Օրերս Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում կայացավ երիտասարդ կոմպոզիտոր, դաշնակահար, հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլի գեղ. ղեկավար, Լոնդոնի Արքայական երաժշտական ակադեմիայի կոմպոզիցիայի բաժնի մագիստրոս Արփինե Կալինինայի ստեղծագործական համերգը` նվիրված Եղիշե Չարենցին:
Համերգի կազմակերպիչներն էին ՀՀ դեսպանությունը Միացյալ Թագավորությունում, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Մեծ Բրիտանիայի Հայոց թեմը եւ Բրիտանահայ համայնքային խորհուրդը: Բացման խոսքով ելույթ ունեցավ Բրիտանահայ համայնքային խորհրդի անդամ, Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Սարգսյանը:
Չարենցի պոեզիան Ա. Կալինինայի վոկալ-գործիքային ստեղծագործությունների առանցքն է. նրա վոկալ ստեղծագործությունների մեծ մասը գրված է չարենցյան տեքստերով: Համերգի սկզբում կոմպոզիտորը հակիրճ ներկայացրեց Եղիշե Չարենց բանաստեղծին եւ նրա դերն իր ստեղծագործական կյանքում:
Հնչեցին Ա. Կալինինայի ռոմանսները, տրիոն եւ հատվածներ «Երկու Արեւ» օպերայից: Երիտասարդ կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարում էին բրիտանացի տաղանդավոր երաժիշտներ` Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայի ուսանողներ Քիրսթի Մ. Անդերսոնը (սոպրանո) եւ Գրեգ Բարքերը (սաքսոֆոն), դաշնամուրի պարտիան կատարում էր կոմպոզիտորը:
Բրիտանացի երաժիշտները վարպետորեն կատարեցին Ա. Կալինինայի ստեղծագործությունները, իսկ սոպրանո Ք. Անդերսոնը մեծ սիրով ու խանդավառությամբ երգեց հայերեն: Համերգը երաժշտության եւ պոեզիայի միահյուսում էր. յուրաքանչյուր կատարումից առաջ կոմպոզիտորն ընթերցում էր տվյալ ստեղծագործության հիմքում ընկած չարենցյան բանաստեղծությունները:
Կոմպոզիտորն անդրադարձավ նաեւ Եղիշե Չարենց -Կոմիտաս ոգեղեն կապին` ընթերցելով հատված Ե. Չարենցի` «Կոմիտասի հիշատակին» պոեմից` ապաեւ կատարելով իր դաշնամուրային իմպրովիզացիաները` ըստ Կոմիտասյան մեղեդիների:
Կարդացեք նաև
Համերգին ներկա էին Գերաշնորհ սրբազան հայր Վահան Հովհաննիսյանը, արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանը, ՀՀ դեսպանության խորհրդական Արա Մարգարյանը, Համայնքային խորհրդի ատենապետ Արա Փալամուդյանը: Ուշագրավ է, որ համերգին ներկա էր նաեւ Ե. Չարենցի ծոռնուհին` Սոնա Ջեռահյանը:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ