Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. «Միջին վիճակագրական երեխան գերադասում է գիտելիք ստանալ ինտերնետից»

Ապրիլ 05,2014 13:27

Տեղեկատվության անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը այսօր երիտասարդական քաղաքականությանը նվիրված ծաղկաձորյան սեմիներին խոսեց համացանցում  երիտասարդների հիմնախնդիրների մասին: Սամվել Մարտիրոսյանի ձեւակերպմամբ,  երիտասարդության հիմնախնդիրներից  խոսելիս՝ սերունդ առ սերունդ նույն բաներն են ասում. «Իբր ջահելությունն այն չէ, որակական կտրուկ անկում է զգացվում, երիտասարդությունն էլ  իր հերթին ասում է, որ «տարիքով» սերունդը կաշկանդված եւ կաղապարված է: Այսպես շարունակվում էր մինչեւ այն պահը, մինչեւ գործը չհասավ ինտերնետին: Ինտերնետի եւ ՏՏ զարգացումը բերեց յուրահատուկ փոփոխությունների, եւ առաջին անգամ երիտասարդ սերունդը ավելի լուրջ դիրքեր ստացավ, քան նախկինում»: Նա բերեց Google-ի օրինակը. «Երբ  իրենք սկսեցին լուրջ ազդել աշխարհի վրա, խոսք էր գնում  20-30 տարեկանի մասին: Եթե նախկինում 30 եւ ավելի բարձր տարիքի սերունդն էր գիտելիքների կրող եւ գիտելիքը ժառանգաբար փոխանցող, այսօրվա դրությամբ գիտելիքի ձեւավորմամբ զբաղվում են 18-20 տարեկանները, ինտերնետը դառնում է  գիտելիքի կրողը: Եթե միջին  վիճակագրական մարդը ինչ-որ բանով հետաքրքրվում էր մի երեք հարյուր տարի առաջ, ապա կիմանար, որ կողքի երկրում համալսարան կա, կգնար-կսովորեր, մի հիսուն տարի առաջ նա  հանրագիտարան կկարդար, իսկ այսօր գիտելիք կստանա Վիքիփեդիայից»:

Տեղեկատվության անվտանգության մասնագետի խոսքով, երիտասարդությունը համացանցում գտել է մի տեղ, որտեղ ինքնուրույն կարող է զարգանալ. «Միջին վիճակագրական երեխան այսօր գերադասում է գիտելիք ստանալ այս մեթոդներով, քան դասի ժամանակ՝ դասարանում: Գիտելիքը մի կողմից արագ է զարգանում, մյուս կողմից էլ չստուգված է զարգանում: Օրինակ տղաները պատմությունը գիտեն որոշ խաղերից…  Քանի որ երեխան դպրոցում չի ստանում իրեն հետաքրքրող գիտելիք, դա փնտրում է համացանցում:  Նույն միտումը այլ երկրներում էլ կա. դպրոցում ամենահետաքրքիր բանն ամենաանհետաքրքիր ձեւով է ներկայացվում: Ես մի քանի տարի առաջ Դուբլինում հայտնվեցի, իմ ամենասիրած գիրքը Ջոյսի «Ուլիսեսն» է: Ժամանակին մեզ ստիպում էին կարդալ զարհուրելի կոմունիստական գրքեր, դրա համար էլ  «Ուլիսեսն» ուղղակի կլանեցի: Պարզեցի, որ իռալանդացի զրուցակիցներս չեն  էլ կարդացել, քանի որ դպրոցում են դրա մասին անցել ու անհետաքրքիր է մատուցվել»:

Սամվել Մարտիրոսյանը փաստում է՝ Վիքիփեդիայում կարեւոր չէ քո հասարակական դիրքը, ոչ մեկին հետաքրքիր չէ, դու գիտությունների թեկնածո՞ւ ես, ունե՞ս բարձրագույն կրթություն, կարեւորը պրակտիկ գիտելիքներն են, ոչ թե  դիպլոմդ՝ «թղթե շերեփը»: «Դու կարող ես լինել դպրոցի աշակերտ, բայց ունենալ  լավ դիրքեր այդ ոլորտում: Ցավոք, վերջին 200 տարվա մեջ ձեւավորվել է նոր կրոն՝ գիտություն:  Բայց գիտության մեջ էլ մի թեզը կարող է տասը տարի հետո հերքվել: Հիշում եմ՝ 70-ականներին հղիների համար գլխացավի դեղ էին ստեղծել, գիտնականներն  էլ ապացուցել էին, որ  այն անվնաս է: Իրականում, դրա արդյունքում մի սերունդ մուտացված է ծնվել, առանց ձեռքի ու ոտքի»,-ասում է մասնագետը: Նաեւ հավելում՝ եթե գիտական գիրք ես կարդում, այնտեղ հաճախ միայն մեկ կարծիք է արծարծված լինում,  մինչդեռ Վիքիփեդիայում մի քանի կարծիք է մեկտեղվում:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ # SAVE KESSAB  ակցիային: Սամվել Մարտիրոսյանը փաստեց, որ այդ համատեքստում ոչ ստուգված ինֆորմացիա է տարածվել, բայց մյուս կողմից էլ, նրա խոսքով. «Շեշտվեց, որ Քեսաբը Հայոց ցեղասպանությունից մնացած կղզյակներից է եւ այդ պրոբլեմում Թուրքիան դերակատարություն է ունեցել»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930