«Այստեղ վարչապետը նշանակվելու է Ռուսաստանի Դաշնության ազդեցությամբ: Այստեղ կարեւոր է ոչ թե այն, թե ով է լինելու վարչապետ, այլ՝ թե ինչքանով է նա նվիրված լինելու Մաքսային միությանը: Փաստն այն է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչքան էլ ասում էր, որ ինքը կողմնակից է Մաքսային միությանն անդամագրվելուն, այնուամենայնիվ, բոլորն էլ գիտեն, որ նա կողմնակից էր նաեւ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրին: Եվ ահա նոր վարչապետը ով էլ լինի, նա պետք է համապատասխանի ՌԴ-ի առաջարկին: Ըստ այդմ էլ կձեւավորվի նոր կառավարությունը: Այստեղ արդեն էական էլ չի՝ կլինի կոալիցիոն կառավարություն, թե հանրապետականները կլինեն: Դա կլինի մեկը, ով ՌԴ նախագահի հավանությանը կարժանանա»,- ապրիլի 4-ին Aravot.am-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակն այսպես մեկնաբանեց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Մենք ճշտեցինք, այսինքն՝ մեր վարչապետին կնշանակի Պուտի՞նը՝ Արմեն Բադալյանը պատասխանեց. «Ոչ թե կնշանակի, այլ իր կարծիքը շատ մեծ նշանակություն կունենա վարչապետի նշանակման հարցում: Ի վերջո չմոռանանք, որ Հայաստանն անկախ երկիր է, բայց մենք գիտենք, որ հիմա եւ մայիսին, երբ Հայաստանն ամբողջովին կլինի ՄՄ անդամ, փաստացի վերածված կլինի ՌԴ-ի վարչատարածքային միավորի: Այստեղ շատ ավելի մեծ է լինելու ՌԴ նախագահի ազդեցությունը: Թե կոնկրետ որ նախարարն ինչ պաշտոն կստանձնի՝ դա էական չէ: Հնարավոր է եւ կոալիցիոն լինի, հնարավոր է՝ ոչ»:
Մեր հարցին՝ հաշվի առնելով, որ ԲՀԿ-ի կազմակերպած նախաձեռնությունների գլխավոր թեման ի սկզբանե կառավարության ղեկավարի հրաժարականն էր, ինչը եղավ, հիմա հնարավո՞ր է ԲՀԿ-ն նորից կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ՝ Արմեն Բադալյանը պատասխանեց. «Ինչքան ես գիտեմ, ԲՀԿ-ի նպատակը միայն կառավարությունը ցրելը չէր, այլ կառավարության կողմից իրականացված տնտեսական քաղաքականության փոփոխությունն էր: Եթե ընդունենք, որ այդ տնտեսական քաղաքականությունն իրականացնողը Տիգրան Սարգսյանն էր, ապա կարող ենք ասել, որ ԲՀԿ-ն այս պահին իր նպատակներին հասել է եւ կառավարությունը հրաժարական է տվել: Իսկ հետագայում կկազմի կոալիցիա նորից ՀՀԿ-ի հետ, թե չէ՝ դա ցույց կտա կյանքը: Եթե նոր կառավարությունը որդեգրի այնպիսի քաղաքականություն, որը համահունչ կլինի ԲՀԿ տնտեսական քաղաքականությանը, ապա չի բացառվում, որ լինի կոալիցիոն կառավարություն: Դա հետոն ցույց կտա»:
Ըստ Արմեն Բադալյանի, վարչապետի ամենահավանական թեկնածուն այն թեկնածուն է, որը կստանա ՌԴ նախագահի աջակցությունը: Միայն այդ սկզբունքով կընտրվի, որովհետեւ այսօրվա դրությամբ Արեւմուտքի ազդեցությունը Հայաստանի վրա չնչին է, եթե չասենք՝ զրոյական: Այդ իսկ պատճառով վարչապետի հավանական թեկնածուն այն թեկնածուն է, ում հարմար կգտնի Վլադիմիր Պուտինը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ AFP/Getty Images-ի