Լրահոս
Օրվա լրահոսը

Թրանսփարենսի Ինթերնեշնլը՝ բնապահպանության նախարարի կողմից էթիկայի կանոնները խախտելու փաստի վերաբերյալ

Ապրիլ 04,2014 20:00

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել և քննության առնել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից Էթիկայի կանոնները խախտելու փաստը:

Հիշեցնենք, որ ս.թ. մարտի 25-26-ին Երևանում անցկացվող «Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով միջազգային կոնֆերանսի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ բնապահպան ակտիվիստների և ՀՀ բնապահպանության նախարար Ա.Հարությունյանի միջև: «Անպատասխանատու» որակելով Հայաստանում իրականացվող հանքարդյունաբերությունը՝ բնապահպան ակտիվիստները միջոցառման դահլիճում կազմակերպել են բողոքի ակցիա՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Հայաստանի հանքարդյունաբերության և դրա նկատմամբ ՀՀ բնապահպանության նախարարության անարդյունավետ վերահսկողության առնչությամբ: Ի պատասխան ակցիայի մասնակիցների հնչեցրած կարծիքների՝ նախարարը սպառնացել է ակցիայի մասնակիցներից մեկին, ասելով. «Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ»:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը սահմանում է հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի Էթիկայի կանոնները, այդ թվում՝ հարգել օրենքը և ենթարկվել օրենքին, իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել իր պաշտոնին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից վիրավորանք պարունակող արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցնելը բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող հանրային ծառայողին  ոչ հարիր վարքագիծ է և էթիկայի կանոնների կոպիտ խախտում, որպիսի պարագայում վտանգվում Է նաև հարգանքի և վստահության ձևավորումը նրա ներկայացրած մարմնի նկատմամբ:

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930