«Հայերին հերթական անգամ փորձում են աշխարհաքաղաքական խաղերի մեջ մանրադրամ սարքել եւ դրա միակ պատճառն այն է, որ մենք չունենք լեգիտիմ իշխանություն, որը կարող է պետական շահը առաջ տանել»:
Այս մասին այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` Վանաձորում կազմակերպած հանրային նախահավաքի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններին:
Րաֆֆի Հովհաննիսյանը եւս նշեց, որ մինչ Հայաստանը խղճուկ, ոչ լեգիտիմ, ոչ իրավական վիճակի մեջ է, թե Քեսաբի, թե ցեղասպանության, թե Արցախի հարցը օդում կախված են մնալու:
«Ակնհայտ է, որ Քեսաբը հայաթափվեց, կարող է զոհ չի եղել, բայց թուրքական զորքի գործուն մասնակցությամբ պատմական հայկական տարածքը նաեւ հայաթափվել է, եւ ողջ հայության ուժերով ամեն ինչ պիտի արվի, որ քեսաբցին վերադառնա իր հայրենի քաղաքը եւ գյուղը: Մինչեւ մենք չունենանք ամուր, իրավական, ժողովրդավարական երկիր, մենք պիտի չկարողանանք հետապնդել մեր ազգային շահը, փրկել մեր հայրենակիցներին տարբեր վտանգներից: Եթե այսպես շարունակվեց` թանկացումներ, գազային դավադրություններ, արտագաղթ, աղքատություն, քանի Հայաստանը այս խղճուկ, ոչ լեգիտիմ, ոչ իրավական վիճակի մեջ է, թող ոչ մեկը չմտածի, որ հաջորդ տարի աշխարհը ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով պիտի ճանաչի այն կամ Արցախը պիտի ճանաչվի աշխարհի մեծերի կողմից»,-նկատեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ