Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ում կա՞ վարչապետի թեկնածու. Վարդան Բոստանջյանի կարծիքը (Տեսանյութ)

Ապրիլ 04,2014 17:11

ՀՀ ԿԲ նախկին նախագահ  Բագրատ Ասատրյանն այսօր «Հայելի» ակումբում մի քանի  ցուցանիշներ ներկայացրեց, թե ինչ վիճակում է Հայաստանի տնտեսությունը հայտնվել արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ: Պարոն Ասատրյանի խոսքերով` 2008 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր 11 միլիարդ 916 միլիոն դոլար, 2013-ին` 10 միլիարդ 300 միլիոն դոլար, մոտ 10%-ի անկում 5 տարիներին. «Բոլորս աղքատացել ենք, այսօր մենք ունենք ավելի շատ խնդիրներ եւ ավելի սուր են դրված այդ խնդիրները, քան 6 տարի առաջ»:

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ 2008-2009 ու հաջորդ տարում համաշխարհային տնտեսական ճգնաժամ էր, պարոն Ասատրյանն ասաց. «Իհարկե կար ճգնաժամ, բայց առաջինը մեր ուղեղներում է ճգնաժամը, ամբողջ աշխարհում եղել է ճգնաժամը, բայց բոլոր երկրները զարգանում են, իսկ մենք մնում ենք նախաճգնաժամային մակարդակի վրա»:

Ըստ Բագրատ Ասատրյանի, Տիգրան Սարգսյանը ՀՀԿ անդամ դարձավ վարչապետ նշանակվելուց հետո,  խայտառակ բացասական երեւույթ է. «Այսինքն` հանրապետությունում չկա քաղաքական ուժ, որն իրեն պատասխանատու համարի առկա գործընթացների համար: Հանրապետական կուսակցությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում: Մեր պրոբլեմը վարչապետի անձի պրոբլեմը չէ, մեր պրոբլեմը քաղաքական համակարգի պրոբլեմն է: Իշխող  քաղաքական ուժն է, որ հավաքագրել է փողատերերի, հաստ գրպանով մարդկանց. եթե այդպիսի քաղաքական ինտելեկտով մարդկանց հավաքագրեին այդ անվան տակ, իհարկե, մեր վիճակն ավելի լավ պետք է լիներ»:

Պարոն Ասատրյանի կարծիքով՝ մեր երկրում մտածող մեկ անձ կա, 2-րդին թույլ չեն տալիս մտածել: Մանրամասն՝ տեսանյութում

 ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ ասաց, որ եթե հանկարծ ինքը նորից լիներ պատգամավոր, ապա օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգար, եւ ապրիլի 3-ը կմտցներ  տոների ու հիշատակների օրերի մեջ, որպես հայ իշխանության թշվառության օր. «Տեսեք էդ վիճակը, ոչ մեկը չի հասկանում ինչ է խոսում, ինչի համար է տեղի ունենում. սկզբից նիստ, հետո…»:

Պարոն Բոստանջյանի խոսքերով` «Ինչ վերաբերում է վարչապետի հեռացմանը, երեւի թե ավելի վաղ նա տրամադրված էր հեռանալու, բայց նրան չէին թողնում: Հասարակությունը շատ չխորանալով մտածում է, մեր բոլոր անհաջողությունների պատճառը այդ ֆիզիկական անձն է, իսկ իրականում հասկանալի է չէ՞, թե՞ ես պարզ չեմ խոսում: Հիմա չպետք է մտածել` թե ով կլինի, մտածենք համակարգային փոփոխության վերաբերյալ, որը կբերի երկրի կառավարման արդյունավետության բարձրացմանը: Պետք են այնպիսի մարդիկ, որոնք կնվիրվեն մեր կենսամակարդակի, մեր բարօրությանը»:

Aravot.am_ի այն հարցին, թե ԲՀԿ-ում կա՞ նման մարդ, պարոն Բոստանջյանն ասաց` ԲՀԿ-ին հարցրեք: Երբ մենք Վարդան Բոստանջյանին հիշեցրինք, որ ինքը եւս ԲՀԿ անդամ է, տնտեսագետը սկսեց նորից թվարկել մարդկային այն բարձրագույն արժեքները, որով, ըստ Բոստանջյանի, պետք է օժտված լինի ՀՀ վարչապետը:

Aravot.am-ի այն դիտարկմանն էլ, որ կարծիք կա, որ Հայաստանում վարչապետ են նշանակում կամ ԵՄ-ից կամ Ռուսաստանից, եւ արդյոք այս պարագայում հնարավորություն կա՞  Բոստանջյանի մատնանշած անձնավորությանը ինքնուրույն նշանակել վարչապետ, պարոն Բոստանջյանն ասաց, որ այո, Հայաստանն այնպիսի պետություն է, որ պետք է հաշվի առնի դրսի ուժերի կամքը, բայց նաեւ պետք է կարողանա այնպիսի դիվանագիտություն կիրառել, որը կլինի ի շահ Հայաստանի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930