«Ես միշտ պայքարում եմ, որ Թուրքիայում ավելի շատ ելույթների հնարավորություն ունենամ, և դա ինձ հաջողվում է»,- ասում է դասական մեներգիչ, տենոր, բազմաթիվ միջազգային մրցույթների «Գրան պրի» մրցանակակիր Կարեն Զոհրաբյանը, որն այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում խոսեց մարտի 28-ից 31-ը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում անցկացված «ABANICO 2014» իսպանական երգի և պարի միջազգային մրցույթ-փառատոնի մասին, որտեղ երգիչը, ներկայացնելով մեր երկիրը, մեծահասակների տարիքային խմբում արժանացել է «Գրան պրի» մրցանակի: Սա երգչի երրորդ «Գրան պրի»-ն է:
Կ. Զոհրաբյանն ասաց, որ այս փառատոնից հետո բազմաթիվ հրավերներ ունի արտասահմանից. «2015 թ. Մալթայում կայանալիք երգի մրցույթ-փառատոնին եմ մասնակցության հրավեր ստացել, ժյուրիի հրավեր ունեմ Ռիգայում «Ֆոլկլորային երգ» անվանակարգում: Սա կկայանա այս տարվա ապրիլի 29-ից մայիսի 4-ը: Բայց դեռ պիտի որոշեմ՝ գնա՞լ, թե՞ ոչ: Իսկ ապրիլի 30-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում մի փառատոն կա Թուրքիայի Սիդե քաղաքում, որին անպայման գնալու եմ: Պիտի հնչեցնեմ «Առանց Մասիս» ստեղծագործությունը, որի հեղինակը Ռոբերտ Պետրոսյանն է»,- նշեց երգիչը և հավելեց, որ իր համար կարգախոս և սկզբունք է դարձրել բոլոր երկրներում, առաջին իսկ հնարավորության դեպքում, հնչեցնել հայկական երաժշտությունը:
Իսկ չի՞ վախենում արդյոք Թուրքիայում հանդես գալ «Առանց Մասիս» ստեղծագործությամբ:
«Վտանգներ տեսնում եմ, իհարկե, բայց չեմ վախենում: Ես ուղղակի հույս ունեմ, որ մինչև նրանք գլխի ընկնեն՝ ես ինչ երգեցի, մենք արդեն նկարահանած-վերջացրած կլինենք»,- կատակեց տենորը և հավելեց, որ ամեն գնով պիտի մասնակցի այս փառատոնին և հնչեցնի «Առանց Մասիս» ստեղծագործությունը. «Այս երգը կատարելիս, երբ թուրք եմ տեսնում, ավելի եմ ոգևորվում»,- ասում է Կ. Զոհրաբյանը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ