«Յուրաքանչյուր օրենք, որ ընդունվում է, նախքան օրենք դառնալը՝ օրենքի նախագիծն անցնում է մի շարք իրավական փորձաքննություններ թե՛ նախագահի աշխատակազմում, թե՛ առավել եւս Արդարադատության նախարարությունում: Մենք հիմա պատասխանատվություն ենք պահանջում՝ որտե՞ղ է եղել Արդարադատության նախարարությունում իրավական փորձաքննություն իրականացնող բաժինը, որ նման թափթփված, փնթի, հակասահմանադրական նորմերով լի օրենքը հասել է Ազգային ժողով քիչ չէ, մի հատ էլ հաստատվել է որպես օրենք, եւ նախագահն էլ ստորագրել է»,- այսօր՝ ապրիլի 5-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:
Նրա պնդմամբ՝ իրավական փորձաքննություն իրականացնողներին ոչ միայն պետք է հեռացնել աշխատանքից, այլ նաեւ պատասխանատվության ենթարկվել պետական միջոցների անհարկի վատման համար.
«Մենք հստակ պահանջում ենք Սահմանադրական դատարանի որոշման ուժով, որ որեւէ մեկը չփորձի իր աշխատողի կամ քաղաքացու կամքին հակառակ որեւէ գանձում կատարել կամ նրա կամքին հակառակ ինքնաշխատ համակարգով աշխատող ֆոնդեր ընտրել»:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ անմիջապես չեն կազմակերպել իրենց հավաքը՝ Դավիթ Մանուկյանը նշեց, որ իրենք ուզում են ճիշտ հասկանալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը, մշակել քայլերը, ոչ թե հապճեպ անել մի բան եւ հետո հայտարարել, թե սխալ էին հասկացել որոշումը:
Կարդացեք նաև
«Սա թող կոչ լինի իշխանություններին, որ ինչքան դուք պահում եք այս հակասահմանադրական նորմերը, այնքան անվստահությունը խորանալու է, այնքան հանրության բողոքի ալիքը ավելի է բարձրանալու, դրա համար վճարած սոցիալական գինն ավելի բարձր է լինելու»,- ասաց նա:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ