Հայաստանի լյարդաբանական ասոցիացիայի նախագահ, լյարդաբան Հասմիկ Ղազինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ աշխարհում վիրուսային հեպատիտներով վարակված մարդկանց թիվը հասել է 600 մլն- ի, որոնցից 400 մլն-ը վիրուսային հեպատիտ B- ով, իսկ 200 մլն-ը վիրուսային հեպատիտ C-ով են վարակված:
Լյարդաբանի խոսքով՝ աշխարհում ամեն 10-րդը վարակված է հեպատիտ B-ով եւ C-ով. «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վիրուսային հեպատիտները համարվում են համաշխարհային առողջապահական կազմակերպության համար գլոբալ խնդիր»:
Տիկին Ղազինյանը հայտնեց, որ ներկայումս աշխարհում հեպատիտ C-ն ունի աճման միտում, եւ շուտով այն կդառնա երեք անգամ ավելի շատ. «Խոսքը վերաբերում է վարակվածներին, դե իսկ վարակվածների թվի հետ կավելանա նաեւ մահացության թիվը» :
Ամբողջ աշխարհում վիրուսային հեպատիտ C-ի դեմ վակցինացիա գոյություն չունի:
Կարդացեք նաև
Լյարդաբանի խոսքով՝ վիրուսային հեպատիտ B-ն ներկայումս համարվում է կառավարելի հիվանդություն. «Վիրուսային հեպատիտ B-ի դեմ արդեն կա վակցինա, որը գործում է 153 երկրներում՝ ներառյալ Հայաստանում: Այն մեզ մոտ համարվում է ազգային ծրագիր, 1996 թվականից բոլոր նորածինները առաջին իսկ օրից դրա դեմ ստանում են վակցինա, որը 90 տոկոսով կանխարգելում է վարակը՝ մինչեւ 17-18 տարեկան հասակը»:
Տիկին Ղազինյանը ասաց, որ վակցինացիայի շնորհիվ է, որ Հայաստանում վիրուսային հեպատիտներով վարակվածների տարիքը եւ փոխանցման ուղին փոխվել են. «Եթե մինչեւ վակցինացիան փոխանցման ուղին հանդիսանում էր արյան փոխներարկումը, ապա հիմա հիմնական ուղին համարվում է սեռական ճանապարհը: Հիմա վարակման մեծ վտանգ կա 20-40 տարեկան մարդկանց մոտ»:
Տիկին Ղազինյանը նշեց, որ երկու վիրուսներն էլ՝ հեպատիտ B-ն եւ հեպատիտ C-ն համարվում են արյունածին. «Սկսած արյան փոխներարկումից, վիրաբուժական միջամտություններից, կոսմետոլոգիական միջամտություններից, ընդհուպ մինչեւ դաջվածքները կարող են հեպատիտ C-ի համար ինֆեկցիայի աղբյուր հանդիսանալ»:
Լյարդաբանը նշեց, որ վիրուսային հեպատիտները համարվում են գլոբալ խնդիրներ , որովհետեւ այդ հեպատիտներից մահացության թիվը շատ մեծ է, իսկ հետեւանքային բարդությունների թիվը առավել մեծ. «Բարդություններից են լյարդի ցիռոզը, լյարդի առաջնային ուռուցքը եւ լյարդային անբավարարությունը, որը հանդիպում է հիվանդների 40 տոկոսի մոտ»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ