Հունիսի 20-ից Հայաստանում կմեկնարկի իր տեսակով աննախադեպ՝ հոգեւոր ֆիլմերի եւ արդի արվեստի միջազգային «Ֆրեսկո» փառատոնը, որը նախաձեռնել են «Ֆորմիկա Արտ Փրոդաքշն» կազմակերպությունը եւ «Ծիածան» հասարակական կազմակերպությունը՝ Արարատյան հայրապետական թեմի օրհնությամբ: Երեկ այդ մասին Նկարիչների միությունում հայտարարեցին փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն, փառատոնի հոգեւոր խորհրդատու տեր Եսայի քահանա Արթենյանը, համակարգող Աննա Կարապետյանը եւ մամուլի հետ կապերի պատասխանատու Մանե Մադոյանը:
Արդեն մասնակցության հայտ է ներկայացրել 300 ֆիլմ` 25 երկրից: www.fresco.am էլեկտրոնային հարթակը հնարավորություն կտա առցանց հետեւել իրադարձություններին: Ֆիլմերը կցուցադրվեն բոլոր մարդաշատ վայրերում, Երեւանի եւ մարզերի անվճար ցուցասրահներում, ճամբարներում, Կարապի լճի տարածքում, եկեղեցիների դահլիճներում եւ բակերում: Նախատեսված են նաեւ մասնագիտական քննարկումներ: Ֆիլմերը կցուցադրվեն նաեւ Ախթալայում, Օձունում, Տաթեւում: Մասնակցում են բոլոր այն ֆիլմերը, որոնք մարդասիրություն են քարոզում: Տեր Եսայու խոսքով. «Երբ լսում են հոգեւոր ֆիլմերի փառատոն արտահայտությունը, արձագանքը միանշանակ չի լինում: Կարծում ենք՝ պետք է խոսել հոգեւոր, մարդկային, բարոյական արժեքների մասին: Կամաց-կամաց հասունացավ գաղափարը Հայաստանում նման փառատոն անցկացնելու մասին: Ուզում ենք նաեւ ռեժիսորներին ու ֆիլմարտադրողներին հուշել, որ քրիստոնեական արժեքներ քարոզող, բարոյական խնդիրներ քարոզող ֆիլմեր շատ արտադրեն»: Փառատոնի կազմակերպիչներից Մանե Մադոյանը հավելեց, որ փառատոնի առանձնահատկություններից մեկն էլ սահմանափակ կարողություններով անձանց հետ համագործակցությունն է: Խուլուհամրերի համար կապահովվի թարգմանություն: Փառատոնը չունի որեւէ ֆինանսավորում, ամեն ինչ արվում է կամավորների ուժերով եւ ընկերների աջակցությամբ: Շահեն Նազարենկոյի ասելով, մարզերում փառատոնի անցկացման ընթացքում մասնակիցները կապրեն վրաններում, իսկ երեկոյան խարույկի շուրջ ակտիվ քննարկումներ կլինեն:
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ