Այսօր՝ ապրիլի 5-ին, Բրյուսելի «Հայ տուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, Եվրոպայում գործող տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարների և ներկայացուցիչների» հավաք–հանդիպումը, որին Հայաստանի Հանրապետությունից մասնակցում էին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Եվրոպական երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Էստոնիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լատվիայի, Լեհաստանի, Լիտվայի, Կիպրոսի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի հայ համայնքներից մասնակցեցին 45 ներկայացուցիչներ: Հավաք-հանդիպմանը մասնակցեցին Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, հոգևոր առաջնորդներ:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ելույթ ունեցան ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը և մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, որից հետո հանձնախմբերի ներկայացուցիչները և ՀՀ դեսպանները ներկայացրին հանձնախմբերի կողմից իրականացված աշխատանքները և նախատեսվող ձեռնարկները: Վերջում տեղի ունեցավ հարց ու պատասխան և քննարկում: