Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչու է հրաժարական տվել վարչապետը

Ապրիլ 05,2014 14:55

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը եւ հրապարակախոս Հարություն Հարությունյանը:

Արամ Աբրահամյան.– Մենք ունենք շատ խորաթափանց եւ պայծառատես քաղաքական մեկնաբաններ եւ գործիչներ, որոնք ասում են, որ վարչապետի հրաժարականն իրենց համար անակնկալ չէր: Կարո՞ղ էր որեւէ մեկը կանխատեսել, որ այսինչ օրը տեղի կունենա այդ իրադարձությունը:

Ալեքսանդր Իսկանդարյան.– Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը, բացի 3-4 հոգուց, կարող էր դա կանխատեսել, օրվա հետ կապված՝ ոչ, բայց իրադարձությունը` այո, ընդհանուր առմամբ կանխատեսելի էր: Այն կարծիքը, որ վարչապետը եւ կառավարությունը չեն մնա մինչեւ նախագահության ավարտը, գերիշխող էր:

Ա. Ա.– Ձեզ համար է՞լ ոչ մի անսպասելի բան չկար: Դո՞ւք էլ չէիք կարծում, չէ՞, որ մինչեւ 2018թ. Տիգրան Սարգսյանի կառավարությունը կմնա:

Հարություն Հարությունյան.– Ինձ համար, անկեղծ ասած, միեւնույն էր` ինքը կմնար, թե ոչ, որովհետեւ ես 2010-2011թթ.-ից արդեն սպասում էի, արդեն պարզ էր, որ ինքը չի մնալու՝ վիճակից ելնելով: Այսինքն` հիմա չասենք, թե ինչպիսի վարչապետ էր, բայց որ «խազյայստվեննիկ» չէր՝ հստակ է: Մեզ մարդ է պետք, որը հետեւողական լինի այդ որոշումների հարցում եւ պահանջկոտ լինի: Հիմա ինձ համար տարբերություն էլ չկա, թե վաղն ում են նշանակելու, որովհետեւ համակարգն այնպիսին է, որ ում էլ նշանակեն, նույնն է լինելու:

Ա. Ա.– Որպես «խազյայստվեննիկ»՝ ո՞ւմ եք տեսել կամ տեսնում:

Հ. Հ.– Միգուցե հիմա փնտրենք եւ գտնենք այդ մարդկանց, ոչ թե մեկին, այլ մի քանիսին, բայց այս համակարգում, այս վիճակում, այս տեսակի նախարարների առկայության դեպքում ով էլ լինի, չի կարող ամբողջական աշխատել:

Ա. Ա.- Մեզ վարչապետ պետք է խազյայստվեննի՞կ, տնտեսագե՞տ, ֆինանսի՞ստ, թե՞ քաղաքական գործիչ, կամ գուցե՝ բռունցքը սեղանին խփող մա՞րդ:

Ա. Ի.– Ի՞նչ կարեւոր է, թե ինչպիսին է պետք: Կլինի մի մարդ, ով մոտավորապես կիրականացնի նույն տեխնիկական դերը, որը կարող է իրականացնել վարչապետը Հայաստանի նման երկրում: Դա միայն Հայաստանին չի վերաբերում, այլեւ ողջ հետխորհրդային տարածաշրջանին: Վարչապետը մեզ մոտ բավականին տեխնիկական ֆիգուր է, բայց ոչ «խազյայստվեննիկ»: Վարչապետը թիմի անդամ է, ով որոշումներ է իրականացնում իր քաղաքական հնարավորությունների սահմանում: Վարչապետը եւս մի ֆունկցիա ունի, եւ անձամբ Տիգրան Սարգսյանն իրականացնում էր այն. դա փող որոնելն էր: Ճգնաժամ էր, եւ ժամանակակից աշխարհում պետք էր գտնել հեշտ փողեր:

Ա. Ա.- Ես մի տեղ կարդացի, որ վարչապետի հրաժարականը «հրաշալի քառյակի» եւ քաղաքացիական հասարակության հաղթանակն է: Համաձա՞յն եք:

Հ. Հ.– Գիտեք, այստեղ 50/50 է: Ասել` հաղթանակն է՝ չէ, բայց երբ որ կա պայքարող հասարակություն, ընդվզում, դա ազդում է իշխանությունների վրա: Այս դեպքում քաղաքական ուժերը եւ հասարակությունը ես նույն հարթության վրա եմ դնում, որովհետեւ նրանք իրար հետ միասին էին պայքարում:

Ա. Ա.– Հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը վախեցել է, որ ապրիլի 28-ից 3 օրուգիշեր կլինեն հանրահավաքներ՝ հենց վարչապետի, կառավարության հրաժարականով, եւ որոշել է մեղմել այդ դժգոհությունը:

Ա. Ի.- Ես սովոր եմ հեռուստադիտողին տհաճ բաներ ասել եւ դա համարում եմ իմ գործառույթը: Չեմ կարծում, որ այս հրաժարականը որեւէ կապ ունի այդ ակտիվության հետ` ոչ դասական քաղաքական կուսակցությունների, ոչ էլ, այսպես կոչված, քաղաքացիական ակտիվության հետ: Այսպես կոչված, քանի որ կարծում եմ՝ քաղաքացիական ակտիվությունն այդտեղ ավելի շատ քաղաքական բողոքի տեսակ է: Այս հրաժարականը մտածված էր վաղուց ու մտածված էր մի մարդու ուղեղում: Կարծում եմ՝ նա արդեն գիտի, թե ով է լինելու հաջորդ վարչապետը: Չեմ կարծում, որ այս հրաժարականը կապ ունի ներքաղաքական իրավիճակի հետ: Չկա էնպիսի քաղաքական ուժ, որ կարող է ստիպել կառավարությանը գնալ զիջումների, նման պոտենցիալ չկա:

Ա. Ա.– Այնուամենայնիվ` քաղաքական 4 կուսակցությունների մեջ կարո՞ղ է լինել ինչ-որ պառակտում այն հողի վրա, որ մի մասը կասի` լավ է, վարչապետին հանեցիք, մյուս մասը կասի` չէ, ուզում ենք նաեւ նախագահն էլ հրաժարական տա:

Հ. Հ.– Ես կարծում եմ, որ դա լինելու է, որովհետեւ ի սկզբանե, օրինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ կարծես թե Դաշնակցությունը խնդիրը դնում էին վարչապետի մասով: Կարծում եմ, որ հնարավոր է, կապված է, թե ինչպիսի օրակարգ կձեւակերպեն առաջիկայի համար:

Ա. Ա.- Արդեն հայտարարվեց, որ Ռոբերտ Քոչարյանը չի լինելու վարչապետ եւ ԲՀԿ-ական չի լինելու, ըստ երեւույթին՝ կլինի Հանրապետականի աջակցությունը վայելող անձ:

Ա. Ի.- Իսկ ի՞նչ է, ինչ-որ մեկը կասկա՞ծ ուներ: Չեմ կարող ասել՝ հենց Հանրապետական կուսակցության անդամ կլինի՞, թե՞ ոչ: Ամեն դեպքում Սերժ Սարգսյանը չունի որեւէ պատճառ ընդառաջ գնալու մի ուժի, որը որեւէ վտանգ չի ներկայացնում:

Քննարկումն` ամբողջությամբ

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930