«Մենք դիմել էինք Սահմանադրական դատարան՝ վիճարկել կուտակային կենսաթոշակի մասին օրենքի մի շարք հոդվածներ, եւ որպես այդպիսին ՍԴ-ն տվել է այն գնահատականը, որը մենք ուզում էինք, մենք համոզված էինք, ուստի՝ մենք գնահատում ենք դրական, քանի որ Սահմանադրական դատարանը տվել է իր իրավական գնահատականը վիճարկվող հոդվածներին»,- այսօր՝ ապրիլի 5-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ դատարանի կողմից տրված մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամկետը հնարավորություն է շուտափույթ կատարել պահանջվող շտկումները, ոչ թե մինչեւ սեպտեմբերի 30-ը ամեն կերպով գումարներ կորզել եւ դրանից հետո նոր մտածել շտկումների մասին. «Ժողովրդավարական իրեն համարող մեր երկրում, որն, ի դեպ, մեր Սահմանադրության 1-ին հոդվածով է սահմանված, պարզապես ամոթալի է ավել մեկ օր ունենալ շրջանառության մեջ դրույթներ, որոնք արդեն իսկ հակասահամանադրական են բնորոշվել»:
Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Դավիթ Դավթյանը նշեց, որ չնայած Սահմանադրական դատարանը իրավական առումով հաստատեց իրենց պնդումները, սակայն սոցիալական առումով հարցին լուծում չի տրվել: Նա առանձնացրեց ՍԴ-ի որոշման 6-րդ կետը, որն ամբողջությամբ հաստատում է մարդու իր սեփականության նկատմամբ ունեցած իրավունքը. «Այդ իրավունքը խախտելու իրավունք չունի ոչ ոք: Այդ բոլոր հոդվածներն ուղղված են նրան, որ իրենից անկախ մարդու միջոցներն տնօրինեն, բայց 6-րդ կետն ասում է, որ պետք է հաշվի առնել մարդու սեփականության իրավունքը: Սահմանադրական դատարանը մեզ շատ ուժեղ զենք է տվել, որը պետք է օգտագործենք»:
Իսկ Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ ֆոնդեր ընտրել են մոտ 6000 մարդ, ինչը նշանակում է, որ ֆոնդեր չեն ընտրել շուրջ 120.000 մարդ՝ 97 տոկոսը, այսինքն՝ չեն ցանկացել մասնակցել այդ օրենքի կիրառմանը, նա քաղաքացիների այդ քայլը համարում է կոչ իշխանություններին. «Սահմանադրական դատարանի որոշմամբ, որտեղ առանցքային կետը ազատ կամարտահայտման իրավունքն է, հիմնվելով այդ կետի վրա եւ հաշվի առնելով, որ մարդկանց 97 տոկոսը չի ցանկացել մասնակցել այդ ծրագրին՝ պետք է անհապաղ՝ հենց երկուշաբթի, չեղարկել այդ օրենքը՝ հրավիրել արտահերթ նիստ եւ չեղարկել այն, անցնել նախորդ համակարգին, վերադարձնել բոլորի գումարները եւ արագ անցում կատարել, քանի որ դրա դժվարություններ չկան. Նախորդ համակարգը կոնկրետ արդեն գործող համակարգ էր եւ շատ արագ կարելի է նախորդ համակարգին անցում կատարել»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ