ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը հերքում է անազատության մեջ գտնվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի հայտարարությունը, թե իշխանական թեւի ներկայացուցիչներ իրեն կլորիկ գումար են առաջարկել, խոստացել են վերադարձնել ծառայության, որից ազատամարտիկը ժամանակին կամավոր էր հրաժարվել, առաջարկել են բիզնես Էջմիածնում կամ Երեւանում, որպեսզի նա դադարեցնի նստացույցը եւ հրաժարվի պայքարից:
Հիշեցնենք, որ կլորիկ գումար իրեն առաջարկելու մասին նախօրեին դատարանում հայտարարել է Վոլոդյա Ավետիսյանը:
Պատասխանելով Aravot.am-Ի հարցին, թե իսկապե՞ս են եղել ճնշումներ ազատամարտիկի նկատմամբ, պարոն Օհանյանն ասաց. «Բանակից որեւիցե մեկը Վոլոդյա Ավետիսյանին չի մոտեցել, չի ասել՝ կաջակցենք, ծրագրեր կմշակենք, բիզնեսներ կտանք: Դա Վոլոդյա Ավետիսյանի անձնական խոսքն է: Միգուցե քրեական գործի շրջանակներում քննչական ծառայության աշխատակիցները ասած լինեն՝ եթե դու այդ խախտումը կատարել ես, եթե իրոք ընդունում ես քո մեղքը, որ իրոք կաշառք վերցնելու մեջ մեղադրված ես, համապատասխան պայմաններ կստեղծվեն, որ քո նկատմամբ մեղմ կվերաբերեն: Կարծում եմ՝ ցանկացած քննչականի գործունեության առանցքում է գտնվում: Մնացած որեւէ մեկը Վոլոդյային ոչինչ չի առաջարկել»:
Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանի գործը քննվում է հենց ՊՆ քննչական ծառայությունում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ