«Խնդրում ենք մեր շահառուներին ճշգրիտ վերծանել այն, ինչ գրված է պայմանագրում. այնտեղ խոսք չկա միացման վճարների մասին»,-Aravot.am-ի հարցին արդյոք արդարացվա՞ծ է այն, երիտասարդ մասնագետների համար կառուցվող Ավան-3 բնակարանային համալիրի շահառուները բնակարանը՝ էլեկտրամատակարարման ցանցին միացնելու համար պետք է վճարեն 92000 դրամ,երբ պայմանագրով սահմանված է, որ դա կառուցապատողն է անելու, այսպես պատասխանեց «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ, փոխնախարար Արսեն Քարամյանը:
Հիշեցնենք, որ «Պայմանագրի առարկան» բաժնում նշված է, որ
Է ) բնակարանի էլեկտրականության մոնտաժն իրականացվում է բնակելի շինության էլեկտրամատակարարման աշխատանքային նախագծի համաձայն,
Կարդացեք նաև
Ը ) բնակարանի էլեկտրական հանգույցները տեղադրված:
Պարոն Քարամյանը նկատում է, որ պայմանագրում միացման վճարների վետաբերյալ դրույթ չկա ու մանրամասնում. «Պայմանագրում շարադրված է, որ ներտնային լուսաֆիկացում է կատարվելու: Նշումը վերաբերում է ներտնային լարերի անցկացմանը, և դա ամենևին չի ենթադրում միացման վճար»: Այնուհետև Արսեն Քարամյանը համեմատություն անցկացրեց այս սոցիալական ծրագրի ու բիզնես նախագծերի միջև. «Երևանում բիզնես պրոյեկտների ժամանակ ներտնային հոսանքի վճարման ծախսը կառուցապատողի վրա է: Բայց համեմատեք բիզնես ծրագրով կառուցվող բնակարանների արժեքն ու սոցիալական ծրագրերով կառուցվող բնակարանինը: 141 դոլարին համարժեք դրամի տիրույթում անհնար է ունենալ այդպիսի հաշվարկ: Սա վերաբերում է նաև գազաֆիկացմանը: Պայմանագրում կա նշված. շենքի գազաֆիկացումն արվում է մեր միջոցների հաշվին, ներտնայինը կատարում է շահառուն: Ավան 3-ի դեպքում, քանի որ ջրի միացումը տեղավորվում է մեր հնարավորությունների տիրույթում, այդ վճարը վերցնում ենք մեզ վրա»:
Մեր դիտարկմանը, բայց փաստ է այն, որ Ավան-2 բնակարանային ամալիրի դեպքում էլեկտրականության միացման վճարները կատարել է Միավորումը, պարոն Քարամյանը պատասխանեց, թե այդպես փոխհատուցել են բնակարանների հանձնման ուշացումը: Այնուհետև վստահեցրեց. «Ավան 3-ի պարագայում չենք ունենալու ուշացում, դա արդեն իսկ ակնհայտ է: Մայիսի առաջին տասնօրյակում կունենանք ավանդական ակտը շենքի, մայիսի 15-20-ից հետո բնակարանները կսկսենք հանձնել շահառուներին: Ավան 3-ի շենքերը շահառուներին հանձնվում են շատ ցածր գնով, և այդ գումարի մեջ իսկապես անհնար է տեղավորել որևէ լրացուցիչ ծախս: Մեր միջոցների հաշվին կառուցում ենք ժամանակակից ենթակայան, որը մատակարարելու է Ավան 3-ին: Շուրջ երկու շաբաթ աշխատանքները սկսված են, մեկ ամիս ու կեսից կավարտենք: Ուստի չեն լինի հոսանքի ընդհատումներ: Մեր միջոցների հաշվին կատարելու ենք տարածքի բարեկարգման աշխատանքները»: Պարոն Քարամյանը նշեց նաև, որ նոր երթուղային գծի հետ կապված քաղաքապետարանում քննարկում արդեն ունեցել են:
Հետաքրքրվեցինք՝ Ավան-3-ի շահառուներին ե՞րբ են տրամադրվելու շենքի աշխատանքների հետ կապված մեկ տարվա երաշխիքային կտրոնները, պարոն Քարամյանը պատասխանեց. «Մեկ տարին դա առավելագույն ժամկետն է. որոշ աշխատանքների գծով ընտրվում է վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետ: Շենքի հանձնման ընդունման ակտերի ժամանակ դա հստակ ֆիքսվելու է, և որևէ փոփոխություն այս առումով չունենք: Այնպես որ, անհոգ պետք է լինել: Բայց դա չի նշանակում, որ սխալ շահագործման հետևանքով ունեցած խնդիրների առումով ենթադրվելու է երաշխիքային սպասարկում: Այն բնակարաններում, որտեղ կկատարվեն միջամտություններ, դրանք չեն ենթարկվի երաշխիքային սպասարկման»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ