Այսօր ժամեր անց Ստրասբուրգում կմեկնարկի ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը: Վեհաժողովն այս նստաշրջանի աշխատանքների ընթացքում կքննարկի Ղրիմի հարցով Ռուսաստանի պատվիրակությանը լիազորություններից զրկելու առաջարկը: Նշենք, որ ԵԽԽՎ կանոնադրական բյուրոյում արդեն գտնվում է ՌԴ պատվիրակության վերաբերյալ երկու առաջարկ, որոնք ներկայացրել են դանիացի պատվիրակ Մայքլ Յենսենը և Մեծ Բրիտանիայի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերնը: Այսօր բյուրոն որոշում կընդունի Ռուսաստանի պատվիրակության հարցը քննարկելու վերաբերյալ:
Նշենք, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում կքննարկվեն այս օրերին միջազգային հանրությանը հուզող այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, Եվրոպայում ստրկության, մարմնավաճառության, մարդկանց առևտրի խնդիրները: Ակտիվ են լինելու Ադրբեջանի պատվիրակության անդամները, նրանք երկու զեկույցով են հանդես գալու: Ապրիլի 8-ին ԵԽԽՎ-ում ելույթ է ունենալու Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, Վեհաժողովը կլսի նաև Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի ելույթը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ