Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բուհերի հաստիքացուցակը 60 %-ով պետք է կրճատվի». փոխնախարար

Ապրիլ 05,2014 18:42

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի գնահատմամբ, երիտասարդների զբաղվածության խնդիրը այսօր ամենասրված հարցն է:

Իրենց ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանում մարդկանց 37 % աշխատանք գտնելու խնդրի առջեւ է կանգնած: Համեմատության համար նա ներկայացրեց Ուկրաինայի գործազրկության ցուցանիշը՝ 51% եւ Վրաստանինը՝ 35 %: «Զբաղվածության խնդիրը տնտեսական վերելքի հետ է կապված: Որեւէ գործուն ծրագիր, որը կարող է ազդեցություն թողնել եւ մեկ տարի հետո իրավիճակը շտկել, չենք կարող անել: Բայց որոշակի ծրագրերի տեսքով փորձում ենք որոշակի շտկումներ անել»,- այսօր ՀԵՀ-ի նախաձեռնած սեմինարի ժամանակ ասաց փոխնախարարը:

Ըստ նրա, երիտասարդների գործազրկության պատճառներից մեկն էլ որակյալ կրթություն չապահովելու հետ է պայմանավորված. « Այն ինչ ունենք կրթության ոլորտում, մեղմ ասած նպաստում է գործազրկության աճին: Կան շատ պետական բուհեր, որոնք այնպիսի հաստիքացուցակ ունեն, դասախոսների այնպիսի կազմ, որով ավելի շատ սոցիալական բաղադրիչ են լուծում, քան՝ կրթական: Չեն կրճատում դասախոսներին եւ ահռելի ծախսեր են առաջանում: Բուհը պետք է թոթափի սոցիալական գործառույթը, հաստիքացուցակը 60 %-ով պետք է կրճատվի: Կրթությունը պետք է լինի թանկ եւ որակյալ»:

Հարցին, թե Հայաստանում ուսման վարձերի բարձրացմանը զուգահեռ կա՞ կրթության անհրաժեշտ որակ, պարոն Քարամյանն ասաց, թե Հայաստանում կրթությունը թանկ չէ, իսկ որակի վերաբերյալ վստահեցրեց. «Պահանջարկը որակ է թելադրում: Այսպես չպետք է լինի՝ այսօր ամեն բուհ դիմողն ընդունվում է, պետք է մրցակցություն լինի»:

Նա նաեւ պատմեց, որ մեկ ամիս առաջ կառավարությանը նախագիծ են ներկայացրել, որով նախատեսում են  մարզաբնակ երիտասարդ ընտանիքներին շուկայական գներից էժան բիզնես վարկեր տրամադրել՝ մինչեւ տասը միլիոն դրամի չափով: Փոխնախարարի կարծիքով, առաջիկա մեկ ամսվա ընթացքում նախագիծը կդառնա կառավարության որոշում, իսկ կկիրառումը նախատեսվում է հաջորդ տարվա հունվարից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nvard says:

    Իրենց անգրագետ ծանոթ- բարեկամներին լցնում են բուհեր, ուռճացնում հաստիքները և իրենք էլ բողոքում և կրճատումներ սկսում.
    Արդյունքում իրենց անգրագետներին պահում են, ոչ յուրայիններին էլ` կրճատում: Ահա թե որտեղից է գալիս կոռուպցիան և անգրագիտությունը….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930