Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Ազգային միջնապատերը երբեք չեն վերանա

Ապրիլ 05,2014 14:40

Նման փորձերը հանգեցնում են թշնամանքի

Ուղիղ 100 տարի առաջ բոլշեւիկների առաջնորդ Լենինը գրում էր. «Սոցիալիզմը ստեղծում է մարդկային համակեցության նոր բարձրագույն ձեւեր, երբ ցանկացած ազգության աշխատավոր զանգվածների օրինական պահանջարկներն ու առաջադեմ ձգտումները առաջին անգամ բավարարվելու են ինտերնացիոնալ միասնականության մեջ՝ ազգային միջնապատերը վերացնելու պայմանով»: Այդ տեսության հիման վրա 60-ական թվականներից սկսած՝ Լենինի հիմնադրած երկրում «խորհրդային ժողովուրդ» բառակապակցությունը սկսեցին օգտագործել որպես գաղափարախոսական եզր՝ հայտարարելով, որ դա «պատմական նոր ընդհանրություն է», որի մեջ կձուլվեն ազգերը՝ պահպանելով որոշակի առանձնահատկություններ:

1961 թվականին, ԽՄԿԿ 22-րդ համագումարում, Նիկոլայ Խրուշչովը հայտարարեց, որ այդ նոր տիպն ընդհանրություն ունի՝ «ընդհանուր սոցիալիստական հայրենիք՝ ԽՍՀՄ-ը, ընդհանուր տնտեսական հիմք՝ սոցիալիստական տնտեսությունը, ընդհանուր սոցիալ-դասակարգային կառուցվածք, ընդհանուր աշխարհայացք՝ մարքսիզմ-լենինիզմը, ընդհանուր նպատակ՝ կոմունիզմի կառուցումը, բազմաթիվ ընդհանուր գծեր հոգեւոր կերպարի եւ հոգեբանության մեջ»: «Խորհրդային ժողովուրդ» նոր ընդհանրության «շարժիչ ուժը» հայտարարվում էր ԽՄԿԿ-ն, իսկ շփման լեզուն՝ ռուսերենը: Այդ ծրագրի «գիտական մասը» մշակում էր ակադեմիկոս Յուլիան Բրոմլեյը:

Ուտոպիա՞ էր արդյոք «ազգային միջնապատի» քանդումը: Այո, բայց հանուն դրա խորհրդային իշխանությունը ներդրել է հսկայական միջոցներ քարոզչության եւ կրթության մեջ, կառուցել է մեծուփոքր քաղաքներ՝ արդյունաբերական հսկաներով: Նախատեսված էր, որ այդ քաղաքներում, մասնավորապես՝ Երեւանում, Լենինականում, Կիրովականում, Չարենցավանում, Աբովյանում պետք է ապրեին ոչ այնքան հայեր, որքան «սովետական մարդիկ»՝ որոշակի ընդհանուր «հոգեւոր կերպարով» եւ «հոգեբանությամբ»: Հայաստանցիներիս համար դա հիմնականում ընդունելի էր, իսկ, օրինակ, էստոնացիների համար՝ չափազանց խորթ, ու նաեւ այդ պատճառով, ինչպես նաեւ արդյունաբերական գիգանտները աշխատեցնելու նպատակով այդ հանրապետություն ուղարկվել էին հազարավոր ռուսներ:

Հայաստանում «պատմական նոր ընդհանրություն» ստեղծելու գաղափարին բացահայտ դիմադրություն գրեթե չկար. մենք՝ հայերս, որպես կանոն, հակված ենք հարմարվել «նաչալստվայի» գաղափարներին (եթե դրանք մեր գրպանին չեն կպնում)՝ առանձնապես լուրջ չվերաբերվելով դրանց եւ զուտ ձեւականորեն համաձայնելով դրանց հետ: Բայց այդքանով հանդերձ՝ պետք է ասել, որ «նոր ընդհանրության» գաղափարը խորհրդային կայսրության գաղափարախոսության կարեւորագույն, անհրաժեշտ տարրերից էր: Դրանով, ի դեպ, այդ ծրագրերը տարբերվում են Պուտինի ներկայիս եվրասիական ծրագրերից, որոնք չունեն գաղափարախոսական, քաղաքակրթական հիմք եւ նույնիսկ տեսականորեն անիրագործելի են՝ շուկայական հարաբերությունների, համացանցի առկայության, տոտալիտար համակարգի եւ «երկաթյա վարագույրի» բացակայության պայմաններում:

80-ական թվականների երկրորդ կեսին «ազգային միջնապատերի վերացման» տեսությունը Խորհրդային Միությունում հիմնովին ջախջախվեց: Հետագա տարիների ընթացքում բացահայտվեց, որ անհաղթահարելի հակասություններ կան ոչ միայն հայերի եւ ադրբեջանցիների, չեչենների ու ինգուշների, ուզբեկների եւ տաջիկների միջեւ, այլեւ ուկրաինախոս եւ ռուսախոս ուկրաինացիների միջեւ: Դժվար թե հետխորհրդային տարածքում այսօր շատ մարդիկ գտնվեն, ովքեր իրենց զգում են «նոր ընդհանրության» մի մասնիկ:

Բայց դա ոչ միայն մեր՝ հետխորհրդային տարածքի, այլեւ, մասնավորապես, Եվրոպայում ի հայտ եկած խնդիր է: 40 տարի առաջ մենք ասում էինք՝ «հարավսլավացի», բայց հիմա պարզ է, որ նման ազգ չկա՝ կան սերբեր, բոսնիացիներ, խորվաթներ, ալբանացիներ եւ այլն, որոնք 1990-ականներին իրենց հակասությունների պատճառով իրար ոչնչացնում էին: Եվրոպայում «մշակութային բազմազանության» տեսությունը նույնպես մեծ ճաքեր տվեց: Թուրքերը Գերմանիայում «չինտեգրվեցին» եվրոպական արժեքներին եւ մեծ գլխացավանք են գերմանացիների համար: Մի քանի տարի առաջ Բրյուսելի կենտրոնում մեզ երեկոյան խորհուրդ չէին տալիս քայլել որոշակի փողոցներով՝ սեւամորթների հարձակման վտանգից խուսափելու համար: Պատահակա՞ն է արդյոք, որ Եվրոպայում նույնպես գլուխ են բարձրացրել ազգայնականները:

Մարդկությունը չի գտել ազգային խնդիրը լուծելու բանալիները: Կասկածում եմ, որ երբեւէ գտնվի այդ խնդրի ունիվերսալ եւ վերջնական լուծումը: Պարզ է մի բան՝ «նոր պատմական ընդհանրություններ» ստեղծելու գաղափարները դատապարտված են: Պետք չէ այլեւս նման փորձեր կատարել՝ դա ի վերջո բերում է ազգերի մեջ հակասությունների սրման: Ազգերը պիտի իրար հանդուրժեն, իրար հետ մրցեն տնտեսապես, փորձեն իրարից վերցնել դրական նվաճումները: Չափից դուրս պինդ գրկախառնություններն այստեղ հանգեցնում են իրար քիթ ջարդելու:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, իմ կարծիքով մարդկային ցեղի «ձեվավորման» ժամանակներից հազար անգամներ ցեղերի, ապա ժողովուրդների ու հետո նաեվ տարբեր ազգությունների «պատնեշներ» քարուքանդ են եղել, եվ դրա հետեվանքով ձեվավորվել են նորերը «մեխանիկական» արշավանքների, սոցիալ տնտեսական, կրոնա մշակույթային, լեզվական եվ այլ իրադարձությունների հետեվանքով…նույնիսկ ԽՍՀՄ ում Լենինի օրհնված ձեռքով «ձեվավորվեցին» ազգություններ որոնց մասին աշխարհը չէր էլ լսել…ուզբեկները, ղազախները, թուրքմենները, ադրբեջանցիները…Իհարկե համաձայն եմ Ձեզ հետ որ «ազգային միջնապատը» քանդելը ուտոպիա էր, իսկ ինչը ուտոպիա չէր էդ պետությունում…իհարկե այն որ դարերով ստեղծված Ռուսական կայսրությունից մնաց տխուր հիշողություն դա փաստ է…
    Ես չեմ կարծում որ «խորհրդային ժողովուրդ» ստեղծելու գաղափարի վրա առանձնապես մեծ միջոցներ էին ծախսվում…իհարկե Բրոմլեյի գլխավորած ԽՍՀՄ ի Ազգագրությն ինստիտուտին էր վերապահված այդ «գիտական» կարեվոր հարցի «լուծումը», բայց իրականում այդ հարցով զբաղվում էր միայն ինստիտուտի էթնո սոցիլոգիայի սեկտորը, որի ղեկավարն էր Յուրի Հարությունյանը…ԽՍՀՄ ի տնտեսական վիճակը այդ տարիներին գահավիժում էր…
    Իհարկե Բալթիկայի կապիտալիսկան զարգացումը ապրած երկրների ժողովուրդներին «ընդհանուր հայտարարի» բերելը նորահայտ ազգայի միավորումների հետ անհնարին կլիներ, ինչպես դժվար է հասկանալ Աֆրիկայից ու Մերձավոր Արեվելքից գաղթականների միաձուլումը Արեվմտյան համեմատաբար բարձր սոցիալ տնտեսական ,եվ մշակույթային հասարակության հետ, էլ չհաշված կրոնական ծայրահեղ տարբերությունները…Եվ այնուամենայնիվ աշխարհը եվ մարդկային ցեղը գնում է առաջ… ինչպես մեր խորհրդային ժամանակների դասախոսն էր ասում «Ամերիկան դա մի խառնարան է (Melting pot) ուր տարբեր ազգերը…Եվրոպան էլ գնում է սոցիալ տնտեսական հիմքի վրա ժողովուրդների մերձեցման «ընդհանուր գաղափարին», թե դա լավ է թե վատ մեր ժողովրդի համար չգիտեմ, բայց կարծում եմ որ հարկավոր է լուրջ մտածել եվ ճիշտ կողմնորոշվել թե ում հետ պիտի լինենք…
    Հարգելի Արամ, կարծես Խրուշչովի անունը վրիպակ ունի…նրան Նիկիտա էին ասում…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930