Հարցազրույց դերասանուհի Սիրանուշ Եսայանի հետ
– Սիրանուշ, Ձեր ազգում դերասաններ կամ արվեստագետներ եղե՞լ են:
– Ոչ, միայն անունս է առնչվում մեծ դերասանուհու հետ: Դեռ 20-րդ դարասկզբին, տատիկիս հայրը, որը զինվորական էր եւ այդ ժամանակ պաշտոնավարում էր Պետերբուրգում, դիտել է Սիրանույշի խաղը եւ վերադառնալով հայրենիք, իր աղջկա` տատիկիս ծնունդի կապակցությամբ, տատիկիս կոչել է իր սիրած դերասանուհու անվամբ` ում խաղով հիացած է եղել: Ես էլ կրում եմ տատիկիս ու թատրոնի թագուհի Սիրանույշի անունը:
– Իսկ ինչպե՞ս որոշեցիք արվեստի բնագավառ գալ:
– Ես, այնպես չէ, որ դեռ մանկուց եմ երազել դերասանուհի դառնալ: Գիտակից տարիքում որոշում կայացրեցի` 10-րդ դասարանի վերջերին եւ շատ անսպասելի էր իմ որոշումը՝ թե իմ, թե ընտանիքիս անդամների համար… Գնացի եւ չսխալվեցի: Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, նվիրումով եմ կատարում իմ գործը:
– Ասում են՝ դերասան լինելու համար տաղանդն ավելի կարեւոր է, քան համապատասխան կրթությունը…
– Ավարտել եմ «Հայֆիլմի» կինոդերասանական ստուդիան, այնուհետեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի դերասանառեժիսորական ֆակուլտետը: Կուրսի ղեկավարը Վահե Շահվերդյանն էր, որի հրավերով 1997-ից աշխատում եմ Սունդուկյանի անվան պետական թատրոնում՝ որպես դերասանուհի: Հուսով եմ՝ պատասխանս արտահայտեց կարծիքս:
– Ի՞նչ դերեր եք խաղացել թատրոնում:
– Խաղացել եմ շուրջ երկու տասնյակ մեծ ու փոքր դերեր` Հեկաբե` «Տրոյայի կանայք», Օրիորդ Անիչկա` «Ես մի ծառ եմ ծիրանի», Ներքին գործող նախարարուհի` «Եղեգնուհի», Անիկո` «Կովկասի կավճե շրջան», Օրիորդ Պետինքտոն` «Ստախոս կինը», Բուժքույր` «Տրամվայ ցանկություն», Վհուկ` «Արշակ Երկրորդ» եւ այլն: Մասնակցել եմ հյուրախաղերի եւ տարբեր փառատոների:
– Դուք նաեւ նկարահանվել եք մի շարք հեռուստանովելներում:
– Այո, «Ռուզանի սիրտը», «Աննա», «Որբեր», «Մի կաթիլ մեղր», «Վերվարածներ», «Տնփեսա», «Քաղաքում»:
– Իսկ ինչպիսի՞ն եք կյանքում:
– Պապերս մշեցի են: Ես էլ խենթ եմ` մշեցու հախուռն խառնվածքով: Ունեցել եմ բավականին դժվար կյանք, բայց միշտ եւ ամեն ինչում, եւ ամեն մեկի մեջ լավն եմ փնտրել:
– Ի՞նչ սպասումներ ունեք այս տարուց:
– Ապրում եմ մորս հետ, դեռ ամուսնացած չեմ, ունեմ սիրելի տղամարդ, երազում եմ մայրանալ` այս տարվա իմ ամենաքնքուշ ցանկությունն է:
Իսկ մասնագիտական ոլորտում`առաջիկայում պատրաստվում ենք խաղալ պրեմիերա՝ «Ռիչարդ 3-րդ»՝ Արթուր Սահակյանի բեմադրությամբ: Ես խաղալու եմ Մարդասպան Լովել: Բարի երթ մեր պրեմիերային ու բոլորին: Մի խոսքով, երջանկություն եմ կանխազգում:
Զրուցեց ՎԻԿՏՈՐՅԱ ՓՈՇՈՏՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ