Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդը կարող է երջանիկ լինել ցնցոտիները հագին թափառելով». Ամերիկացի գրող Թեյլր Հանգրֆորդ

Ապրիլ 06,2014 13:09

Ամերիկացի գրող, երաժիշտ Թեյլր Հանգրֆորդը կարծում է, որ մարդիկ սիրում են հեքիաթներ, պատմություններ, քանի որ նրանք պտտվում են դրանց հերոսների՝ անհատների շուրջը՝  ներկայացնելով նրանց պայքարը: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ստեղծագործելիս հենց այդ հանգամանքի վրա է շեշտը դնում:

 Թեյլր, երաժիշտ եք, գրող: Ձեր բոլոր երգերի հեղինակը դո՞ւք եք: 

– Որոշ երգեր ինքս եմ ստեղծագործում, սակայն բոլոր երգերը ինքս եմ գործիքավորում:

Ինչո՞ւ եք ընտրել երգարվեստի ճանապարհն ու գրողի մասնագիտությունը, և ոչ ձեր հոր՝ գլխավոր կապալառուի մասնագիտությունը:

– Հայրս ինձ երբեք ուղղություն չի տվել մասնագիտության ընտրության հարցում: Ես ավելի շատ հակված եմ վերացականին, այնպես որ շինարարությունն ինձ համար երբեք մեծ նշանակություն չի ունեցել, թեպետ այն օգտակար է: Վերացականությունը չի օգնում լվացարանի վերանորոգման ժամանակ:

 Գո՞հ եք ձեր աշխատանքից:

– Մարդիկ հաճախ ձգտում են առաջընթացի: Ներկա պահին ունեմ կայուն աշխատանք և գոհացնող աշխատավարձ, սակայն մեծ եռանդով եմ հետամուտ լինում երաժշտությանն ու գրելու արվեստին:

–  Ձեր թվային ալբոմն ինչպե՞ս եք պատրաստել:

– Այն ստեղծել ենք երկու ընկերներով՝ ընկերներիցս մեկի տան ստուդիայում, և շատ ենք աշխատել: Երկրորդ ալբոմի երգերը գործիքավորվել և միքսվել են երեք ժամվա ընթացքում: Ինձանից երկու ժամ է պահանջվել՝ այն կատարելու համար, իսկ ընկերոջիցս պահանջվել է երկու ժամ՝ այն մոնտաժելու և միքսելու համար:

– Հետաքրքիր է: Որևէ բարդության բախվո՞ւմ եք ամենօրյա աշխատանքում:

– Դեռ շատ լուրջ բարդության չեմ հանդիպել: Սակայն կան հոգևոր խոչընդոտներ: Ուղղակի չեմ ցանկանում ամբողջ կյանքն անցկացնել այս աշխատանքի վրա և պետք է պարբերաբար ինքս ինձ հիշեցնեմ այդ մասին:

«Եթե մի բան քեզ չի սպանում, այն քեզ ավելի է ուժեղացնում»: Կյանքը լի է փոփոխություններով և փորձություններով, սակայն բազում հաջողակ և մեծահարուստ մարդիկ անցել են տարբեր դժվարությունների միջով և չեն հանձնվել: Ինձ մեկ այլ հարց է հետաքրքրում: Ասում են՝ տաղանդավոր, հատկապես հանճարեղ մարդիկ խենթ են, վատթարագույն դեպքում՝ խելագար: Համաձա՞յն եք այդ տեսակետի հետ:

– Հարցրեք խելագարներին: Իրականում կարծիքները տարբեր են: Մարդիկ, ովքեր հետք են թողնում աշխարհընկալման, մարդկության վրա՝ ամբողջովին ողջամիտ չեն: Բայց իրականում աշխարհն է նրանց այդպես ընկալում: Հիշենք հույն փիլիսոփա Սոկրատին: Նրա մտքերը հազարամյակ հետո էլ են գործում, բայց մտածողին մեղադրել են երիտասարդներին կոռումպացնելու մեջ, ինչի համար դատապարտվել է մահապատժի: Ահա թե ինչ է անում աշխարհը այն անհատների հետ, որոնք նշանակալի փոփոխություններ են բերում աշխարհում: Նրանք ցանկանում են վատաբանել մարդկանց մեծամասնությունից տարբերվողներին՝ փորձելով նրանց վերածել օբյեկտի: Մայքլ Ջեքսնի, Մարտին Լյութր Քինգի, Էդուարդ Սնոուդենի և այլոց օրինակներն ավելի քան համոզիչ են: Նրանք այդ անեծքի շարունակությունն են: Այդպես եղել և այդպես էլ շարունակվելու է, բայց հուսամ՝ մի օր Աստծո շնորհիվ աշխարհը կարթնանա իր խելագարությունից և կընդունի այդօրինակ անհատներին և նրանց գաղափարները, քանի որ հանճարները խելագարներ չեն, այլ նրանց շրջապատող աշխարհն է խելագար:

– Կարծում  եք՝ տղամարդիկ և կանայք սոցիալապես հավասա՞ր են: Այդ դեպքում ինչո՞ւ են կանայք պայքարում իրենց իրավունքների համար (եթե իհարկե ֆեմինիզմն իսկապես կանանց նախաձեռնությամբ է ստեղծվել):

 – Բարդ հարց էր: Կարծում եմ՝ կարիք ունենք դուրս գալու ֆեմինիզմի հարթությունից և այն ուղղակի անվանել «քաղաքացիական իրավունքներ», որովհետև իրավունքն է պայքարի առանցքը: Չենք կարող անվանել քաղաքացիական իրավունքների շարժում, օրինակ՝ սևամորթների իրավունքների արշավը կամ ֆեմինիզմը կանանց համար: Երբ լեզուն փոփոխություն է կրում, բանավեճը կարող է դառնալ մարդկանց իրավունքներ ապահովող հիմնահարց, հատկապես նրանց համար, ովքեր մերժվել են սեռի պատճառով: Դեռ հեռու ենք երկու սեռերի միջև հավասար իրավունքներ ունենալուց: Եվ որպեսզի հասնենք դրան, պետք է սկսենք մտածել հասարակության կառուցվածքի մակարդակով համակեցության մասին: Պետք է դադարենք նույնկերպ մտածել կանանց և տղամարդկանց մասին: Չգիտեմ՝ ինչպես է Հայաստանում, բայց ԱՄՆ-ում կանանց հասարակացրել են՝ նրանց վերածվելով մասերից բաղկացած հավաքածուի: Նրանք ավելի շատ համարվում են սեռական օբյեկտ, քան հզոր, խելացի էակներ: Այստեղ էլ է երևում, որ աշխարհը խելագար է:

 

– Ո՞րն է ընտանիքի, կնոջ և տղամարդու երջակնության գաղտնիքը:

 

– Դրամատուրգ Մորիս Մաթերլինքն (1862-1949) ասել էր. «Մենք ունենք միայն այն երջանկությունը, որը մեզ է հասկանալի»: Մարդը կարող է երջանիկ լինել և´ ցնցոտիները հագին թափառելով ու երկիր մոլորակի առեղծվածներով հետաքրքրվելով, և´ հարուստ առանձնատանն ապրելով: Այդ ամենը սուբյեկտիվ է:

 Գրեթե բարդ է դառնալ սոցիալական, քաղաքական, մշակութային կյանքում կարևոր անձ, փայլել շոուբիզնեսում կամ ստեղծել սեփական հսկա բիզնեսը, թեպետ ոչինչ անհնարին չէ: Ինչպե՞ս կարող է մարդը աճել կամ արդյոք այդքան կարևո՞ր է առաջընթացն ու հարստանալը: Ինչպե՞ս են մտածում ԱՄՆ-ում այդ մասին:

– Ամերիկացինրի մեծամասնությունը սահմանափակ մոտեցում ունի հաջողության վերաբերյալ: Կա´մ երաժշտությամբ ես զբաղվում և ֆինանսապես հաջողակ ես, կա´մ ոչինչ ես: Մարդիկ մոռանում են հարցնեն. ինչո՞ւ են այս կամ այն անձը հայտնի: Իրականում բոլորը կարող են հայտնի լինել, եթե շատ ցանկանան: Օրինակ՝ կարող ես ավտոմեքենայով հարվածել մի քանի մարդու և թերթերը միանգամից կլցնեն քո մասին թնդացող նորությունով: Պատճառն այն է, որ վատաբանելու և քննարկման թեմա ունենալու թարմ առիթ է: Դրանից զատ, այն  լավ է վաճառվում: Նաև հակառակը: Կարող են համառությամբ սկսել դրական խոսել քո մասին՝ վերածելով պաշտամունքի օբյեկտի:

– Ունե՞ք հայ ընկերներ: Լեզու գտնում ե՞ք նրանց հետ:

– Այո´, այո ունեմ: Լոս Անջելեսի գեղեցկությունը նրանում է, որ կարող ես հանդիպել տարբեր մշակույթի, սովորույթների մարդկանց, ներառյալ հայերի: Երկու հայ ծանոթ ունեմ: Նրանցից մեկը վավերագրական ֆիլմի ռեժիսոր է, մյուսը երաժիշտ, բանաստեղծ, դերասան, գրող և աստված գիտի էլ ինչ.. Երկուսն էլ հոյակապ մարդիկ են:

– Ի՞նչ կցանկանաս փոխանցել հայ ընթերցողներին:

– «Սկզբնապատճառ» վեպի մի հատվածում Էյն Ռենդը մեջբերում է Արիստոտելին. «Մենք չպետք է մտահոգվենք աշխարհն ինչպիսին է հարցով, այլ նրանով, թե ինչպիսին պետք է լինի այն: Աղքատության, ահաբեկչության, նախապաշարմունքի, ատելության և այլ բացասական պատահարների միակ պատճառն այն է, որ մարդիկ են դրանք թույլ տալիս: Եթե բոլորս հավատանք, որ կարող ենք ապրել դրախտում, կարող ենք ապրել: Այնպես որ նա, ով հասցրել է կարդալ այս նյութը, նրան ասում եմ. դարձրու աշխարհն այնպես, ինչպես դու ես ցանկանում: Վերափոխիր այն յուրաքանչյուր գործողությանդ միջոցով: Հավատա և հնարավոր կլինի:

 

 Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930