Հետո որոշել՝ ով կարող է դա իրականացնել
Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
–Կարծիք կա, թե Հանրապետականը «ձիով քայլ» արեց՝ զոհաբերելով վարչապետին, վերացրեց «քառյակին» միավորող հիմնական գործոնը, դրանով իսկ չեզոքացրեց ապրիլի վերջին սպասվող հանրահավաքային «ալիքի» հնարավոր հետեւանքները։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Մենք այդպես էլ գիտեինք, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը հայկական սցենարներով բերելու, կապելու են քառյակի գործունեության հետ, իբր՝ տեսեք, քառյակը ինչ արեց։ Նաեւ մեկնաբանություններ են հնչում, թե «Դեմ եմ» քաղաքացիական շարժումը ստիպեց Հանրապետականին գնալ այդ քայլին, կամ միգուցե Ռուսաստանը ճնշեց…
Բնականաբար այս վարկածներից եւ ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը։ Տիգրան Սարգսյանը ինքնուրույն որոշում է կայացրել՝ իր մոտեցումները ձեւակերպել է եւ հրաժարականի դիմում է գրել, որը Հանրապետականի եւ նախագահի կողմից ընդունվել է։ Մնացածը մտացածին խոսակցություններ են, որ շրջանառության մեջ են դրվում մամուլի եւ քաղաքական որոշ շրջանակների կողմից։
–Մեկնաբանություններից մեկն էլ այն է, թե վարչապետի հրաժարականը, որ գրեթե անմիջապես հաջորդեց ՍԴ հայտնի որոշմանը, վկայում է Հանրապետականի դիրքերի «աննախադեպ թուլության», խոցելիության մասին։
-Ես կասեի՝ հակառակը, վերջին իրադարձությունները գալիս են ասելու, որ Հայաստանում ձեւավորվում է քաղաքական նոր մշակույթ։ ՍԴ որոշումն իսկապես աննախադեպ էր եւ պետք է մեկնաբանվի որպես եւս մեկ ձեռքբերում մեր դատաիրավական բարեփոխումների գործընթացում, նոր մշակույթ քաղաքական եւ իրավական դաշտում։ Առավել եւս՝ քաղաքացիական շարժումները, որոնք նորույթ էին հայ իրականության մեջ։
Կարծում եմ, ցանկացած լուրջ քաղաքագետ հասկանում է, որ նման երեւույթները իրողություն են դառնում միայն ուժեղ իշխանության օրոք։
Ի վերջո, պետք է հասկանալ, որ աշխարհում ամենաթիրախային կամ խոցելի պաշտոնը վարչապետի պաշտոնն է։ Առավել եւս՝ Հայաստանում, վարչապետը դեռ չնշանակված՝ հաջորդ օրը արդեն խոսում են հրաժարականի մասին։
Տիգրան Սարգսյանը 6 տարի աշխատել է, բավական լուրջ աշխատանք է կատարել, դա նրա անհատական որոշումն է, եւ մեկնաբանությունները, թե մենք ուժեղ էինք, Հանրապետականը թույլ էր, դրա համար ընդունեց վարչապետի հրաժարականը, ուղղակի անտեղի խոսակցություններ են։
–Թեեւ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը դուրս է եկել օրակարգից, խորհրդարանական չորս ուժերը ասում են, որ վճռական են՝ շարունակելու պայքարը հանուն «համակարգային փոփոխությունների»։ Ձեզ համար տեսանելի՞ են քառյակի հետագա քայլերը։
-Նախ, ասեմ, որ ոչ իշխանական չորս ուժերը բավական տարբեր են՝ թե՛ իրենց սկզբունքային մոտեցումներով, թե՛ գաղափարախոսությամբ, թե՛ մարդկային հատկանիշներով։ Բացի դրանից, քաղաքական թիմը սովորաբար ամբողջանում է՝ իր ծրագիրը դարձնելով հանրության սեփականությունը, իսկ քառյակը մինչեւ հիմա դեռ չի ձեւակերպել իր ռազմավարությունը, անգամ նպատակները չի հստակեցրել։
Խոսում են վարչապետի հրաժարականի, իշխանափոխության մասին, բայց իշխանափոխությունը ընդամենը միջոց է ոչ թե նպատակ, մինչդեռ ժողովուրդը կարող է միավորվել միայն նպատակների շուրջ։
Չեմ էլ կարծում, թե վարչապետի հրաժարականով քառյակը կորցրեց իր «ոգեղենությունը»՝ միշտ էլ ընդդիմությունը շատ ավելի ազատ է իր դրսեւորումներում, քան իշխանությունը, որովհետեւ պատասխանատվությունն իր վրա չէ. վարչապետի հրաժարականը չլինի՝ մի ուրիշ բաղկացուցիչ կգտնեն, որեւէ օրենսդրական նախաձեռնություն, միջադեպ, իրադարձություն, եւ կփորձեն ճանապարհ անցնել։ Եթե տեսնեն՝ դա էլ ցանկալի արդյունք չի տալիս, ֆորմատների փոփոխություն կանեն։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: