազատ է: Էսպերանտո լեզվի ստեղծիչ, ազգությամբ ՝ լեհ, ծագումով՝ հրեա, բժիշկ և լեզվաբան Լ. Զամենհոֆը հենց դրա մասին էր երազում, որ Էսպերանտոն կօգնի, որ ոչ մի ազգ, որի լեզուն դառնա միջազգային, չի գերիշխի մյուս ազգերի նկատմամբ (ինչը ինքն իրեն կստացվեր, եթե այդ ազգի լեզուն դառնար միջազգային) և բոլորի համար կլինի մեկ չեզոք լեզու:
2012թ. ամբողջ աշխարհի Էսպերանտո կազմակերպությունները, միությունները, ասոցիացիաները և նրանք, ովքեր տիրապետում և ուսումնասիրում են Էսպերանտո լեզուն, տոնեցին լեզվի ստեղծման 125 – ամյակը: Ամեն տարի աշխարհի երկրներից մեկում տեղի է ունենում միջազգային համաժողով, տարբեր թեմաներով, որտեղ բոլոր ազգերի ներկայացուցիչները խոսում են մեկ լեզվով: Այս տարի՝ 99–րդ Համաշխարհային Էսպերանտո Համաժողովը տեղի կունենա Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս – Այրեսում: Նախատեսվում է մոտ հազար մասնակից, մոտ 50 երկրներից:
Էսպերանտո լեզուն այսօր աշխարհի 6800 լեզուների 100 առավել շատ կիրառվող լեզուների շարքում է: Էսպերանտո լեզուն 29 առավել շատ օգտագործվող լեզուներից է Վիքիպեդիայում` շվեդական, ճապոնական և լատինական լեզուներից հետո: Էսպերանտոն օգտագործվող լեզու է հանդիսանում Google, Skype, Firefox, Ubuntu, Facebook էջերում: Google Translate – Google-ի թարգմանչական ծրագրում 64 լեզուների շարքում Էսպերանտո լեզուն վերջերս գտել է իր արժանի տեղը: Նաև ժամանակակից բջջային հեռախոսները հնարավորություն են ընձեռում օգտագործել Էսպերանտո լեզուն:
Համաձայն ԱՄՆ CIA –ի կողմից լույս տեսած գրքի, որը պատմում է աշխարհում տեղի ունեցող փաստերի մասին, ավելի շատ բնակիչներ խոսում են էսպերանտո լեզվով, քան իսլանդերեն:
Էսպերանտոն պաշտոնապես ուսուցանվում է 28 երկրների 150 համալսարաններում և այլ բարձրագույն հաստատություններում, ինչպես նաև 600 տարրական և միջնակարգ դպրոցներում: Էսպերանտո լեզուն ունի հարուստ գրականություն , որը պարունակում է ավելի քան 50000 վերնագիր, և ամեն շաբաթ լույս տեսնող հրատարակություններ:
Բացի բազմաթիվ երկրներում գործող ռադիոթողարկումներից, գոյություն ունեն 24-ժամյա “Muzaiko” ռադիոկայան և Չինաստանում գործող էլեկտրոնային հեռուստատեսություն:
Միջազգային Էսպերանտո Ասոցիացիան (UEA) հանդիսանում է UNESCO – ի խորհրդատվական գործընկերը, նաև գնահատում է իր պաշտոնական հարաբերությունները ՄԱԿ-ի և Եվրախորհրդի հետ: Էսպերանտոն հնարավորություն է ընձեռնում չեզոք և արդար ազգամիջյան փոխշփման և փոխըմբռնման ` պաշտպանելով փոքր ազգերի լեզուների գոյության իրավունքները, հաշվի առնելով բոլոր լեզուների իրավահավասարությունը, և հարգալից վերաբերմունք է ցուցաբերում մշակութային և լեզվական բազմազանությանը:
Հայաստանում էսպերանտիստների Միությունը ունի արդեն 91 տարվա պատմություն: 1923 թ. Հայաստանում ստեղծվեց առաջին Էսպերանտո խմբակը: Նրա հիմնադիրն էր ականավոր հայ լեզվաբան, ակադեմիկոս Գուրգեն Սևակը: Երևանի Պետական Համալսարանին կից ստեղծվեց Էսպերանտո լեզվի կոմիտե և լույս տեսավ «Հայկական Էսպերանտիստ» ամսագիրը: Այդ ժամանակվանից սկսվեցին թարգմանվել հայ դասական գրականության հայտնի ստեղծագործությունները: 1973 թ. ստեղծվեց Հայկական Էսպերանտո Ակումբը, իսկ 1991 թ. ստեղծվեց Հայկական Էսպերանտո Ասոցիացիան, որը հանդիսանում է Միջազգային Էսպերանտո Ասոցիացիայի (UEA – ի) անդամ:
Ներկա ժամանակ հայ Էսպերանտիստների կազմում կան տարբեր հասակի մարդիկ, որոնց համար դա սկզբից նախասիրություն էր, իսկ հետո դարձել է հնարավորություն ձեռք բերել շատ ընկերներ աշխարհի տարբեր երկրներում, որովհետև Էսպերանտոն ավելին Է, քան ուղղակի շփման միջոց:
Ամեն տարի ՀԷՄ-ն կազմակերպում է միջազգային հանդիպումներ, որոնց շնորհիվ շատ օտարերկրյա էսպերանտիստներ ծանոթանալով մեր երկրի հետ, ցանկանում են ուսումնասիրել հայերեն լեզուն, ամեն տարի գալ զբոսաշրջագայության և իմանալ ավելին Հայաստանի պատմության և մշակույթի մասին:
Երկու տարի առաջ լույս տեսավ էսպերանտո լեզվով հայերեն գրված առաջին դասագիրքը (մինչ այդ օգտվում էինք ռուսերեն դասագրքով), իսկ անցյալ տարին նշվեց երկար սպասված բառարանի լույս տեսնելով (Էսպերանտո – հայերեն – ռուսերեն և հայերեն – էսպերանտո – ռուսերեն): Բառարանը նվիրված է Գուրգեն Սևակի հիշատակին:
Անցյալ տարի կարճ ժամանակաշրջանում լույս տեսավ հայտնի գերմանագիր հրեա Էդգար Հիլզենրաթի վեպը «Վերջին մտքի հեքիաթը» (1 գիրքը) Էսպերանտո լեզվով: Գիրքը հրատարակվեց Երևանի Պետական Համալսարանի ռեկտորի և աշխատակազմի աջակցությամբ:
Այս բոլոր վերոնշված աշխատանքները կատարվել են հայ էսպերանտիստների ուժերով:
Հայ էսպերանտիստներն ունեն վեբ-կայք, որտեղ բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ Հայ-էսպերանտո Միության հետ և իմանալ բոլոր նորությունները:
Հայ – էսպերանտո Միությունը ուրախ է, որ նրա կազմում Գուրգեն Սևակի կողքին Էսպերանտո շարժման ակունքների մոտ կանգնած էր և ակտիվ ներդրումն է ունեցել (և մինչ օրս շարունակում է) բանասիրական գիտությունների դոկտոր, լեզվաբան, բազմաթիվ գիտական գրքերի հեղինակ Կամառնիկ Գևորգյանը, որն ունի նաև շատ գրական թարգմանություններ էսպերանտո լեզվով:
Հայկական էսպերանտիստների կողմից թարգմանվել և թարգմանվում են հայկական երգերը, պատմվածքները և պոեզիան: Միջազգային հանդիպումների ժամանակ, որոնք կազմակերպվում են Հայաստանում, հայկական էսպերանտիստները ներկայացնում են համերգային ծրագիր, թատերական բեմադրություն բարձր մակարդակով, քանի որ հայ-էսպերանտիստների շարքերում կան բանասերներ, թարգմանիչներ, երաժիշտներ և թատերական կրթությամբ անհատներ:
Ի դեպ էսպերանտո լեզվով թարգմանությունը չի զիջում, անգամ գերադասում է մյուս թարգմանությունները: Նրանց թվում է էսպերանտո լեզվով թարգմանված Աստվածաշունչը, որի թարգմանությունը շատ մոտ է բնագրին, նույնպես ինչպես հայկական Աստվածաշունչը:
Ինչպես արդեն նշվեց, էսպերանտո լեզուն կարող է սովորել ամեն մարդ ՝ անկախ տարիքից և հարկ է նշել , որ տարբեր երկրներում անցկացվում են երաժշտական փառատոններ, որտեղ ելույթ են ունենում կատարողներ ինչպես էսպերանտո լեզվով թարգմանված երգերով, այնպես էլ գեղեցիկ հեղինակային երգերով:
Եզրափակելով մեր ծանոթացումը էսպերանտո լեզվի հետ, կարող ենք ավելացնել այն, որ շատ անվանի գրողներ, գիտնականներ և արվեստագետներ խոսում և թարգմանում էին էսպերանտո լեզվով: Թարգմանված և էսպերանտո լեզվով անմիջապես գրված գրականությունը բազմաքանակ է: Նրանց մեջ են Ա. Պուշկին Մ. Լերմոնտով ,Ս. Եսենին, Սերվանտես, Օ. Խայամ, Շեքսպիր, Ա. Իսահակյան, Հ. Թումանյան, այլ դասական և ուրիշ ժամանակակից գրքեր:
Իրենք՝ էսպերանտիստներն, ասում են, որ իրենց Միությունը ընկերների միություն է, որոնք ժամանակին հետաքրքրվելով և սիրելով այդ գեղեցիկ բարեհունչ նոր լեզուն, չնայած զբաղվածությանը, գտնում են ժամանակ միջոցառումներ կազմակերպելու, դասավանդելու, թարգմանելու համար:
Հայ էսպերանտիստները հրավիրում են բոլորին, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Էսպերանտո լեզուն կամ հետքրքրվում են նրանով, իրենց Միություն:
Սիրով սպասում ենք ձեզ:
BONVENON ! ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ
Մեր էլեկտրոնային հասցեն է ՝ [email protected].
Հռիփսիմե ՄԿՐՏՉՅԱՆ