Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ներսիսյանն իրականացրեց հոր երազանքը

Ապրիլ 05,2014 14:15

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 3-ին կայացավ Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» ողբերգության պրեմիերան: Թատերական աշխարհում ձեւավորված կարծիք կա, թե շեքսպիրյան ներկայացումները ցանկացած թատրոնի համար անձնագրի դեր են կատարում: Իսկապես, եթե թատրոնը չունենա բարձրակարգ արտիստներ, ապա գործնականորեն չի կարող Շեքսպիր հաղթահարել:
Անգլիացի հանճարեղ ողբերգակի բարդագույն քրոնիկներից հիշյալ ներկայացումը ինքնատիպ էր:

Բեմադրիչ Արթուր Սահակյանի եւ գլխավոր դերակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանի մասնակցության փաստը (լուսանկարում) հենց սկզբից (ներկայացման փորձերը ընդմիջումներով տեւել են շուրջ 1 տարի) խոստանում էր ցայտուն արտահայտված ինքնատիպ ներկայացում, թեեւ կային այլ կարծիքներ եւս, որովհետեւ Արթուր Սահակյանը բեմադրություններ է իրականացրել դրամատիկական եւ «Գոյ» թատրոններում, այդուհանդերձ, նա առավել հայտնի է շոու-բիզնեսի ոլորտի աշխատանքներով («Mea culpa», «Խաթաբալադա» եւ այլն): «Ռիչարդ Երրորդ» բեմադրության գլխավոր բաղադրիչները՝ ռեժիսորական ընդհանուր աշխատանքը եւ գլխավոր դերակատարումը իրականացված էին ամենայն մանրախնդրությամբ եւ բարձր պրոֆեսիոնալիզմով, ինչ-որ տեղ անսովոր բեմական հնարքների ազատ օգտագործմամբ: Ողջ բեմադրության ժամանակ հնչող երաժշտական լեյթմոտիվը նույնպես Արթուր Սահակյանինն էր, ընդ որում՝ ծայրաստիճան օրիգինալ եւ համահունչ ներկայացմանը:

«Առավոտը» չի հավակնում թատերագիտական վերլուծություն ներկայացնելուն, ավելին՝ համեմատություն անցկացնել, օրինակ՝ 1970-ականների վերջին այս ներկայացման Հրաչյա Ղափլանյանի «ընթերցման» եւ գլխավոր դերակատար Լեւոն Թուխիկյանի միջեւ: Նման հավակնություններ ունեցողներին հուշենք, որ «Կուլտուրա» հեռուստաալիքով ապրիլի 6-ին կցուցադրվի ռեժիսոր Կոնստանտին Ռայկինի «Ռիչարդ Երրորդը»: Մանավանդ՝ Մայր թատրոնի այս ներկայացման հանձնումից հետո խոսվում էր, որ այն տեւողությամբ երկար է (առաջին մասը՝ մեկուկես ժամ, 2-րդը՝ փոքր-ինչ կարճ): Այս առիթով, մեր խորին համոզմամբ, բանավիճելը նույնիսկ տեղին չէ, քանի որ տարբեր բեմադրիչների գերնպատակն է հեղինակի ասելիքը տեղ հասցնելը: Իսկ թե դա իրականացնելու համար այս կամ այն ռեժիսորին ինչքան ժամանակ է հարկավոր՝ իր խնդիրն է: Նշենք նաեւ, որ Ռայկինի «Ռիչարդի» տեւողությունը շուրջ 2 ժամ է:

Անդրադառնալով Մայր թատրոնի ներկայացմանը, վստահ ենք, որ սահակյանական ռեժիսուրայով կոնկրետ Տիգրան Ներսիսյանի դերակատարումը համալրելու է 90-ամյա Մայր թատրոնի պատմության մեծանուն դերասանների շեքսպիրյան դերակատարումների փառահեղ շարքը: Դրա համար, կարծում ենք, մեկ փաստն էլ բավարար է. Տիգրան Ներսիսյանին այստեղ առաջին անգամ հանդիպեցինք տեմբրային նոր որակով (ձայնային հնչերանգի ելեւէջների հեգնաշունչ հնչողություն), ինչը մինչ այսօր չի օգտագործվել մեզ հայտնի, այդ թվում՝ ռուսական «ռիչարդների» մոտ, որը հիանալի «սազում» էր Ռիչարդ-սրիկայի կերպարին:
Ներկայացման նկարչական ձեւավորման (բեմանկարչությունը՝ Վահագն Թեւանյանի) եւ զգեստների հեղինակի (Մերի Սարգսյան) առիթով, համոզված ենք, մեր հիացմունքին կմիանան մասնագետները նույնպես:

Ներկայացմանն ընդգրկված էր մեծ թվով դերասանակազմ՝ շուրջ 30: Առանձնացնենք կանանց կերպարները հաջողությամբ ներկայացրած ՀՀ վաստակավոր արտիստներ Նելլի Խերանյանի (Էլիզաբեթ թագուհի), Գայանե Մկրտչյանի (Յորքի դքսուհի), Ջուլիետա Ստեփանյանի (Մարգրեթ), Մարիամ Դավթյանի (լեդի Աննա) անունները, որոնց, ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, նկատել էր նաեւ ներկայացումն ընդունող թատրոնի գեղարվեստական խորհուրդը (նախագահ՝ կինոգետ Դավիթ Մուրադյան)՝ մարտի 28-ին կայացած դիտմանը: Ինքնատիպ էր ՀՀ վաստակավոր արտիստներ Ալբերտ Սաֆարյանի (դուքս Բուկինգհամ), Ռազմիկ Խոսրոեւի (Էդվարդ թագավոր), Կարեն Ջանգիրովի (դուքս Կլարենս), Արամ Հովհաննիսյանի (լորդ Քեթսբի) եւ երիտասարդ դերասանների խաղը:

Նշենք նաեւ Մայր թատրոնի դահլիճի ակուստիկայի խնդրի առնչությամբ արդեն տասնամյակներ շարունակ ընթացող խոսակցությունը, ինչն, ի դեպ, մշտապես թե մասնագետների եւ թե հանդիսականի կողմից հաճախ դժգոհությունների առիթ են ստեղծում: Այս հարցին անդրադարձել էր նաեւ թատրոնի գեղարվեստական խորհուրդը: Ոմանք նշում են, թե այս կամ այն դերասանը, ջանալով խոսքը հասցնել մինչեւ դահլիճի վերջը, սկսում է բղավել, մյուսները, եթե չեն բղավում, ապա չեն լսվում եւ այլն: Սրանք, իհարկե, զուտ տեխնիկական խնդիրներ են, որոնք Մայր թատրոնի դեպքում պետք է վաղուց լուծում ստացած լինեին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. Գ. «Ռիչարդ Երրորդը» նվիրված է մեծանուն դերասան Բաբկեն Ներսիսյանի հիշատակին: Ասում են՝ Վարդան Աճեմյանը պատրաստվում էր դերասանին ներկայացնել նրա երազած Ռիչարդ Երրորդի կերպարով, սակայն ինչ-ինչ պատճառներով դա տեղի չի ունեցել:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930